Վարդան ԱՍՑԱՏՐՅԱՆ

ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ

և մարդու իրավունքների արևմտյան հայեցակարգը


 

(Սկիզբը «Ավանգարդի» թիվ 57-60-ում)

Այս աշխուժացումը թույլ է տալիս պնդել, որ ժամանակակից համաշխարհային իրավիճակի բնութագրական առանձնահատկություններից մեկը կրոնների ակտիվացումն է: Այդ ակտիվացումը (կրոնների վերածնունդը) տեղի է ունենում տարբեր ձևերով` կախված կրոնի և դրա տարածման տարածքի առանձնահատկությունից: Այն մասնավորապես արտահայտվում է հասարակական կյանքում, այդ թվում նաև` քաղաքականության մեջ նրա մասնակցության աճով: Կրոնական գիտակցության կրողներն ու արտահայտողները դառնում են հանրային քննարկումների և քաղաքական գործընթացների ակտիվ մասնակիցներ:

Մարդկանց մոտ հարց է առաջանում, թե որքանո՞վ է մարդու իրավունքների ժամանակակից միջազգային հայեցակարգը համաձայն մարդու և աշխարհում նրա տեղի մասին Աստծո ծրագրի հետ, և որքանո՞վ է այն թույլ տալիս ուղղափառ ժողովրդին ապրել իր դավանած հավատքի համեմատ: Այսինքն, կարելի է ասել, որ որոշ առումով մարդու իրավունքների աշխարհիկ հայեցակարգը սկսում է հնանալ, չհամապատասխանել ստեղծվող նոր իրավիճակին:

Մարդու իրավունքների կիրարկում և բարոյականություն

Լուրջ հարցեր են կուտակվել մարդու իրավունքների կիրարկման ոլորտում, որոնք պարբերաբար ի հայտ են գալիս տարբեր մակարդակի քննարկումների ժամանակ: Դրանցից մեկը կապված է ազատություն հասկացության մեկնաբանման հետ:

Մարդու իրավունքների արժեհամակարգում ամենատարածված ու լայնորեն օգտագործվող հասկացությանը` մարդու արժանապատվությանը, մինչև օրս չի տրվել որոշակի սահմանում: Այն օգտագործվում է որպես մի աքսիոմա, թեև արդեն վաղուց է հասունացել դրա բովանդակության մասին խոսելու անհրաժեշտությունը: Չէ՞ որ հենց այս հասկացությունն առանցքային դեր ունի մարդուն և նրա իրավունքները ընկալելու գործում:

Մարդու իրավունքներն ամրագրում են որոշակի հնարավորություններ, որոնցից մարդը կարող է օգտվել իր հայեցողությամբ, այսինքն այդ իրավունքները պաշտպանում են միայն ընտրության իրավունքը, բայց գրեթե ոչինչ չեն ասում մարդու պատասխանատվության մասին (պահանջում են միայն չոտնահարել դիմացինի ընտրության իրավունքը): Արդյունքում անտեսվում ու անպաշտպան է մնում չարից ազատ ու զերծ լինելու մարդու իրավունքը, որը սովորաբար շարադրվում է բարոյական նորմերում: Ուստի, բարոյականությունը պետք է ընդունվի որպես դրական ազատություն: Բարոյականությունը պատասխանատու ընտրության արդյունքում գործելու արդեն իսկ իրականացված ազատությունն է: Ընտրության պատասխանատվությունը անձի ինքնասահմանափակումն է հանուն տվյալ անձի ու ամբողջ հասարակության բարօրության:

Բարոյականությունն ու ազատությունը մարդկային անձի անբաժանելի հատկանիշներն են, առանց որոնց մարդը կորցնում է անձնային էությունը և վերածվում մարդանման էակի: Օրենքն ի վիճակի չէ նախատեսել իրավական հարաբերությունների ամբողջ սպեկտրը, և ինքն իսկ որոշակի հենարանի կարիք ունի: Ուստի, հասարակության սոցիալական կազմակերպման կարևոր պարամետր և քաղաքացիների իրավագիտակցության ձևավորման գործոն է հանդիսանում հոգևոր-բարոյական առանցքը, որի կայունությունն ապահովում է հասարակությունը:

Մարդու իրավունքների հայեցակարգի շուրջ խոսք ասելու համար նախ հարկ է մանրազնին հետազոտել այն` իր արդի վիճակում: Քննարկման առարկա է նախ և առաջ հայեցակարգի հիմքում ընկած փիլիսոփայական գաղափարները, որոնք ազդում են վերջինիս զարգացման վրա:

Մարդու իրավունքների արդի հայեցակարգի կենտրոնական հասկացությունը «մարդկային արժանապատվությունն» է: Մարդու արժանապատվության պաշտպանության համար են ձևավորվում իրավունքներն ու ազատությունները: Դրանց շրջանակը աստիճանաբար ընդլայնվել է արևմտյան երկրների պատմական զարգացման ընթացքում` ընդգրկելով հասարակական կյանքի նորանոր ոլորտներ: Այդպես ի հայտ եկան քաղաքական, տնտեսական, մշակութային և սոցիալական իրավունքները: Այսինքն աստիճանաբար բացահայտվում են մարդու արժանապատվության նոր եզրեր: Վերջին տարիներին հատկապես սրվել են սեռերի միջև հարաբերությունների, մարդկային կյանքի կարգավիճակի, բիոէթիկայի հետ կապված հարցերը: Մի խոսքով ծնունդ է առնում մարդու իրավունքների մի նոր սերունդ` իրավունքներ, որոնք կապված են այն բանի սահմանման հետ, թե ինչ է մարդը իր բնության մակարդակում: Այս իսկ պատճառով այսօր խիստ կարևորվում է «մարդկային արժանապատվություն» հասկացության պարզաբանումը:

Այդ հասկացությունը ենթադրում է նախ, որ անհատն օժտված է արժեքով և երկրորդ, որ այդ անհատի վարած կյանքն արժեքավոր է: Քրիստոնեական ընկալմամբ խիստ կարևոր է համապատասխանությունն արժանապատվության այս երկու նիստերի միջև: Համաձայն քրիստոնեական ուսմունքի` մարդն արժեքով օժտված է, քանի որ նա արարված է Աստծո պատկերով ու նմանությամբ: Միաժամանակ Աստված առանձնացրեց մարդուն մյուս արարածներից և օրհնեց` այսինքն ցանկացավ-սահմանեց մարդու համար բարօրություն: Այսպիսով մարդու արժեքը որոշվում է նաև Աստծո աչքում նրա ունեցած արժեքով:

Անգամ մարդու մեղսագործությունը չսասանեց Աստծո աչքում մարդու ունեցած արժեքը: Նա ոչ թե ոչնչացրեց մարդուն, այլ անում է ամեն բան նրան փրկելու` այսինքն վերադարձնելու համար նրան իր նախնական կոչմանը: Մինչև մեղսագործությունը մարդը ոչ միայն ակամա օժտված էր արժեքով, այլև կամավոր կերպով այդ արժեքին համապատասխան կյանքով էր ապրում: Մարդու խնդիրն էր աճել-հասունանալ այդ արժանապատվության մեջ: Իր կյանքի գործընթացում մարդը պետք է ավելի ու ավելի նմանվեր Աստծուն:

Մեղսագործությունը չփոխեց այդ խնդիրը, սակայն այն դարձրեց մարդու համար անկարելի առանց Աստծո օգնության: Սակայն մարդը` կամենալով առանց Աստծո հասնել կատարելության, կորցրեց իր ստեղծագործական գործունեությունը սնող ակունքի հետ ունեցած կապը: Մարդը դադարեց համապատասխանել իր բնության արժեքին, ի վերուստ իրեն տրված ակամա արժեքը կամովի չիրացրեց իր կյանքում, ուստի և նշանակալի չափով կորցրեց իր արժանապատվությունը, և այժմ նրա մեծագույն նպատակն է վերադարձնել կորսվածն ու ավելացնել այն: Ուրեմն, մարդու ոչ բոլոր արարքները կարող են համապատասխանել այն նորմերին, որոնք Աստված արարման ժամանակ դրել էր մարդու մեջ: Այստեղից հետևում է, որ կան գործողություններ, որոնք չենք կարող ամրագրվել մարդու իրավունքների ու ազատությունների շարքում: