Անհետացել են վթարից տուժածների գումարները


 

Վերջերս մայրաքաղաքի Դավիթ Բեկի փողոցում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարը ողբերգական վախճան էր ունեցել. «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաների բախվելու հետևանքով «ՎԱԶ-21214»-ի ուղևոր Սամվել Ա.-ն տեղում մահացել էր, իսկ նույն ավտոմեքենայի ուղևորներ Էդգար

Ա. ն, Արթուր Ա.-ն և Հրայր Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Պատահարից հետո ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում, կարելի է ասել, խայտառակ և ամոթալի փաստ է արձանագրվել. «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, վթարից տուժած Էդգար Ա.-ն ցուցմունք է տվել, որ մինչ վթարն իր տաբատի ձախ գրպանում եղել է 7.500 ԱՄՆ դոլար և 375.000 դրամ: Գումարների անհետացման մասին իմացել է շտապօգնության մեքենայով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելուց և բուժօգնություն ստանալուց հետո, երբ շոշափել է տաբատի գրպանները: Մյուս տուժող Արթուր Ա.-ն նույնպես ցուցմունք է տվել, որ մինչ վթարը մեքենայի բեռնախցիկում դրել է 115.000 դրամ, որը վթարից հետո անհետացել է:

Այս անչափ տխուր և ամոթալի դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործությունը ջրի երես հանելու համար ոստիկանները ներկայումս համալիր միջոցառումներ են իրականացնում:

Դատավճռի հետ համաձայն չլինելու պատճառով որոշել էր ինքնասպանություն գործել

Օրեր առաջ ոստիկանության Վանաձորի բաժնի հերթապահ մասում հնչած ահազանգն արագ ոտքի հանեց օպերատիվ խմբին: Հայտնում էին, որ Տարոն թաղամասի 40-ամյա բնակչուհի Գայանե Փահլևանյանը պատրաստվում է ինքնասպանություն գործել: Հաջողվեց պարզել, որ իր այդ ծայրահեղ քայլի մասին կինը հեռախոսով տեղյակ է պահել Վանաձորի զինդատախազության ավագ դատախազին:

Անմիջապես դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողներին, բարեբախտաբար, հաջողվել է կանխել հուսահատ կնոջ ճակատագրական քայլը:

Ծայրաստիճան հուզված և անելանելի վիճակում գտնվող Փահլևանյանը պատմել է, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից իր նկատմամբ կայացված դատավճռի հետ համաձայն չլինելու պատճառով է ինքը որոշել անձնասպան լինել

Այդ պատմությունն ավելի քան երկու տարվա վաղեմություն ունի: Փահլևանյանը ծառայել է ՀՀ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում, որպես ֆինանսական ծառայության պետ: 2010 թվականի ապրիլին զորամաս եկած ստուգող հանձանաժողովը բազմաթիվ թերություններ է հայտնաբերել նրա գործունեության մեջ: Ստուգման արդյունքներն ամփոփելուց և ղեկավարությանն ըստ սահմանված կարգի զեկուցելուց հետո, խոշոր չափերի յուրացման, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ մեղադրվող վանաձորցի կնոջ նկատմամբ հարուցվել է քրեական գործ, և նյութերն ուղարկվել են դատարան: Փահլևանյանը մշտապես հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները, փորձել ապացուցել, որ ինքն անմեղ է, իսկ ստուգումների արդյունքները կեղծ ու շինծու են և իրեն վարկաբեկելու նպատակ են հետապնդել: Մի քանի դատաքննություն է կայացել: Վերջին վճռով Փահլևանյանին դատապարտել են 5 տարվա ազատազրկման, ինչի կապակցությամբ էլ նա նշված արարքով փորձել է հայտնել իր անհամաձայնությունը:

Ինքնասպանության փորձի կապակցությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Վանաձորի քննչական բաժին, ուր կատարվում է քննություն: