Գուրգեն ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

ԵՐԿՆՔՈՒՄԳԵՐՎԱԾՆԵՐԸ(Պիես)


 

(Սկիզբը «Ավանգարդի» թիվ 57-60-ում)

ՏԻԳՐԱՆ _ Գիտե՞ք` ինչ անցավ մտքովս: Իսկ ի՞նչ կլիներ, եթե բոլորն անխտիր հավատային Աստծուն: Նվիրվեին անմնացորդ: Ողջ էությամբ, հոգով, մարմնով ծառայեին նրան:

ՇՈՂԵՐ _ Ի՞նչ մի դժվար է կռահել:

ՍԵՆԻԿ _ Աշխարհը իսկույն կդառնար դրախտ:

ՇՈՂԵՐ - Եվ ընդամենը մեկ սերունդ հետո ողջ մարդկությունը… կվերանար:

ՏԻԳՐԱՆ _ Ինչո՞ւ:

ՇՈՂԵՐ _ Պարզ չէ՞: Ովքեր ցանկանում են Աստծուն նվիրվել անմնացորդ, ողջ էությամբ, նրանք դառնում են կուսակրոն: Իսկ եթե ամբողջ աշխարհում լինեն միայն մաքուր նվիրյալներ` կույսեր, պարզ չէ՞, ինչ կլինի վերջը:

ՍԵԴԱ _ Եվ դուրս է գալիս, որ մարդկությունը հարատևում է նրանց շնորհիվ, ովքեր, եթե նույնիսկ նվիրվում են, ապա` ո´չ լիովին, ո´չ ամբողջ էությամբ… Այսպես ասած` մի քիչ ոչ այնպես…

Քիչ անց կրկին լսվում է երկնային էակի ձայնը:

ՁԱՅՆ _ Ո˜վ, հոգինե´ր դժբախտ, ի՞նչ ցանկություն ունեք: Խնդրեք Աստծուց: Մեկ ցանկություն միայն:

ՇՈՂԵՐ _ Մեկ ցանկությո՞ւն: Ընդամենը` մե՞կ: Սակայն ինչո՞ւ մեկ:

ՏԻԳՐԱՆ _ Մի՞թե չհասկացար: Երկրի վրա այդպես մեղադրյալի կամքն են կատարում:

ՇՈՂԵՐ _ Սակայն չէ՞ որ մենք երկրի վրա չենք:

ՍԵՆԻԿ _ Որքան հասկացա, մեզ հիմա քիչ-քիչ, կամաց-կամաց նախապատրաստում են:

ՇՈՂԵՐ (Թեթևակի ծիծաղելով) Ինչի՞ն: Մեռնելո՞ւն:

ՍԵՆԻԿ _ Ո˜չ… Կրակներին… Դժոխքի կրակներին… (Պատի այն կողմից կրկին լսվում է զվարթ ծիծաղի ձայն):

ՍԵԴԱ _ Իսկ դրախտում զվարճանում են:

ՏԻԳՐԱՆ _ Իմ ցանկությունը կրկին նույնն է. ուզում եմ մեկ օր: Թեկուզ և` մեկ օր:

ՍԵՆԻԿ _ Պատկերացնո՞ւմ եք, ես հորս գերեզմանին չհասցրի տապանաքար դնել: Այսօր-վաղը, այսօր-վաղը և հանկարծ… Ու ինձ հիմա թեկուզ տանեն դրախտ, պիտի այնտեղ, հորս թողած անհիշատակ, հրճվե՞մ ուրախ: Դա չեմ կարող ես, Տե´ր: Իմ ուզածն էլ նույնն է` վերադարձրու երկիր: Թեկուզ և` շատ կարճ: Թեկուզ և` մեկ օր:

ՍԵԴԱ _ Թույլ տուր ինձ, ով Տե´ր, որ ես իմ կյանքը այն պահից ապրեմ, որտեղ սխալվեցի: Թույլ տուր, որ ես իմ սխալը ուղղեմ:

ՇՈՂԵՐ _ (Ցնորվածի պես սկսում է երգել: Կարծես արթնանում է նրա հիվանդությունը):

Ես մի աղ-ջիկ` սի-րուց զարկ-ված,

Սի-րուց զըրկ-ված խե-լա-գար-ված:

Թույլ տուր ինձ, Տեր, նո-րից սի-րել,

Ան-հագ սի-րուց կա-րոտս առ-նել…

ՍԵԴԱ_ Ես կծրագրեմ իմ ամեն ժամն ու վայրկյանը, որ ոչ մի րոպեն անիմաստ չանցնի:

ՏԻԳՐԱՆ _ Կհայտնեմ իմ ներկի գաղտնիքը:

ՍԵՆԻԿ _ Կհանեմ իմ գտած խաչքարը:

ՇՈՂԵՐ _ Կուզեմ տեսնել այն, ինչ չհասցրի տեսնել, վայելել այն, ինչ չվայելեցի:

ՍԵԴԱ _ Ես ծաղիկների մի չքնաղ պարտեզ կտնկեմ, որտեղ կերգեն ծիտիկները: Եվ դա կլինի իսկական դրախտ:

ՏԻԳՐԱՆ _ Ես կտնկեմ մի հեքիաթային անտառ, որտեղ իմ շլդիկը և ոչ մի օր չի ունենա վախ:

ՍԵՆԻԿ _ Իսկ ես… Գիտե՞ք` ես ինչ կուզեմ: Կուզեմ ստեղծել այնպիսի աշխարհ, դա լինի Լուսնի վրա, թե Մարսի, որտեղ ոչ մի մարդ և ոչ մի Աստված զոհ չեն պահանջի…

ՏԻԳՐԱՆ _ (Վերև նայելով) Դե, ի՞նչ կասես, Տե´ր: Մենք մերն ասացինք:

Հնչում է երկնային էակի ձայնը:

ՁԱՅՆ _ Ո˜վ հանգուցյալներ, դուք կամենում եք անհնարինը: Մոռացե´ք ընդմիշտ: Այստեղից երկիր վերադարձ չկա: Այժմ կարող եք ցանկանալ սոսկ այն, ինչ երկնքում է: Հետադարձ ուղի այստեղից չկա´: (Զգացվում է, որ բոլորն ընկնում են կաթվածահար վիճակի մեջ: Զգալ է տալիս նրանց հիվանդությունը):

ՇՈՂԵՐ _ (Կրկին երգում է` բառերն այս անգամ արտասանելով դանդաղ ու շեշտելով):

Ես մի աղ-ջիկ` սի-րուց զարկ-ված,

Սիրուց զըրկ-ված խե-լա-գար-ված…

(Սկսում է ծիծաղել: Ծիծաղում են նաև մյուսները: Ակնհայտ է, որ ցնորքներ, պատրանքներ են տեսնում: Բեմում նույնպես իշխող է ցնորական միջավայրը):

ՏԻԳՐԱՆ _ Ես միայն մեկ, միայն մեկ օրով եմ եկել… Չէ, չեմ կարող… Ես գործ ունեմ…

ՍԵԴԱ _ Այս ի˜նչ գեղեցիկ է աշխարհը… Ահա, թե որն է իսկական դրախտը… Եվ ինչպե˜ս մինչև հիմա չեմ տեսել…

ՍԵՆԻԿ _ Ինձ ներիր, հայրիկ…

ՇՈՂԵՐ _ (Կրկնում է նույն երգը):

Ես մի աղ-ջիկ` սի-րուց զարկ-ված,

Սի-րուց զըրկ-ված խե-լա-գար-ված…

ՍԵԴԱ _ Չէ… Պարանը դե´ն նետիր, տե´ս` ինչ սքանչելի է կյանքը…

ՏԻԳՐԱՆ _ Շլդիկ իմ… Իմ ճերմակ նապաստակ… Ես է´լ չեմ թողնի, որ քեզ հոշոտեն…

ՍԵՆԻԿ _ Ո˜չ… Ես հիմա չունեմ ժամանակ: Ես ապրեցի մի ողջ կյանք ու շնորհակալ չեղա: Եկել եմ մեկ օրով, ընդամենը մեկ օրով, որ ասեմ… շնորհակալ եմ…

ՇՈՂԵՐ _ Ես մի աղ-ջիկ` սի-րուց զարկ-ված…

ՏԻԳՐԱՆ _ Եկել եմ, որ ասեմ իմ չասած խոսքերը:

ՍԵՆԻԿ _ Որ տնկեմ… մի ամբողջ անտառ:

ՇՈՂԵՐ _ Որ ստեղծեմ իմ գլուխգործոցը…

ՍԵՆԻԿ _ Պիտի հանեմ խաչքարը:

ՏԻԳՐԱՆ _ Իմ ներկի գաղտնիքն եմ ասելու:

ՍԵԴԱ _ Վրե´ժ ունեմ լուծելու…

ՇՈՂԵՐ _ Օգնության պարտք ունեմ…

ՍԵՆԻԿ _ Պիտի համբուրեմ եղնիկի ոտքը…

ՏԻԳՐԱՆ _ Միայն մեկ, միայն մեկ օրով… (Հանկարծ բարձր բղավում է, և նրա ձայնից բոլորն սթափվում են: Ցրվում է նաև պատրանքը): Սե´ն… Սե´ն… (Մի պահ տիրում է լռություն): Դու երբվանի՞ց ես պատրանքներ տեսնում, Սե´ն:

ՍԵՆԻԿ _ Վաղուց, շատ վաղուց: Ես դեռ չծնված` այս պատրանքները արդեն տեսել եմ: Այս տեսիլքները, այս խելագարությունը մտած են մեր գեների մեջ… Մենք` բոլորս, սերնդեսերունդ պատրանքներ ենք տեսնում: Իմ պապի աչքի առաջ (Նայում է վերև), Տե´ր, սպանել են, մորթել, կոտորել իր ողջ ընտանիքը: Ե´վ ոչ ոք, և´ ոչ ոք չի բռնել այդ կոտորող ձեռքը: Ե´վ ոչ ոք, Տե´ր…

ՏԻԳՐԱՆ _ Իսկ դո՞ւ, Շողեր:

ՇՈՂԵՐ _ (Ի պատասխան` կրկին կիսաերգում, կիսաարտասանում է):

Ես մի աղ-ջիկ` սի-րուց զարկ-ված,

Սի-րուց զըրկ-ված խե-լա-գար-ված…

ՍԵԴԱ_ Իսկ քե՞զ, Տիգրան, քե՞զ ինչ է պատահել:

ՏԻԳՐԱՆ _ Ես պատահականության «զոհն» եմ. ավտովթարի: Եթե, օրինակ, տնից դուրս գայի ընդամենը մի վայրկյան ուշ, այդ պահին փողոցով չէի անցնի: Եթե այդ վարորդն էլ տնից դուրս գար ընդամենը մեկ վայրկյան շուտ, նա էլ այդ պահին այդ տեղում չէր լինի, իր բեռնատարով գլխիս չէր խփի… Ես «զոհն» եմ, ուրեմն, վայրկյանի, ակնթարթի, թեև ասում են` պատահական չի լինում ոչինչ: (Քիչ անց) Իմ մեղքը երևի հիմա կպարզվի: Եվ չգիտեմ` ինչո՞ւ հիմա…

ՍԵՆԻԿ _ (Ականջը թույլ շփելով) Ականջս կանչում է: Հավանաբար անունս տալիս են:

ՏԻԳՐԱՆ _ (Թեթև կատակով) Երկրի վրա ինչ-որ մեկը երևի ոգեկոչությամբ է զբաղվում:

ՍԵԴԱ _ Որ գնաս, մարդկանց ի՞նչ ես ասելու:

ՇՈՂԵՐ _ Աշխարհին իմ կողմից բարև կտանես: Կասես, որ արդեն կարոտել եմ…

ՍԵՆԻԿ _ Հա, բա ո՞նց. ինձ թողեցին, ես էլ գնացի:

ՍԵԴԱ _ Իսկ ինչո՞ւ ինքներս ոգի չենք կանչում: Գուցե նա մեզ մի ելք ցույց տա, մի բան հուշի:

ՇՈՂԵՐ _ Իսկապես… Եկեք փորձենք: (Մոտենում է պահարանին): Այստեղ մոմ կա: (Վերցնում է մոմն ու մի փոքր ափսե: Մոմը վառում է: Լույսը դանդաղ մարում է: Բոլորը, այդ զուգադիպությու նից զարմացած, նայում են վերև):

ՏԻԳՐԱՆ _ Տարօրինակ է… (Մոտենում են Շողերին: Հնչում է երաժշտություն: Լսելի է դառնում միայն մեկ բառ` Մեդիում... Մեդիում... Մեդիում...):

Քիչ անց դուռը բացվում է: Այնտեղից ներս են ընկնում լույսի շողեր: Լույսի մեջ բավական խորհրդավոր կերպով հայտնվում է մի ոգի, որը թեթև քայլերով առաջանում է:

ՍԵԴԱ _ (Փոքր-ինչ վախեցած) Ահա նա` իսկական ոգին:

ՏԻԳՐԱՆ _ Այո… Իսկական ոգի… Այդ դեպքում ի՞նչ ենք մենք. ոչ իսկակա՞ն:

ՇՈՂԵՐ - Հետաքրքիր է… Ուրեմն ոգինե՞րն էլ տարբեր են լինում:

ՍԵԴԱ _ Եվ գուցե այսպիսի ոգի դառնում են միայն ժամանակի՞ ընթացքում:

ՍԵՆԻԿ _ Տեսնես որտեղի՞ց եկավ. դրախտի՞ց, դժոխքի՞ց:

ՈԳԻ _ (Նրա խոսելուն պես բեմի խորհրդավորությունը ցրվում, լույսը վառվում է): Այդ դո՞ւք ինձ կանչեցիք:

ՏԻԳՐԱՆ _ Այո´, մենք: (Աթոռ առաջարկելով) Խնդրեմ, նստե´ք:

ՍԵԴԱ _ Մենք առաջին օրն է, որ այստեղ ենք, և ունենք հարցեր:

ՈԳԻ _ (Խոսում է բավական անմիջական տոնով): Խնդրե´մ, խնդրե´մ: Մենք բոլորս ոգիներ ենք և կարող ենք զրուցել մտերմաբար: Դե, ի՞նչ է ձեզ հետաքրքրում, բարի´ մարդիկ:

ՇՈՂԵՐ _ Բարի՞… Հետաքրքիր է… Այստեղ դու առաջին էակն ես, ով մեզ անվանեց բարի:

ՈԳԻ _ Դե… Կարելի է նաև այդպես: Ի՞նչ կա որ: Ընդհանրապես արգելված չէ: Այ, օրինակ, ես իմ բզեզին բարի չաչանակ եմ ասում: Այնքա˜ն է խոսում, այնքա˜ն է խոսում: (Բոլորը մնում են ապշած):

ՍԵՆԻԿ _ Բզեզի՞ն… Չաչանա՞կ…

ՈԳԻ _ Այո´, ես բզեզ նրան եմ ասում` իմ սիրունիկին: Դե, որի հետ նստում ենք, պառկում…

ՍԵԴԱ _ Ուրեմն այստե՞ղ էլ սիլի-բիլի կա:

ՈԳԻ _ Դե իհարկե: Իսկ, ի՞նչ է, կարծում եք` մենք ամեն օր միայն աղո՞թք ենք անում:

ՍԵԴԱ _ Դե… Ի՞նչ իմանամ… Իսկ դու դրախտի՞ց եկար, թե՞…

ՈԳԻ _ Իհարկե´ դրախտից:

ՇՈՂԵՐ _ Իսկ ի՞նչ կա այնտեղ: Ճիշտը կասե՞ս:

ՈԳԻ _ Այնտեղ… Օ˜… Դա դրախտ է, մարդի´կ, դրա´խտ…

ՇՈՂԵՐ _ Եվ բոլորը այնտեղ իրար սիրո՞ւմ են: Այնպես չի՞ լինում, որ մեկը սիրի, բայց չսիրվի:

ՍԵԴԱ _ Ո˜չ: Ի՞նչ ես ասում: Այնտեղ ում սիրես, նա էլ սիրում է քեզ:

ՇՈՂԵՐ _ (Խորհելով ) Բայց այդպես ինչպե՞ս է լինում: Գործում են մաթեմատիկայի կանոննե՞րը: Կա, օրինակ, հարյուր կին ոգի, հարյուր տղամարդ ոգի, որ ո´չ ավել լինի, ո´չ պակա՞ս: Ու բոլորը զույգ-զույգ իրար գտնո՞ւմ են:

ՈԳԻ _ Դե… այո, այդպես է:

ՇՈՂԵՐ _ Եվ չի՞ լինում, որ երկու կամ երեք ոգի սիրահարվեն նույն ոգուն:

ՈԳԻ _ Ո´չ:

ՍԵԴԱ _ (Կասկածանքով) Բայց այդպես մի տեսակ… չի լինում: Իսկապես սիրելու համար պետք է լինել նաև… չսիրված: Եթե մի տեղ բացակայում է ոչ-սերը, այնտեղ չի կարող լինել իսկական սերը:

ՏԻԳՐԱՆ _ Իսկ ճի՞շտ է, որ այնտեղ տղամարդիկ շրջապատված են փերիներով, հավերժահարսերով:

ՈԳԻ _ (Հարցը թվում է հեշտ, և ոգին կարծես դուրս է գալիս նեղ վիճակից): Ճի´շտ է, իհարկե ճիշտ է: Տղամարդիկ այնտեղ…

ՇՈՂԵՐ _ (Ընդհատելով) Փաստորեն հարեմ ունեն…

ՍԵԴԱ _ Եվ կարող են սեր անել, ում հետ ուզեն…

ՈԳԻ _ Դե… (Չի իմանում ինչ ասի):

ՍԵԴԱ _ Եվ քանիսի հետ ուզեն:

ՇՈՂԵՐ _ Ու փաստորեն այնտեղ լինում է նաև… խմբակային…

ՍԵԴԱ _ (Իրենից անկախ) Ա˜յ քեզ բոզանոց…

ՈԳԻ _ Դե չէ … (Կրկին չի իմանում` ինչ ասի):

ՏԻԳՐԱՆ _ Լավ, իսկ ի՞նչ կա դժոխքում: Ճի՞շտ է, որ այնտեղ չար ոգիները տառապում են կրակների մեջ:

ՈԳԻ _ Իհարկե ճիշտ է… Ու ո˜նց են տառապում, ո˜նց են տառապում: