Արագ սնունդը բթացնում է


 

Մառախլապատ Ալբիոնի գիտնականները բնավ հակագովազդ անելու միտում չունեն: Նրանք նախազգուշացնում են` վկայակոչելով իրենց իսկ հետազոտությունները:

Ամենաանփույթ սնվողն էլ գիտի, որ յուղալի ուտելիքները վտանգում են առողջությունը և, իհարկե` աղավաղում մարմնի կառուցվածքը: Բայց ո՞ւմ մտքով կանցնի. համբուրգերները, չիփսերը և պիցցան ազդում են մեր մտածողության, որակի ու արագության վրա: Եվրոպացի գիտնականների ձևակերպումն այս առումով` շատ ավելի կտրուկ է. արագ սննդից (ֆաստֆուդ կոչվող) մարդը բթանում է (տեղեկացրել է բրիտանական BBC հեռուստառադիոընկերությունը):

10 տարվա ընթացքում 35-55 տարեկան ավելի քան 6000 բրիտանացիների ներգրավմամբ անցկացված հետազոտությունների արդյունքները կարելի է տագնապահարույց համարել: Այդ ընթացքում փորձարկվողների սնունդը չի սահմանափակվել, և նրանք պարբերաբար թեստավորվել են: Վերջնահաշվում պարզվել է, որ ավելորդ քաշ ունեցողները, ովքեր խոստովանել են, որ չեն խուսափում ֆաստֆուդից, ժամանակի ընթացքում ավելի դժվարությամբ, ցածր ցուցանիշներով են անցել թեստավորումը, քան լավ կառուցվածք ունեցողները:

Խոսքն, իհարկե, տկարամտության մասին չէ: Այդ մարդիկ ավելի արագ են ծերանում, և նրանց հիշողությունն ու ուղեղի աշխատունակությունը վատթարանում է շատ ավելի արագ, քան առողջ կենսակերպով ապրողներինը:

Նախկինում արդեն տեղեկացվել էր, որ առողջ սնունդը, սպորտով զբաղվելը, ծխելուց հրաժարվելը մարդուն օգնում են խուսափել թուլամտությունից և վաղահաս ծերությունից: Դրանում կարևոր դեր է կատարում նաև արյան մեջ խոլեստերինի պարունակության վերահսկողությունը:

Ի դեպ, ներկայումս Եվրոպայում տկարամտությամբ տառապում է ավելի քան կես միլիոն մարդ: