ԵՐՋԱՆԻԿ

ԱՊՐԵԼՈՒ 7 ԿԱՆՈՆ


 

1. Հաճույքով վայելիր կյանքի ուրախությունները

Ամենայն ուշադրությամբ «որսա» այսրոպեական ուրախություններն ու հրճվանքը: Դիցուք. արևի ճառագայթների ջերմությունը` երբ դուրս ես գալիս սառը ստվերից, ծաղիկների բույրը: Հիշողութ յանդ մեջ պահիր կամ նույնիսկ գեղեցիկ նոթատետրում գրի առ կյանքիդ երջանիկ միջադեպերը` առօրեական հաճելի պահերից (օրինակ` վերջապես ծաղկել է քո իսկ խնամած բույսը) մինչև կյանքի կարևորագույն իրադարձություններ (օրինակ` զավակիդ առաջին քայլը, թոթոված առաջին բառերը): Գոնե շաբաթը մեկ ի մի բեր ապրածդ երջանիկ պահերը: Այդ կերպ` երջանիկ հուշեր կուտակելուց զատ` դու վայելում ես ապրածդ ամեն պահը, թոթափում առօրյա հոգսերը:

2. Շտապիր բարիք գործել

Բարի արարքները կարող են պատահական (հարգանքով տեղ զիջել և նստելիս էլ օգնել կանգնած տարեցին), կամ շարունակ կրկնվող լինել (ասենք` ամեն կիրակի հյուրասիրել թոշակառու հարևանին...): Բարություն ցուցաբերելով ուրիշների հանդեպ` դու քեզ մեծահոգի ես զգում, օտարի ցավին կարեկից և ամենից առաջ` ինքդ քեզ վարձատրված ես զգում` սեփական վերաբերմունքից: Երբ դա արվում է ինքնաբուխ կերպով` հավատա, որ քեզ համար այլևս կարևոր չէ քո բարությունից օգտվողների արձագանքը: Փոխարենը` ինքնագնահատանքն է մեծանում, տրամադրությունդ բարձրանում... Գործոններ, որոնք երջանկության բաղկացուցիչներն են:

3. Շնորհակալ եղիր քեզ օգնողներին

Կյանքիդ որևէ խաչմերուկում քեզ ճիշտ ուղի ցույց տված, նեղությանդ պահին անշահախնդրորեն քեզ ձեռք պարզած, թեկուզ բարի խոսքով վիշտ ցրած մարդկանց միշտ հիշիր և շնորհակալ եղիր: Ու մի´ խնայիր երախտիքի խոսքերը, երբեք մի´ մտածիր, թե պարտավոր էին, կամ` առանց նրանց օգնության էլ կգտնեիր ճամփադ, կհաղթահարեիր վիշտդ...

4. Ներե´լ սովորիր

Ձերբազատվիր բարկությունից և վիրավորվածությունից ու քեզ նեղացնողին հանդիպելիս` մի´ հիշիր այդ տհաճությունը: Դա նախ քե´զ համար է օգտակար: Ներել չկարողանալն անմիջականո րեն ազդում է քո իսկ տրամադրության վրա, նյարդային ապրումներ պարտադրում. անվերջ մտածում ես վրեժխնդիր լինելու մասին, այլապես քեզ պարտված ու նվաստացած ես զգում: Մի խոսքով` վնասում ես ինքդ քեզ: Մինչդեռ ներել կարողանալը (կամ գոնե` առանց չարության անտեսելը) դրական հույզեր է հաղորդում և հոգեկան հանգստություն պարգևում:

5. Ժամանակդ ու փողերդ ծախսիր մերձավորներիդ ու ընտանիքիդ վրա

Հոգեբանները երջանկության գլխավոր գործոնը համարում են անձնական ջերմ հարաբերությունները` մտերիմ մարդկանց հետ: Ընտանեկան ջերմությունն, իհարկե, փողով չի ստեղծվում, սակայն եղած հնարավորությունները համատեղ տնօրինելը, ընդհանուր նպատակներով ծախսելը կամ միասին ժամանցներ, խրախճանքներ կազմակերպելն է´լ ավելի է սերտացնում հարաբերություն ները` իսկական ու մնայուն երջանկություն պարգևելով:

Այնպես որ` չնախատեսված դեպքերի համար որոշակի դրամագլուխ առանձնացնելուց հետո` մտածիր վաստակովդ քեզ հաճույք պատճառող պահեր ստեղծել: Այս դեպքում` ոչ թե այսրոպեա կան հաճույքներ:

6. Հոգա´ մարմնիդ մասին

Երջանկությունը սոսկ վերացական զգացմունք չէ. առողջությունն է դրա գրավականը: Հենց այնպես չի ասված. առողջ մարմնում` առողջ հոգի: Եվ առողջ հոգին միայն կարող է և´ սիրել, և´ ներել, և´ նվիրվել ու հոգալ: Ուրեմն կոփիր առողջությունդ. լավ քնիր, զբաղվիր ֆիզկուլտուրայով, շատ շարժվիր: Եթե այնուամենայնիվ ստիպված ես երկար նստած մնալ` ավելի շատ ժպտա, ավելի հաճախ ծիծաղիր: Դա արագ բարելավում է տրամադրությունդ և օրդ ավելի երջանիկ դարձնում:

7. Կարողացիր պայքարել սթրեսի դեմ

Յուրաքանչյուր մարդ դժվար ժամանակներ է ունենում: Կրոնական հավատը տալիս է այդ դժվարությունները հաղթահարելու «դեղատոմսը»` հավատա և ապավինիր Աստծուն ու նա կհոգա քո բոլոր պահանջները: Բայց քանի որ ոչ բոլորն են խորը հավատքով առլեցուն, ուրեմն կարելի է գտնել այդ ճշմարտության այսպես կոչված աշխարհիկ ձևակերպումը: Չէ՞ որ բոլորս էլ մեր փորձով ենք համոզվել, որ աշխարհում ամենայն ինչ, այդ թվում և դառնություններն ու դժվարություններն անցողիկ են: Անկարողության զգացողությունը չխորացնելու ու դրանից հոգեկան ցնցումների մեջ չընկնելու համար ինքներդ ձեզ հուշեք հայտնի ճշմարտությունները.

- Սա էլ կանցնի. պետք է միայն մի փոքր համբերել:

- Այն, ինչն ինձ չի սպանում, կարող է միայն կոփել:

- Հեծեծալու փոխարեն արագ ելք պետք է գտնել. իսկ ցանկացած իրավիճակում առնվազն երկու ելք կա...

Դա ինքնախաբեություն չէ. գոնե դժվարին պահերին բանականությունը պետք է իշխի զգացմունքներին: