ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ «ԱՍՏԵՂԱՅԻՆ ԺԱՄԵՐԸ»


Իմ լավ ընկերոջ` ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանի հետ ցանկանում էի զրուցել, սակայն մի պահ մտադրությունս փոխեցի, որովհետև դժվար է նրա հետ համառոտ զրույց վարելը: Տպավորություններն են շատ, հիշողություններն են լցված ափեափ, իսկ թատրոնի ու կինոյի մասին մտահոգություններն էլ անսահման են: - Ժամանակն է, որ թատերագիտությունը դեմքով շրջվի դեպի իմ սերունդը, մեր տղաները, ովքեր հսկայական գործ են կատարել թատրոնում և կինոյում, ովքեր իրենց ներկայությամբ կամրջում են երեկն ու այսօրը, պահում-պահպանում հուշերը մեր մեծերի մասին,- մեր հանդիպման սկզբում ասաց դերասանը: Եվ, այնուամենայնիվ, մեր զրույցը կայացավ: - Երևի ճիշտ գնահատեցիր քո սերնդին: - Ասվածի մեջ գերագնահատություն չկա. հենց մեր սերունդը 1970-ականների սկզբներին եկավ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն և իր հետ բերեց մեծ թարմություն, երիտասարդական շնչառություն: Գեղարվեստաթատերական ինստիտուտի «Դրամատիկական թատրոնի և կինոյի դերասան» բաժնի այն վերջին շրջանավարտներից եմ, ովքեր սովորեցին Վարդան Աճեմյանի արվեստանոցում: Մեր մեծ բեմադրիչն այս արվեստանոցում էր հավաքել իսկապես տաղանդավոր մարդկանց. Ալիս Կապլանջյան, Կարինե Սուքիասյան, Մարիետա Շմավոնյան, Հասմիկ Ալեքսանյան, Ռիտա Հարոյան, Աշոտ Ղազարյան, Ռուդոլֆ Ղևոնդյան, Ռոբերտ Հարությունյան, ուրիշներ: Սունդուկյանի անվան թատրոնում իսկապես զգացվում էր երիտասարդների անհրաժեշտությունը: Մեզ հետ Վարդան Աճեմյանն ինստիտուտում ստեղծել էր իր գլուխգործոցներից մեկը` «Ռևիզորը»: Հրաշալի բեմադրություն էր` վարակող, ոգևորող… Այն երևույթ դարձավ ժամանակի մեջ: Բայց ես ավելի շատ ուզում եմ հիշել, թե ինչպես էր աշխատում Աճեմյանը: Հաճախ փորձերն անում էինք ուշ գիշերին, որովհետև նա գալիս էր Սունդուկյանի անվան թատրոնից, ուր նույնպես փորձեր ուներ: Երբեմն մեզ համար ուտելիք էր բերում, ծխախոտ… Փորձում էր զարմանալի եռանդով, այնպես, կարծես նոր էր օրը սկսվել… Այդ փորձերն իմ ստացած մեծագույն դասերն էին: - Քո սերունդը ստեղծագործական անբավարարվածություն չունեցավ, միանգամից դուք տեղ զբաղեցրեցիք թատրոնի խաղացանկում, Աճեմյանը հատկապես ձեզ հետ իրականացրեց Վ. Պետրոսյանի «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» պիեսի բեմադրությունը: Իսկ ինչպե՞ս էին վերաբերվում թատրոնի մեծերը` երիտասարդության մուտքին: - Ճիշտ ես, մի զարմանալի արշավանքի էր նման մեր մուտքը: Միանգամից մենք դերեր ստացանք, միանգամից ներկայացանք հանդիսատեսին: Դու հիշատակեցիր «Ծանր է Հիպոկրատի գլխարկը», իսկ ես կավելացնեի ևս մի քանիսը, որոնց մեջ հատկապես հանդիսատեսն առանձնակի սիրով էր ընդունում «Հարսնացուն հյուսիսից» ներկայացումը: Ցանկացած թատրոնում երիտասարդների մուտքով ինչ-որ դիմակայություն է ստեղծվում, միջին սերնդի դերասանները տխրում են, որ այլևս երիտասարդ ների դերեր չեն խաղալու: Բայց մեր դեպքում փոքր-ինչ այլ էր: Թատրոնում էին հրաշալի ավագները` Գուրգեն Ջանիբեկյան, Դավիթ Մալյան, Արուս Ասրյան, Բաբկեն Ներսիսյան, Գեղամ Հարությունյան, Վաղինակ Մարգունի, Ժան Էլոյան, Գարուշ Խաժակյան… Մյուս սերունդն էր այստեղ` Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան, Մհեր Մկրտչյան, Մետաքսյա Սիմոնյան, Վարդուհի Վարդերեսյան, Լյուսյա Հովհաննիսյան, Էդգար Էլբակյան… Մենք խանդի տեսարաններ չենք տեսել, չենք տեսել դիմակայութ յուն: Կարծես սպասում էին մեզ: Դա մի այլ թատրոն էր` հեռու թատերական շատ վատ բարքերից, ստեղծագործական նախանձից: Մենք ապրում էինք ստեղծագործությամբ, մեզ համար գլխավորը բեմադրություններն էին, դերերը… Երևի այս վերաբերմունքն էր պատճառը, որ կարողացանք կայանալ: Ես խաղում էի Ֆիգարո. դեր, որը ժամանակին Գուրգեն Ջանիբեկյանն էր խաղացել… - 1970-ականների կեսերից մեր թատրոնում և հեռուստատեսությամբ հաստատվեց Հարություն Մովսիսյանի ժամանակը. քո ստեղծած կերպարները դարձան ժամանակի հերոսները: Իսկ ինչպիսի՞ն է այսօրվա հերոսը: - Գիտես, այսօր չափազանց շատ են խոսում ժամանակի հերոսի մասին, որոնցից մեկին էլ` Հովոյին, ես եմ մարմնավորել: Շատերն ասում են, որ այդ տիպերը հերոսներ չեն, այլ` հակահերոսներ: Ես համաձայն չեմ այդ բնութագրումի հետ, որովհետև նրանք սոցիալական մի ողջ մտածողության կրողներն են: Ուրեմն` յուրովի հերոսներ են, որոնք հերոսի մասին եղած այլ պատկերացումների դիրքերից` հակահերոսներ են դիտարկվում: Նայենք մեր շուրջը, դիտարկենք անգամ պատգամավորներից ու պաշտոնյաներից շատերին… Պետք է այդ մարդկանց ուսումնասիրել, ներկայացնել, սակայն երբեք չնմանվել: Նրանց մեր հասարակությունն է ծնել, հենց այնպես` երկնքից չեն հայտնվել, ուրեմն ինչու դուրս դնենք հասարակությունից և ասենք, թե դրանք չեն մեր հերոսները: Նաև` նրանք են: Արվեստի խնդիրը մարդուն հետազոտելն է, հո չե՞նք կարող անընդհատ այսպես կոչված դրական հերոսներ ներկայացնել ու հետազոտել: Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ տաղտուկ կառաջանա: - Քանի որ Հովոյին հիշեցիր, ուստի ուզում եմ հարցնել քո կարծիքը սերիալների մասին: - Սերիալները կինոմշակույթի բաղկացուցիչ մասն են: Դրանք չի կարելի ժխտել, ոչնչացնել: Միայն թե առավել հաճախ պետք է խոսել գեղարվեստական որակի մասին: Մենք, չգիտես ինչու, երբեմն բրազիլական, մեքսիկական ու նման այլ սերիալների որակներն ենք կրկնում, բայց նայենք ռուսական, իտալական, ֆրանսիական, ամերիկյան սերիալները: Դրանք բարձր գեղարվեստի արտահայտությունն են: - Ոմանք ասում են, թե քո փառքը Հովոն բերեց… - Մոլորություն է: Ես իմ աստեղային ժամերն ապրել եմ թատրոնում` խաղալով Շեքսպիրի, Բոմարշեի հերոսներին: Հիմա Բագրատյան եմ խաղում` «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի բեմական տարբերակում: Ես կինոյում ապրեցի իմ աստեղային ժամը` նկարահանվելով «Կտոր մը երկինք», «Գիքորը» և այլ ֆիլմերում: Հովոն իմ դերասանական ճանապարհի մի հանգրվանն է, որին մոտեցել եմ մեծագույն լրջությամբ, որովհետև չի կարելի հեռանալ սեփական սկզբունքներից` միայն էժան հռչակի ու ճանաչման համար: - Եվ, այնուամենայնիվ, վերջին տարիներին դու թատրոնում շատ քիչ ես խաղում: Ինչո՞ւ: - Այդ հարցը չի կարելի խաղացանկային թատրոնի դերասաններին ուղղել: Դերասանը մեր ժամանակներում ամենաանպաշտպանվածն է: Բեմադրիչները մտածում են սեփական ծրագրերի, երազած պիեսների մասին, մինչդեռ դերասանը գտնվում է կախվածության մեջ, նա սպասում է… Այդ սպասման պատճառով էլ մեր շատ մեծություններ չխաղացին այն դերերը, որոնց մասին երազում էին: - Այսինքն, դու դե՞մ ես խաղացանկային թատրոնին: - Ոչ, դեմ չեմ: Դեմ եմ ռեժիսորական դեսպոտիզմին, դերասանի հանդեպ ձևավորված անտարբեր վերաբերմունքին: Երբեմն թատրոններում ասում են, թե դերասանա խումբը մեծ է, իսկ բեմադրվող ստեղծագործությունների թիվը` սահմանափակ: Իսկ ինչո՞ւ է սահմանափակ: Պետք է այս մասին մտածել, թույլ չտալ, որ դերասանները պարապուրդի մատնվեն, տարիներով դեր չխաղան: Սունդուկյանի անվան թատրոնը ազատ բեմ ենք հռչակել, ուրեմն այստեղ խաղացանկային ներկայացումները պետք է զուգորդվեն կոմերցիոն ներկայացումներին, պետք է մտածել հարուստ խաղացանկի մասին: - Դերասան Հարություն Մովսիսյանին գիտեն գրեթե ողջ հանրապետությունում, նրա սահմաններից դուրս: Իսկ մարդ-Մովսիսյանի մասին շատ բան չգիտեն… - Հասկացա: Պետք չէ, որ արվեստագետի անձնական կյանքն անընդհատ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում լինի, հանրային քննարկումների առարկա դառնա: Ես երջանիկ եմ իմ ընտանիքով, իմ ժառանգներով: Դրանից ավել ի՞նչ է պետք: Իսկ թե ի՞նչ է սիրում ուտել Հարություն Մովսիսյանը, ի՞նչ մեքենա է վարում, ի՞նչ սրճարաններ է հաճախում` կարևոր չէ հանդիսատեսի համար: - Ի՞նչ կասես մեր ընթերցողին, որին միանալով, շնորհավորում եմ քեզ` ծննդյանդ 60-ամյակի առթիվ: - «Ավանգարդ» թերթը մեր ազգային հարստություններից է, մեր հնագույն թերթերից մեկը, ուստի պետք է լավ պահել այն, չհեռանալ նրանից: Իսկ շնորհավորանքի համար շնորհակալ եմ: Ծերացանք… Բայց ծերություն չէ հիմա վաթսուն տարին, այլ մի դադար է, որպեսզի կանգնես ու նայես անցածդ ճանապարհին, իսկ հետո առաջ գնաս…