ԿԱՐՏՈՖԻԼ ԵՆՔ ՆԵՐԿՐԵԼՈՒ


Ինչքան էլ գյուղնախարար Սերգո Կարապետյանը հուսադրող թվեր ներկայացնի գյուղմթերքների արտադրության ծավալների աճի մասին, այնուհանդերձ, այսօր արդեն գյուղացիների համար տեսանելի է, որ ձմռան նախօրեին Հայաստանի գործարարները ստիպված են լինելու կարտոֆիլ ներկրել, քանի որ Հայաստանում այս տարի ստացվելու է չափազանց ցածր բերք: Այսպես, Շիրակի մարզի Ազատան գյուղը, որը հանդիսանում է խոշոր կարտոֆիլարտադրող, այս տարի մոտ 400 հա պակաս ցանք է կատարել, գրեթե նույն վիճակն է Գեղարքունիքի և Լոռու մարզերում: Մեզ հետ զրույցում Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը ստեղծված կացությունը բացատրեց սերմացուի թանկ լինելով և բանկերի կողմից տարվող վայրի քաղաքականությամբ: Չնայած գյուղնախարարությունից վստահեցրել էին, որ բանկերը ցածր տոկոսադրույք ներով վարկեր էին տրամադրելու, այնուամենայնիվ ոչ մի բանկ չկամեցավ կատարել իր խոստումները: Արդյունքում` գյուղացիները զրկվեցին սերմացու գնելու, կուլտիվա ցիոն աշխատանքներ կատարելու հնարավորությունից: Հատկապես Շիրակի մարզի գյուղացիական տնտեսությունների տերերը բողոքում են բանկերի գործունեությունից, նշում, որ մարզերի նկատմամբ ցուցաբերվում է խտրական վերաբերմունք, արհամարհվում են գյուղացիության շահերը, անկարևորվում են գյուղատնտեսության խնդիրները: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ գյուղացիների բողոքներն իրավացի են, քանզի հայաստանյան գրեթե բոլոր բանկերում չափազանց փոքր թիվ են կազմում գյուղական բնակավայրերում ապրող վարկառուները: Ավելին, նրանց վարկեր են տրվում բարձր տոկոսադրույքներով` այսպես արձանագրելով այն իրողությունը, որ Հայաստանի բանկերը «ռեկորդներ» են սահմանում ողջ աշխարհում իրենց սահմանած թվերով: Դեռևս տարեսկզբին գյուղնախարարը վստահեցնում էր, որ կառավարութ յունն աջակցելու է գյուղացիներին` որպես աջակցություն տրամադրելով մոտ 1,5 միլիարդ դրամ: Կառավարությունն, իհարկե, այս գումարը տրամադրեց, սակայն նախարարության «թեթև ձեռքով» գումարներ ստացան հիմնականում Արարատյան հարթավայրի գյուղացիական տնտեսությունները և այն էլ` «ընտրովի», մինչդեռ բարձր լեռնային գյուղատնտեսությամբ զբաղվող շրջաններում, Շիրակի և Լոռու մարզերում գյուղացիները մոռացության մատնվեցին: Այս ամենի մասին, իհարկե, բազմաթիվ ահազանգեր են հնչեցվել, բողոքներ են հնչել, սակայն գյուղնախարարությունը աչք է փակել` կարծես հասկացնել տալով, որ ինքը չի հրաժարվելու իր որդեգրած քաղաքականությունից: Ֆինանսական աջակցության և ցածր տոկոսադրույքներով վարկերի անհրաժեշտությունը հատկապես զգացվում է Սևանի ավազանի և Շիրակի մարզի Ամասիայի ու Աշոցքի ենթաշրջաններում, որտեղ հիմնականում զբաղվում են կարտոֆիլի մշակմամբ: Սակայն հենց հիշյալ շրջաններն էլ դուրս են մնում գյուղնախարարության ուշադրությունից: Օրինական հարց է ծագում` ինչո՞ւ: Սրա պատասխանն, իհարկե, գերատեսչության ղեկավարները չեն տալիս. մշտապես խուսափողական դիրք են գրավում` այսպես չխորանալով այն խնդրի մեջ, որ իրենց կողմնակալության և անտարբերության հետևանքով հանրապետությունում մեծանում են դեֆիցիտները: Իսկ այսօր արդեն դեֆիցիտների շարքին է դասվում նաև կարտոֆիլը, որի շուկայական գինը մեկ կիլոգրամի համար չի իջնում 250 դրամից…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ