Եվ սիրտը չդիմացավ


Շուտով կսկսվի նոր ուսումնական տարին: Բոլոր դպրոցներում կտիրի աշխույժ եռուզեռ: Գույնզգույն հագնված երեխաները նույնքան գույնզգույն ծաղիկներով, աշխույժ տրամադրությամբ կմտնեն դպրոց: Բացառություն կլինի Օձունի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Ծաղիկներ կբերեն, անշուշտ, բայց չեն հասցնի դասարան, քանզի մուտքի մոտ կլինի սիրելի ուսուցչի մեծադիր լուսանկարը, իսկ կողքին` սափորում թե լուսանկարի մոտ ծաղիկներ, ծաղիկներ… Լևոն Վլադիմիրի ԻՍՈՅԱՆԸ ընտանիքի միակ որդին էր: Ծնողները շատ էին շահագրգռված մասնագիտական կայուն կրթություն տալ երեխաներին: Երեք դուստրերն էլ բարձրագույն կրթություն են ստացել, ամուսնացել, այժմ էլ ձգտում են հայրական տան բարի ավանդույթը շարունակել իրենց երեխաների միջոցով: Նրանց ժամանակից շուտ հրաժեշտ տված հայրն այսուհետ նրանց ուղեկցելու է որպես լուսեղեն հուշ: Ծնվել է 1952 թ. հունվարի 19¬ին Սանահին կայարանում: Դպրոցական տարիներին զբաղվել է մի շարք մարզաձևերով` ակրոբատիկա, թենիս, մարմնամարզություն, բասկետբոլ, վոլեյբոլ: 1970-74 թթ. ընդունվել և ավարտել է ֆիզկուլտուրայի ինստիտուտը` վոլեյբոլ մասնագիտությամբ և աշխատանքի նշանակվել Օձունի թիվ 1 դպրոցում` որպես ֆիզկուլ տուրայի ուսուցիչ: Լինելով բազմակողմանի զարգացած անձնավորություն, սիրելով իր մասնագիտությունն ու երեխաներին, շուտով դառնում է նրանց կուռքը: Հետո պիտի կոչեին «Լոռվա Դյուցազն», նրա մասին երգ են գրել և կատարել հարսանիքներում: Հոգեբան, հ.գ.դ., պրոֆեսոր Ալեքսանդր Լալայանը, խոսելով դպրոցում աշխատող ուսուցիչների զբաղվածության մասին, առանձնահատուկ տեղ է տվել ֆիզկուլտու րայի ուսուցչի դերին: Ըստ էության, նա առավոտյան բոլորից շուտ էր գալիս դպրոց (հիշեք առավոտյան մարմնամարզությունը) և բոլորից ուշ գնում. արտադասարանական պարապմունքներ, մրցումներ… Լևոնի համար այնքան էլ հեշտ չէր Սանահին կայարանից 15 կմ հեռավորության վրա գտնվող բարձրադիր Օձուն հասնել ամեն օր… 35 տարի շարունակ: Արդյո՞ք միայն Օձուն: Իսկ որ դպրոցի հավաքականների հետ հազարավոր մրցումների է մասնակցել, որոշ խմբերի հասցրել Լենինգրադ, Վոլգոգրադ, Կիև, ընկերական հանդիպումներ կազմակերպել: Ո՞վ պետք է նրանից հաշվետվություն պահանջեր այս ամենի համար: Լևոնը նվիրյալ մասնագետ էր, աշխատում էր խղճի թելադրանքով: Կարևոր չէ` նա գյուղական դպրոցի ուսուցի՞չ էր, թե՞ նախարար: Նրա սաները շատ են հիշելու անվանի ուսուցչին, ավագ ուսուցչին (կոչումը ստացել էր դեռևս 1989¬ին): Ամեն ինչ հոգով էր անում, և… սիրտը չդիմացավ… Երբ ուշացումով լսեցինք մահվան բոթը, մեր թղթակից Արմեն Տեր¬Քառյանին խնդրեցինք Ալավերդուց այցելել Օձուն… Ցնցված էր: Թե´ տնօրենը, թե´ կենսաբան Սիլվարդ Բոչոլյանը և ով ամառվա այդ օրը դպրոցում էր, խոսում էին այն մասին, որ ոչ միայն Օձունը, այլև ողջ Լոռին խոր վիշտ է ապրում Լևոն Իսոյանի անժամանակ մահվան առիթով: Մենք ևս խորապես ցավակցում ենք տիկնոջը` Վարդուհի Բեժանյանին, Լիդա, Լյուսյա, Անահիտ քույրերին: Համոզված ենք` նրա հիշատակը վառ կմնա հազարավոր աշակերտության, ուսուցչության, նրա ուսանողական ընկերների, բոլոր ճանաչողների սրտերում: Անահիտ Աղիկյան (դպրոցի տնօրեն), մանկավարժական և աշակերտական կոլեկտիվներ Սարգիս Գալստյան, Վալտեր Այդինյան, Արմեն Տեր-Քառյան, Գրիգոր, Համլետ Առուստամյաններ, Ֆրունզիկ Մեհրաբյան