ԷԼԻ ՆՈՒՅՆ ՋՈՒՐԸ, ՆՈՒՅՆ ՋՐԱՂԱՑԸ


Պատահականություններ լինում ու չեն լինում, և, որքան էլ կանխատեսելը դժվար լիներ, այս օրերին, ասել է թե` քարոզարշավի մեկնարկին, քաղաքական ուժերին լիարժեքորեն մտահոգող ամենակարևոր թեման սպասվող ընտրություննե րի արդար ու թափանցիկ ընթացքն է և նույնքան թափանցիկ ու արդար ամփոփումը: Թվում է, թե հայրենի կուսակցություն ները ազնվության մի յուրօրինակ մրցույթ են հայտարարել: Արդյունքում` նրանք իրենց վաղաժամ անհանգստությամբ միանգամից մի քանի խնդիր են ձգտում լուծել. ա) Իրենք իրենց արդար ընտրությունների կողմնակիցներ և քարոզիչներ են հռչակում, բ) Արժեքավոր քաղաքական միավորներ են գրանցում իրենց օգտին և գ) Պարտության հավանականությունն աչքի առաջ ունենալով` այսօրվանից արդեն կեղծիքների թեմայով հասարակական կարծիք են հասունացնում` այն ավելի ուշ թեժացնելու անբարո նպատակադրմամբ: Եվ այս զարմանահրաշ շոուն այնպիսի ցինիկ ոգևորությամբ է ընթանում, կարծես թե իրականում ոչինչ էլ չի պատահել, ամեն ինչ իսկապես հրաշալի է, գրեթե իդեալական: Համենայն դեպս, դեռ թարմ են միջազգային դիտորդական խմբերի անդրադարձ-արձագանքները` համեմված անհեթեթ գնահատականներով ու որակումներով: Իսկ ժողովրդավարական արժեքներով մտահոգվածի կեցվածքով ներկայացող քաղաքական ուժերի լիդերների ելույթներն այնպիսի տպավորություն են թողնում, որ քիչ է մնում մտածենք, թե ընտրակեղծիքների կատարելության հասցված համակարգի հիմնադիրներն ու ակտիվ կիրառողները և պաշտպանները ոչ թե այդ նույն կուսակցություններն են, այլ հանրությունը կամ էլ` չգիտես թե ով: Ի վերջո, հայրենի քաղաքական ուժերին այդչափ «անհանգստացնող»` իրեն ոչ մի կերպ չարդարացնող ընտրական համակարգը ոչ թե հայրական ժառանգություն է, այլ սեփական ծառից հավաքված դառնահամ պտուղ: Կասկած չկա, որ ընտրություններից հետո հայրենի քաղաքական ուժերի կողմից հանրությունը պասիվության համար անխնա քննադատվելու է: Իսկ թե ինչ կապ ունենք մենք սպասվող քաղաքական մեծ խաղի հետ` նրանք առաջիկայում էլ ոչ մի կերպ չեն մանրամասնի: Այլ հարց է, որ վերջապես որոշակի քաղաքացիական և բարոյական նորմերի համակարգ գործեր, և թեկուզ «Հանուն ժողովրդավարության» բովանդակազրկված կարգախոսը լայն զանգվածների համար ինչ-որ ցանկալի արժեք հանդիսանար: Ավելին, ժողովուրդը ոչ միայն վերոնշյալ կուսակցական խաղից տուժողն ու դրա գլխավոր մեղավորն է ճանաչվելու, այլ նաև մի քանի տարի ևս դատապարտված է լինելու ընտրություն կոչվածի անպտուղ արդյունքները վայելել շարունակելու: Ինչո՞ւ այս օրերի թիվ 1 հարցը ընտրությունների թափանցիկությունը դարձավ... Որովհետև որևէ մեկը որևէ մեկին շատ վաղուց այլևս չի վստահում: Նույն մարդիկ ընտրությունների նախօրեին դարձյալ այս մասին են խոսելու և տեղամասերը փակվելուն պես դարձյալ մեզ ծանոթ իրենց սև գործն են անելու: Լավատես լինելու հիմքեր չկան, որովհետև արդեն այսօրվանից սրանք տնետուն ընկած փող ու փողի խոստումներ են բաժանում ու բնակվարձեր մարում: Այս մասին մենք չենք ասում: Մենք ընդամենը փաստն ենք արձանագրում: Բայց դե մենք բոլորս տարիների փորձով գիտենք, որ փողի տրցակներով սարեր կարելի է շուռ տալ, իսկ նման եղանակով ընտրություններ կազմակերպելը աշխարհի ամենահեշտ գործն է: Դժբախտաբար, միայն շուռ տալ, իսկ երկիր կառուցե՞լը...