Եվ դեռ զարմացողներ կան Թե ինչո՞ւ է ծռվում այս աշխարհի մեջքը


Գրեթե համատարած անպատժելիության մեր ժամանակներում, պարզվում է, կենսունակ ապրելակերպ է դարձել ժողովրդական հեգնանքը` «Ոչ մի բարի գործ անպատիժ չի մնում»: Սեփական ոչ լիարժեքության գիտակցումից ծնվող լպրծուն նախանձը ճշմարիտ Քրիստոնյային վայել բարեսիրությունն անգամ մարսել-հանդուրժել չէր կարող: Այլ կերպ չես որակի ոմանց այն չարացածությունը, որով իսկական խաչակրաց «արշավանք» փորձեցին սկսել Անհատի դեմ, ով միայն բարի կամքի մղումով ցանկացել էր նորոգ տեսնել 9 հարյուրամյակ ժամանակի հողմերին դիմակայած պատմամշակութային կոթողը: Ընդ որում, ցանկացել էր նորոգ տեսնել` անձնական միջոցները ներդնելով: Բնականաբար, ոգևորվել էին շատերը, ամենից առաջ` Գոշավանքի տարածքում բնակվողները և եկեղեցու սպասավորն երը: Սակայն... չարության պոռթկումը մեղադրանքի տեսքով ժայթքեց հանկարծ... Այո՜, դավադիր այդ պոռթկումի ականատեսը թե լիներ, Գոշն իր «Դատաստանագրքում» հաստա°տ կավելացներ 269-րդ հոդվածը` ընդդեմ բարի գործի ու բարի կամքի դրսևորումն այպանելու: Ցավո°վ կավելացներ ու երևի ևս մեկ անգամ կփառավորեր Բարձրյալին` 21-րդ դարի ամբարիշտներից իրենց ժամանակի տարածությամբ հեռու պահելու համար: Ճարտարապետ Վարազդատ Հարությունյանի հեղինակությանը վայե՞լ էր արդյոք հալածողի վերամբարձ այն տոնը, որով ջուր էր լցնում չարակամների ջրաղացին. - Դա ոչ թե վերականգնում է, այլ բարբարոսություն է, որի համար կարելի է կատարողներին դատի տալ: Ավերումի փոշին սրբելո՞ւ համար: Թույլ տվեք, ուրեմն, վերանայել մեր վերաբերմունքը Ձեր անաչառության հանդեպ, պարոն վաստակաշատ ճարտարապետ: Այդ որոտմունքով 1960-ից սկսյալ երբևէ դիմե՞լ եք պատկան ատյաններին, որ փրկեն համալիրը անխնամության ճիրաններից: Թե՞ նախաձեռնություն ու մտահոգություն ասված դասերը Դուք լավ չեք սերտել: Փորձե՞լ եք գոնե բանավոր խորհուրդներով օգտակար լինել: Գոնե զգացի՞ք, թե հումզունքից ինչպես էր կերկերում Տեր Մարգար Աբեղայի ձայնը, ով փորձում էր «արդարացնել» Բարերարի բարեսիրությունը. - Եթե կա որևիցե մեկը, որ կարող է այդ ամենը հայ եկեղեցու և ճարտարապետական ոճի մեջ ամփոփել, խնդրեմ, կարող է գալ և անել այդ: Մենք ունենք բարերար, ում նպատակը վանքը քայքայումից, ավերումից պաշտպանելն է: Կամ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի գլխավոր ճարտարապետ Արտավազդ Նազարեթյանի «անտեղյակությունը» պատճառաբանված ու հարգելի՞ է արդյոք. - Իրականացնողները պարտավոր էին Մայր Աթոռին տեղեկացնելու և համաձայնեցնելու էդ կատարված աշխատանքներին: Առանց դրա ոչ մի հուշարձանի վրա և ընդհանրապես Մայր Աթոռի ոչ մի օբյեկտի վրա չի կատարվում ոչ շինարարություն, ոչ էլ նախագծային որևէ առաջարկ: Արտավազդ Նազարեթյանի ներողամտությունը հայցելով` իր խոսքն առանց անհրաժեշտ խմբագրումների ներկայացնելու համար, նկատենք, որ իր սեփական անտեղյակությունը դեռ Մայր Աթոռինը չէ: Այստեղ, անշուշտ, տեղյակ են եղել, և նույնիսկ ողջունողներ կան այդ քայլը: Վերջին հաշվով` ինչպե՞ս տեղեկացաք հիմա. նույն կերպ ի սկզբանե կարող էիք և պարտավո°ր էիք տեղեկանալ, բայց արդեն օգտակար միջամտությամբ նպաստելով շինարարության ընթացքին, այլ ոչ` անտեղյակ փնովողի վեղարով տեսախցիկի առջև կանգնեիք: Ավելին, ինչպե՞ս կարող էիք անտեղյակ լինել, որ դեռևս 2001-ին ՀՀ Կառավարության որոշմամբ Գոշավանք համալիրն անհատույց տնօրինման իրավունքով հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Իսկ տնօրինել ասվածը չի՞ պարտավորեցնում` նաև պահպանել ու պաշտպանել: Գոնե բավարարվա՞ծ էին ինքնահնար այս «դեդեկտիվի» հեղինակները` Գոշավանքի հիմնանորոգումը դադարեցնելու այն երեք օրերի ընթացքում: Բարերարը (նրան իրավացիորեն այդպես են մեծարում բոլոր նրանք, ովքեր այս առիթով առնչվել են իր հետ ու նաև նրանք, ովքեր այդ Անհատին անձամբ չճանաչելով` նրա ազնիվ մղումին են ծանոթ` վանքի մասնակի նորոգման արդյունքում), այո, նաև վիրավորվել կարող էր ամռան տապին տեղացող կարկուտի նման իր հասցեին հնչած մեղադրանքներից հետո: Կարող էր, բայց մեծահոգությունը թույլ չէր տա: Իսկ Գոշավանքն, ի դեպ, քրիստոնեական պատմարժեք միակ կոթողը չէ, որի նորոգ լինելու հոգսը նա ստանձնել է ի°ր իսկ կամքով` անձնական հնարավորություններին ապավինած: Ստացվում է` այն, ինչ աստվածահաճո է, մարդահաճո չէ՞: Ի՞նչ արած: Բարեբախտաբար, Տիրոջ կամքն է անսասան, այլ ոչ այսրոպեական տրամադրություններին տուրք տվող մարդ-անցավորի բառաժայթքումը: * * * Գոշի ուխտատեղին մարդկային էություններ բացահայտող յուրօրինակ «փորձաքար» դարձավ: Պատահականություններ չեն լինում. հետաքրքիր է` ի՞նչ նոր առակներ կծնվեին այս պատմությունից: Թեկուզ, օրինակ, «Քարը քարին դնե°լն է քարկոծվում»: Կամ` «Դատաստանագիրքն» անգամ այսպիսի մեղադրանք չէր կարող նախատեսել»: Ինչո՞ւ չէ, նաև` «Ասա ի՞նչ բարիք ես գործել, ասեմ մեղքիդ չափը», «Անտարբերությունն է ծնողն ավերումի և չարության», «Ավերակներով գոհացող աչքը նորոգություն չի հանդուր ժում»... Իսկ Եղիշե պատմիչն այս առիթով հաստատ կկրկներ նորից` - Լավ է կույր` աչոք, քան կույր` մտոք: Հ. Գ. Պատմամշակութային արժեքներն ավերումից փրկելու մտահոգությունն ունեցող բոլոր առողջ հոգիների անունից փորձենք դիմել Բարերարին` իրեն բնորոշ մեծահոգությամբ շրջանցելու ոգու տկարացումից ծնված այս «գրոհը»: Ի վերջո` ամեն արված արդյունքով է չափվում: Առավել ևս, երբ մնայուն արժեք է այդ արդյունքը: Եվ նույնիսկ բառերի հողմերն ավելի են կոփում վճռականությունը, որն այս պարագայում ճշմարիտ Քրիստոնյայի հավատքն է: Հավատքն` առ Աստված ու առ Բարիք և ներողամտությունը` մահկանացու մեղավորաց հանդեպ: Ի ԴԵՊ. «Ստիպված ենք» հիասթափեցնել անթաքույց չարախնդությամբ հանրությանը ապակողմնորոշող- ներին, թե իբր Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԸ «...հասցրել է... մոմասեղաններին անմահացնել իր անվան սկզբնատառերը»: Նախ, սկբնատառերը, և ընդհանրապես, անվանատառերը չեն անմահացվում (սա` իմիջիայլոց): Իսկ արդեն քանի¯ եկեղեցի բարենորոգած այդ Անհատը որոշակի նկատառումներով է նշյալ մոմասեղանների ոտնամասերում «ԳՎ» (այլ ոչ` ՎԳ) տառանշումը կատարել. դա ընդամենը ԳոշաՎանք անվան հապավումն է: Ճիշտ այդպես էլ Կոտայքի մարզի Սուրբ Կարապետ եկեղեցու մոմասեղաններին «ՍԿ» հապավումն է ընթեռնելի (սա էլ գուցե Բարերարի գաղտնանո՞ւն կհորջոջեք): * * * Գոշավանքի նորոգման աշխատանքներն, իրոք, դադարեցված են եղել: Բայց ընդամենը` 3 օր: Ճշմարիտ հավատացյալն ու նաև պատմամշակութային արժեքների հովանավորը չէր կարող ճղճիմ բամբասասիրության խայծը կուլ տալ` հրաժարվելով աստվածահաճո և ազգաշահ իր ծրագրից: Եվ ոչ թե ու ոչ միայն ի հեճուկս տխրահռչակ այս բարբառողների, այլ` ի շիտակ սեր Բարձրյալի ու հուրախություն գոշեցիների, շարունակվում է վերհառնումը Գոշավանքում: Իսկ Բարերարն իրեն հատուկ մեծահոգությամբ խորհուրդ է տալիս լուրջ չվերաբերվելով արմատախիլ անել չարի պտուղները: - Ես ինձ թույլ չէի տա անունս գրել, և այն էլ մոմակալի ոտքի վրա: Դրա անհրաժեշտությունը չկա: Իսկ եթե Տերն այդպես կամենա, Ինքն էլ կհուշի, թե որտեղ և ինչպես «անմահացնել» «անվանս սկզբնատառերը», - ասում է Գեներալը: Ակամա հիշում ենք առժամանակ առաջ տեղի ունեցած մեր զրույցը. Սուրբ Կարապետ եկեղեցու նորոգումն էր ձեռնարկել նա և այդ մասին մամուլով հանրությանն իրազեկելու մեր առաջարկը մերժեց մեղմորեն. - Իմ խղճի և Աստծո գործերին մի խառնվեք, - առարկություն չընդունող տոնով ասաց այն ժամանակ: Իսկ այսօր հավելում է. - Անմաքուր ձեռքերով ու խղճով ոչ մեկը թող չփորձի խառնվել: Այս ամենը ե°ս չեմ անում, այլ` Աստված` իմ միջոցով: Իսկ ընդհանրապես, նման հարցերին անդրադառնալ, առավել ևս քննադատել կարող է միայն հավատացյալ քրիստոնյան, ով գոնե աղոթել, «Հայր մերը» անսխալ արտասանել և խաչակնքել գիտե, ով իր կյանքում գեթ մեկ անգամ ամբողջությամբ պատարագի է մասնակցել... Դե ինչ, պարոնայք երդվյալ այպանողներ, հիմա գոնե ձեզ նեղություն կտա՞ք` ընկալելու և կունենա՞ք քաջություն ինքնախոստովանելու, որ աճապարանքից չեք հասցրել նույնիսկ խնդրի էությունը հասկանալ: Ձեր նմանները չէին էլ կարող նկատած լինել, որ մեր հինավուրց ուխտատեղիների մոմասեղանները երբեմն մայրուղիներին որպես խորովածի մանղալ են ծառայում. ահա թե ինչու հեռատես Բարերարը որոշել է տվյալ եկեղեցու անվան սկզբնատառերը դաջել դրանց վրա: - Իհարկե, լավ կյանքից չէ, որ նույնիսկ դարերի կնիքը կրող մետաղաճաղերն են առևանգվում: Բայց տկարամտություն կլինի` փաստի հետ հաշվի չնստելը, նաև այս կերպ խաչագողությունը չկանխելը,- շարունակում է Վլ. Գասպարյանը և խորհուրդ տալիս մեր հավատքն աղարտող աղանդների° դեմ նույն ջանադրությամբ պայքարել: Բայց պակա՞ս աղանդ է հավատո հանգանակը էժան կասկածամտության նյութ դարձնելը: Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետ Արտ. Նա զարեթյանին ուզում ենք մեկ ուրիշ հարց ուղղել` - «Տեղեկացված» լինելով հանդերձ, ինչպե՞ս ավարտեցիք Գեղարդավանքի նորոգման աշխատանքները: Ավելի ստույգ`` ավարտեցի՞ք որ... անգամ մի քանի միլիոն դրամ պահանջելով դրա դիմաց: Իսկ դառնալով նորից Գոշավանքին, փաստենք` այն ոչ թե վերակառուցվում, այլ ամրացվում է` պահպանելու և մոռացումի ծխածածկույ թը վերացնելու համար: Հնությունից ճռնչացող երկաթյա ճաղաշար դռներն արդեն փոխարինվել են փայտե նորերով, կանգուն ու նորոգ են 2 գմբեթները: Իսկ վայ-հնամոլների տարակույսը հարուցած ապակեպատ տանիքն ու պատուհաններն ընդամենը պաշտպանիչ նպատակ ունեն` արգելել թռչունների և չորքոտանիների մուտքը սրբավայր և պատնեշել ձյուն-անձրև-կարկուտ տարերքի ավերիչ ներթափանցումը ուխատեղիի պատերից ներս: * * * Իրեն բնորոշ նրբանկատությամբ ավարտված համարելով մեր զրույցը, գեներալ Վլադիմիր Գասպարյանը խնդրեց միշտ լավատես մնալ և թեմային անդրադառնալու պարագայում` - Առիթից օգտվելով` ուզում եմ շնորհավորել մեր Վեհափառ տեր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին` ծննդյան 55-ամյակի կապակցությամբ և մաղթել լավագույնը` ազգապահպան իր առաքելության ընթացքին: Ու նաև շնորհակալություն եմ հայտնում նրան, որ հանձին իրեն մեր Եկեղեցին մշտապես սատար է իր հաստատակամ հավատացյալներին: