Ընդդիմության միավորումն անխուսափելի է


Անհայտ ծագմամբ ու առաքելությամբ, բայց ընդդիմադիր կեցվածքով մտավորականների ֆորում կոչվող կառույցը «սպառնում» է առաջիկայում մի շարք հետաքրքիր բացահայտումներով ներկայանալ: Սպասվող նախընտրական դիմակազերծումը, ինչի անխուսափելիությանը բազմիցս ենք անդրադարձել, այս դեպքում և հետագա զարգացումներում «Սև PR» կոչվածի տեսքով փաստորեն քարոզարշավի կարևորագույն բաղադրիչն է դառնալու: Ակնհայտ է, և կոնկրետ օրինակն էլ արդեն ուրվագծում է, որ ընդդիմությունն իր փոշիացած վարկանիշը հակաքարոզչության միջոցով է փորձելու վերականգնել: Իսկ հանրությունը դարձյալ ստիպված է լինելու իր ընտրությունը վատի և վատթարագույնի միջև կատարել: Անհուսալի այս հեռանկարը չի մեղմացնում նույնիսկ այն հանգամանքը, որ արմատականներն այս առումով ավելի շահեկան վիճակում են: Դիմակազերծումների նախատեսվող գործընթացում միակ շոշափելի ձեռքբերումն այն էր, որ դատարկ հայհոյաբանությունը ընդդիմությունը վերջապես կոնկրետ փաստերով կփոխարինի: Այսուհանդերձ, նշված իրողությունը չի կարող արմատականների հաջողության իրական երաշխիքներ ստեղծել, քանի որ արդեն իսկ հակաքարոզչությունը` արմատականների այս պահի գլխավոր զենքը, վկայում է կոնկրետ ծրագրերի բացակայության մասին: Զուգահեռաբար ակնհայտ է դառնում, որ ընդդիմադիր դաշտը քվեարկությանը մի քանի ճակատով կմասնակցի: Հատկապես ոչ միասնական քարոզարշավը հնարավորություն չի տալու անգամ «Արդարություն» դաշինքի դեռևս թարմ հասարակական կշիռը վերականգնել: Ավելին, վաղուց արդեն «Արդարության» ներկայացուցիչները չեն թաքցնում, որ իրենք նախկին ձևաչափով այլևս ընտրությունների չեն գնալու... Դաշինքի երբեմնի լոկոմոտիվ ՀԺԿ-ն մի քանի անգամ հասցրել է բարձրաձայնել միայնակ քվեարկության գնալով հաջողության հասնելու իր լավատեսությունը: Փոքր տրամաչափ և դժվար նկատելի քաղաքական կշիռ ունեցող Արամ Գ. Սարգսյանն էլ հավաստիացնում է, որ դեմոկրատները առաջիկա ընտրություններին միայնակ կամ, որ ավելի հավանական է, գաղափարական դաշինքով են նախատեսում մասնակցել: Սույն թափանցիկ ակնարկը վկայում է, որ Դեմկուսը «Արդարության» շրջանակներում դաշնակիցների այլևս գրեթե չի տեսնում, և նույնիսկ այնտեղ ներկայացված հիմնական քաղաքական ուժերն իրենց հետ ընտրական հավելյալ կցորդներ քվեարկության տանելու հոգսեր արդեն կարող են չփայփայել: Նորերս ընդդիմության շարքերը համալրած նախկին կոալիցիոն կուսակցությունը նույնպես շոշափելի ընտրազանգված չի կարող առաջնորդել: Հայտնի քաղաքական ուժի ղեկավարությունը կատարվածը որքան էլ տարբեր ծովափերում ծանր ու թեթև արած լինի և հավաստիացնի, թե քաղաքական լավ մարզավիճակում է, այնուամենայնիվ, հանրությանը վերջին մի քանի ամիսները լիուլի բավարարել են եզրակացնելու, որ «սրանց երգը երգված է», և առանց նրանց էլ հայրենական քաղաքականությունը չի աղքատանա: Այսուհանդերձ, հավանական է, որ արմատականների հիմնական առաջատարները` հանձին Րաֆֆի Հովհաննիսյան-Արամ Զ. Սարգսյան -Վազգեն Մանուկյան եռյակի, միավորվեն: Նույնքան հավանական է, որ արևմտամետ կողմնորոշում ունեցող ապագա դաշինքը համապատաս խան շրջանակների չափազանց կարևոր` նյութական ու բարոյական աջակցությունը վայելի: Իսկ մինչ այդ ձևավորվելիք եռյակում նաև լավ գիտեն, որ իրենց ղեկավարած կուսակցությունները ընդդիմադիր դաշտում բարձր համարում ունեն, և «Արդարություն» դաշինքի նման ինչ-որ բան ստեղծելու ամենահարմար տարբերակն իրենց միավորումն է: Կասկած չկա նաև, որ սպասվող ընտրություններում նշված եռամիությունը տեղ կարող է զբաղեցնել առաջատարների եռյակում, և դրանով արմատականներին կարող է ավելի իրատեսական թվալ իրենց մեծ երազանքը` իշխանափոխությունը: Նույնքան հավանական է, որ ուրվագծվող դաշինքի լիդերը` Րաֆֆի Հովհաննիսյանը, նույն «հաջողությամբ» կրկնի Ստեփան Դեմիրճյանի ճակատագրական սխալները: (Շարունակելի)