Հայրապետական մաղթանք`


Վեհափառ Հայրապետի ծննդյան տարեդարձի առիթով Օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 55-ամյա տարեդարձի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Հայրապետական մաղթանք: Արարողությանը ներկա էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, բարձաստիճան եկեղեցականներ, Հայաստանի և Սփյուռքի բոլոր թեմերից ժամանած և վանաբնակ միաբաններ, Մայր Աթոռի պաշտոնեությունը և բարեպաշտ հավատացյալներ: Հանդիսավոր թափորի ուղեկցությամբ, Մայր Տաճարի զանգերի ղողանջների ներքո Նորին Սրբությունը Վեհարանից ուղղվեց դեպի տաճար, ուր Միածնաէջ Մայր Տաճարի Իջման Սբ. Սեղանի առջև կատարվեց Հայրապետական մաղթանքի կարգը... ... Հոգեպարար աղոթքի վերջում Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունը հայտնեց, որ կյանքի 55-րդ տարեդարձին շրջապատված է տեսնում իրեն հոգևոր դասով, Մայր Աթոռի պաշտոնեությամբ և հավատացյալ բարեպաշտ ժողովրդի բազմությամբ և իր գնահատանքն ուղղեց նրանց` իրենց անձնվեր ծառայությամբ ու աշխատանքով և աղոթական կյանքով Հայաստանյայց Եկեղեցու առաջընթացին ու բարգավաճմա նը նպաստելու համար: Նորին Սրբությունն իր խոսքում նաև մաղթեց. «Մենք, Իջման Սուրբ Սեղանի առջև կանգնած, աղոթք ենք բարձրացնում առ Աստված` մաղթելով, որ Տերը խաղաղության, առաջընթացի և բարօրության մեջ պահի հայրենի մեր երկիրը և աշխարհասփյուռ ազգս հայոց, որպեսզի աստվածփառաբանությամբ ապրեն իրենց կյանքի օրերը և ապրեն աղոթքով` ստեղծագործելով, կերտելով ու բարեկարգելով ինչպես հայրենական մեր կյանքը, այնպես էլ իրենց անձնական կյանքը»: Արարողությունից հետո Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը բաշխելով հավատավոր ժողովրդին, թափորի ուղեկցությամբ վերադարձավ Վեհարան, ուր ընդունեց Մայր Աթոռի միաբանությանը: