Ժամանակը եվ թատրոնը


Էստրադային-երգիծական ժանրի ճանաչված դերասան ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ և թատերագետ ՆՎԱՐԴ ԱՍԱՏՐՅԱՆԻ երկխոսության նյութը «Ի՞նչ անել» մենաներկայացումն է (բեմադրիչ` Տիգրան Գասպարյան), քաղաքական սատիրայի թատրոնի յուրօրինակ արտահայտություն: - Նոր աշխատանքիդ թեմատիկ ընդգրկումների շուրջ մտորելիս ակամա կառչեցի անէությունից փրկող հույսից` հնարավո՞ր է արդյոք, որ քո հերթական ելույթը ներկայիս հոգևոր-բարոյական թմբիրը թոթափելու խթան հանդիսանա արտիստական հմայքիդ անվերապահորեն տրվող լեփ-լեցուն դահլիճներից որևէ մեկի համար: «Ի՞նչ անել»-ի 12 ներկայացումներից ոչ մեկի ժամանակ ռուսական թատրոնի 625 տեղանոց դահլիճում թափուր տեղ չմնաց... Ի՞նչ կա որ, լեհական հեղափոխությունն սկիզբ առավ հենց թատրոնից: - Այդպիսի միտք արտահայտեց մեր թատրոնի նահապետ Սոս Սարգսյանը իմ ներկայացումներից մեկի առիթով... - Արվեստագետ Հենրիկ Հովհաննիսյանը, որ սկզբունքորեն արդեն երկու տասնամյակ չի նայում արդի հայ թատրոններում ցուցադրվող որևէ ներկայացում, գրեց «Վարդան Պետրոսյանի թատրոնը»... - Լևոն Հախվերդյանը արցունքն աչքերին գրկեց ինձ ու ասաց. «Պետրոս Ադամյան...»: Ես, իհարկե, շնորհակալ եմ իմ արվեստի բարձր գնահատականների համար: Դրանք ինձ օգնում են շարունակել ստեղծագործական անդուլ որոնումները մեր ազգային ցավոտ խնդիրների շուրջ մտորումներս բեմից նորովի դյուրընկալ և ուշագրավ ներկայացնելու ուղղությամբ: - Եվ քո մշտական հանդիսատեսը, որ տարեցտարի, ներկայացումից ներկայացում ավելի ստվար բանակ է կազմում, սիրով ու կարոտով սպասում է, թե Վարդան Պետրոսյանը հայկական իրականության արատները կերպավորող ի՞նչ նոր կոլորիտային սկետչներ է ցուցադրելու: Զվարթ տրամադրությունը քո ներկայացումների ամենակարևոր հատկանիշներից է: Ափսոս, որ համընդհանուր անհոգ ծիծաղի մեջ հաճախ կորչում են գլխավոր ասելիքիդ ենթաշերտերը` այդպես էլ հասու չլինելով անդավաճան երկրպագուներիդ մեծամասնությանը: Պարզագույն օրինակ, այս ներկայացման սկզբում հումորով, տարբեր լեզուներով, այսօրվա մեծահարուստ նորահայի ինֆանտիլ զավակ Գագուլիկի հրաշալի գտնված կերպարով խնդրում և հորդորում ես անջատել բջջային հեռախոսները: Ծափ ու ծիծաղով լսում են քեզ, բայց, միևնույն է, ներկայացման ընթացքը ժամանակ առ ժամանակ անպայմանորեն խաթարվում է հեռախոսային տարաձայն ազդանշաններով. դեռ լավ է, որ կարողանում ես չկորցնել հումորիդ զգացումն ու մտքիդ թելը... - 30 հազար մարդու այսօր միայն ծիծաղով կարող ես թատրոն բերել: Ես լավատես չեմ, փորձում եմ լինել իրատես: Դժվար է զրոյից մասսայական հանդիսատես ձևավորել, նրանում արմատավորել թատրոն հաճախելու ամենատարրական վարքագիծ` սկսած նշված ժամին հանդիսասրահում գտնվելու անհրաժեշտության գիտակցությունից: - Մասսայական հանդիսատեսի գիտակցական մակարդակը հղկելու միտումով է, կարծում եմ, որ ամենախրթին պրոբլեմների բեմական պատկերներդ երբեմն պարզունակեցնելու աստիճան պարզեցնում ես, դյուրամարս լինելու նպատակով անեկդոտային բնույթի միջարկումներ ներմուծում մի թեմայից մյուսին անցնելիս: Ակնհայտ է, որ հանդիսասրահի գերակշռող մեծամասնությանը առավելապես դուր են գալիս հենց այդ լիցքաթափող ներմուծումները: Նա սրտանց ծիծաղում է, աշխուժանում` առանց խորանալու իր գռեհիկ ճաշակին հարմարեցված դրվագներում առկա ենթատեքստային բովանդակության մեջ, առանց գիտակցելու, որ բեմից ծաղրվում է իր իսկ արատավոր մտածելակերպը, ծաղրանմանակվում են իր արտառոց դրսևորումներն` իրենց ամենաբնութագրական կողմերով: Ներկա հասարակությունը ամբոխացումից, վերջնական դիմազրկումից փրկելու ֆունկցիան վերագրում ես «գագուլիկների պապաների» կողմից վախվորած, անգործության դատապարտված մտավորականությանը` ինքդ կանխելով քեզ. «Ես ինձ տնից աշխատանքի չեմ կարողանում առաջնորդել, ինչպե՞ս ազգիս առաջնորդը լինեմ»: - Պատմությունը միշտ էլ առաջ են շարժել անհատները: Մտավորականության, մշակույթի գործիչների ֆունկցիան մեր ժողովրդին իր պատմությանը ծանոթացնելն է... - Օպտիմալացված պատմության դասագրքերո՞վ: Ինչպես դու ես ասում` գլոբալիզացված աղի հանքի դեմոկրատական դռները բացելով, որպեսզի մեր կյանքը չհամեմվի սոսկ «անգլիական աղով» կամ մեր իսկ բարօրության համար չարժանանանք հերթական մարդասիրական ռումբին... - Ինքդ քեզ պարտավորված զգա ճշմարիտ ու խելացի խոսքը մարդկային լայն զանգվածներին հասցնելու, նրանցում ազգային ինքնագիտակցություն արթնացնելու: Հայերս սովոր ենք ուրիշի, օտարի միջոցով փրկություն գտնել: Հենց մտավոր ծուլությունն է, որ կասեցնում է մեր առաջընթացը: Պետք է ուժ տալ մտավորականին` առողջ սերմ ցանելու, որպեսզի գոնե վաղվա սերունդը գանձեր ժողովի... - Քաղաքական կյանքի պատմական և արդի հիմնարար անցքերի քո գնահատականների մի մասն անվերապահորեն ընդունում եմ, այդուհանդերձ, չեմ կարող համաձայնել Վլադիմիր Մոնոմախից մինչև Վլադիմիր Պուտինն ընկած հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում Վլադիմիր Լենինի ունեցած դերին տված քո բնորոշումներին: Իմ տպավորությամբ, դրանցում սևը չափազանց խտացված է: «Ռուսի օրհնված ոտքի» մասին զգալիորեն տարբեր են իմ ու քո պատկերացումները... - Համադրելով տարբեր ազգերի արխիվային փաստաթղթերը` ես ինքս անակնկալի եկա: Եթե մեր պատմաբանները կարողանային փաստագրական նյութերի հիման վրա այսօր գոնե բացահայտել խորհրդային շրջանի պատմական ժամանակահատվածը, ինքդ էլ կսոսկայիր: Իմ ներկա դիրքորոշումները փաստացի հիմքեր ունեն: Բեմական տարբերակում ես փոքր-ինչ ավելի եմ շեշտադրել հարկավոր գույները, որպեսզի հնարավորություն տամ հայրենակիցներիս` բուժվելու ուրիշների միջոցով սեփական հարցերը լուծելու դարավոր ախտից: Մենք այսօր քաղում ենք նախորդ սերնդի ցանած անմիաբանության, մտավոր ամլության դառը պտուղները: Կանգնած ճամփաբաժանի առջև` շարունակում ենք վիճել: Բոլորը դժգոհ են իրենց վիճակից, բայց անխնա հոշոտում են իրար: Տուժում է ժողովուրդը: - Այս առումով որոշակի հակասություններ եմ գտնում քո բեմական խոսքի տրամաբանական հանգուցակետում: Փայլուն ներկայացնելով ժամանակակից հայի մարդկային նկարագրի խեղումները մեր կյանքի գնացքի պատմական գրեթե բոլոր բախտորոշ կայարաններում, ծաղրելով մեր ազգի ճակատագրում որոշիչ (հիմնականում` բացասական) դեր խաղացած երկրներին` ներկայացման վերջում անկեղծ հավատով դիմում ես հանդիսատեսին ոտքի կանգնել, առանց խուճապի` ապավինելով միայն Աստծուն և ինքն իրեն, ոտքի կանգնել, չբարոյալքվել, ընտրել հասարակ զավակների միջից գլխավոր դերակատարներ, որոնք էլ կգտնեն ելքը ներկա, մեղմ ասած, գորշ իրականությունից: Կասկածներս հիմնավորելու համար, կարծում եմ, միանգամայն բավական է հիշատակել «ամերիկյան կայարանի» դրվագը: Այո, ամերիկացիները մտածել չեն սիրում, ավելին` չեն էլ ուզում: Նրանք ենթարկվում են իրենց թելադրված հրահանգներին: Սրա ամենացայտուն արտահայտություն ներից է հեռուստաշոուն, որի համոզիչ զավեշտը դու ստանում ես` հանդիսատեսին վարպետորեն ներգրավելով դրա կենսական համարժեքությու նը ինքնաբուխ ապահովող խաղում: Պատկերը սահմռկեցուցիչ է` գրեթե ողջ հանդիսասրահը քո հրահանգով ծափահարում է, ծիծաղում` դույզն-ինչ չերկմտելով, որ սերիալային դեգրադացնող հիպնոսի արդյունքում ինքը դարձել է հարազատ երկվորյակը մշտածիծաղ ամերիկացու: Ներկաներից քչերի մեջ է առաջանում իր հայրենակցի այս հուսահատեցնող կերպարանափոխության համար ափսոսանքի զգացումը: Մի՞թե ա°յս հանդիսատեսին հույս ունես ոտքի հանել խաղաղ, մարդավայել ռեֆորմիստական քաղաքականություն իրագործելու, սրան, որ ոտքի է կանգնում քո հրահանգով, ինչպես ծիծաղում ու ծափահարում էր` չգիտակցելով իր տեսակի նսեմությունը... - Ես փայփայում եմ վերափոխված նոր հայի հույսը, որ անկոտրում, տաժանակիր աշխատանքի մեջ է: Ինքս իմ ներկայացումներով անընդմեջ աշխատում եմ այս ուղղությամբ` մտածելով բուժել իմ հնարամիտ հնարքներով այս հիվանդ հասարակության անդամներին: Վստահ եմ իմ հաջողության վրա, քանի որ ներկայացումներից յուրաքանչյուրի դահլիճում զգում եմ հանդիսատեսների այն խմբի ներկայությունը, որ քեզ նման տխրում է իր ազգի ներկա նկարագրից, ուղիներ մտմտում այս վիճակից նրան դուրս բերելու: Ինչքան շատ եմ անում, այնքան թվում է, թե ոչինչ չեմ արել: Գիտեմ, որ ելքը ելք փնտրելու մեջ է: Այս պահին շատերը հույս ունեն, բայց ելք գտնելու տաղանդ չունեն: Հանդիսատեսն ինձ հավատում է, սպասում ինձ հետ նոր հանդիպման: Դա ինձ խանդավառում է պահպանելու աշխատանքիս ռիթմը: