«Ամենաթանկը սերն է հայրեանիքի


«Իմ կյանքի ճանապարհին հանդիպած եզակի մարդկանցից է ազատամարտիկ Գնել Մանուկյանը: Եզակի` հայրենիքի հանդեպ իր նվիրական սիրով, իր բարոյական պահվածքով, իր ազնվությամբ ու համեստությամբ: Երախտագիտությամբ ես մտածում նման մարդկանց մասին: Ամիսներ առաջ էր: Մարմարաշենում էինք, իրենց տանը: Խնամքով պահպանվող ռազմաճակատային լուսանկարների ալբոմն էի թերթում: Ահա ինքը` ֆիդայու հանդերձանքով, ասպետորեն գեղեցիկ. զինակիցների հետ է, մարտից առաջ: Մեկ այլ լուսանկարում պարապմունքներ է անցկացնում ջահել մարտիկների հետ: Ու ես հասկացա, որ Գնելը հատուկ սեր ունի լուսանկարների հանդեպ: Դրանցում ռազմաճակատային իր կյանքն է նաև, այդ կյանքի ապրած պահերը, որ թանկ են հին զինվորի համար: Թեժ մարտերից պատմեց: Այդ պահերին վերապրումներից լարվում էին դեմքի մկանները... Երբ խաղաղվեց, նույն բարի, զուսպ ու համեստ մարդն էր իմ առջև: Պատերազմում զոհված մարտական ընկերների լուսանկարներին նայեց ու ասաց. - Բոլոր սերերից ամենաթանկը սերն է հայրենիքի: Ահա այս մարդիկ նետվեցին դեպի մահացու վտանգ հանուն այդ սիրո: Ասացի, որ ուզում եմ ակնարկ գրել իր մասին. «Բայց ես ի՞նչ եմ արել, իմ պարտքն եմ կատարել, տղաների մասին գրեք», ու լռեց: Իսկ նա ազատամարտի տարիներին շատ բան է արել, արել է այն, ինչ կարող է անել հանուն հայրենիքի ինքնազոհաբերության պատրաստ զինվորը: Արարատի մարզի Մարմարաշեն գյուղն է նրա ծննդավայրը: Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը: Ծառայել է ԽՍՀՄ ռազմաօդային ուժերում: Որպես դեսանտային, դասակի հրամանատար Գնել Մանուկյանը 36 թռիչք է կատարել ծառայության ժամանակ: Զորացրվելուց հետո ավարտել է Կրասնոդարի մարզի պոլիտեխնիկական ինստիտուտը, ինժեների որակավորում ստացել ու վերադարձել հայրենիք: «Հայտրանստեխմոնտաժ» տրեստում էր աշխատում, երբ սկսվեց Արցախյան շարժումը: Նախնիների արյան կանչն արթնացավ երակներում: Թողեց ամեն ինչ ու սկսեց հայրենի գյուղի կամավորականներից ջոկատ ստեղծել, հասկանալով, որ անխուսափելի է կռիվը: Հավաքագրում էր նրանց, ովքեր ի սկզբանե նախնիների ոգու կրակով էին մկրտված, ովքեր պատրաստ էին հանուն հայրենիքի իրենց կյանքը դարձնել սխրանք: 28-ամյա Գնելը նշանակվեց ջոկատի հրամանատար: Եվ 1989 թվականի հոկտեմբերի 4-ին ձգվեց Մարմարաշենի կամավորական ջոկատի մարտական երթի ճանապարհը, որ լեռներով պիտի անցներ, հասներ Հադրութ, Շահումյան, Մարտակերտ, ապա` Ֆիզուլի, Կուբաթլու, Ջաբրաիլ` փառքով պսակելով իր անունը: Ու գնացին տղաները... Ջոկատը մարտական առաջադրանք էր ստացել մեկնել Հադրութ` պաշտպանելու շրջանի Արփագյադուկ, Սպիտակ Շեն, Պետրոսաշեն սահմանային գյուղերը, որ այնքան էլ հեռու չեն իրարից: Դրանք այն օրերն էին, երբ հաճախակի էին դարձել սադրանքները ազերիների կողմից. նրանք ռուս օմոնականների հետ մեկտեղ դիմում էին ամեն մի ստոր միջոցի` հայաթափելու շրջանի բնակավայրերը: Աշնանային մառախլապատ օր էր, երբ ջոկատը տեղ հասավ: Մարտիկները բաժանվեցին փոքր խմբերի: Երկրորդ խումբը Գնելի հրամանատարությամբ նոր էր հասել Սպիտակ Շեն: Հանկարծ կրակոցներ լսվեցին: Պարզվեց, որ ազերիները հարձակում են ձեռնարկել Արփագյադուկ գյուղի վրա: Գնելն առանց հապաղելու հինգ հոգանոց ջոկատով նետվեց առաջ. չէ՞ որ տղաներն են այնտեղ` Գառնիկն ու Արբակը. նրանց բոլորին էլ ճակատագիրն է միացրել, միացրել է անհուն սերը Արցախ աշխարհի հանդեպ: Արդեն մոտ էին բարձունքին, որտեղ Գառնիկն ու Արբակն էին դիրքավորված, երբ դարձյալ ճարճատեցին թշնամու ինքնաձիգների հերթազարկերը: Գնելն իր մարտիկների հետ գետնին սեղմվեց: Հետո սողալով առաջ գնացին: Տեղանքը բարդ էր, ձորակներով կտրտված: Իսկ ամեն մի վայրկյանը թանկ էր: Արհամարհելով վտանգը, հրամանատարը ելավ տեղից, կանգնեց, մի պահ նայեց շուրջն ու գրոհի տարավ ջոկատին: Առջևում մահ սփռող ոսոխի կրակակետերն էին: Ամեն ինչ վճռեցին տղաների արիությունն ու գրոհի հանկարծակիությունը: Հակառակորդը հետ շպրտվեց: Գառնիկն ու Արբակը փրկված էին: Մարտի բռնվելով անհավասար ուժերի դեմ` նրանք երկուսով անձնուրացաբար դիմադրել էին, մինչև օգնությունը տեղ էր հասել: Շուրջ երեք ամիս ջոկատը մնաց այնտեղ: Հերթապահում էին գիշերները, կասեցնում ազերիների հարձակումները, օգնում բնակիչներին` վերանորոգելու վնասված տները: Դեկտեմբերին ջոկատը վերադարձավ` մարտական առաջադրանքը կատարած: 1990-ին Գնել Մանուկյանը նշանակվեց Մասիսի շրջանի կամավորական ջոկատի հրամանատար: Նախկին դեսանտայինը քաջ գիտեր, որ առանց կարգապահության ու պատշաճ պահանջկոտության հնարավոր չէ հասնել լուրջ հաջողությունների: Իրենց տանը ինքն այդ ոգով էր դաստիարակվել, ծնողները մանկավարժներ էին: Հրամանատարի համառ ու տքնաջան աշխատանքն իր պտուղները տվեց. ամուր կարգապահություն հաստատվեց ջոկատում: Շրջանի գրեթե բոլոր գյուղերում կազմավորված ջոկատների բազայի վրա ստեղծվեցին շտաբներ: Օր-օրի ստվարանում էին կամավորականների շարքերը, դառնում կուռ ու մարտունակ` անցկացվող ամենօրյա պարապմունքների, վարժանքների շնորհիվ: Ստանալով հերթական առաջադրանքը, 1991-ի օգոստոսին ջոկատը մեկնեց Շահումյան, որտեղ մնաց ութ ամիս: Բուզլուխ, Մանաշիդ, Խա չին Տափ, ահա այն բնակավայրերը, որոնց ինքնապաշտպանական կռիվներին մասնակցել է ջոկատը: Կուբաթլուում էր: Գնելն այդ ժամանակ «Զորավար Անդրանիկ» կամավորական ջոկատի հրամանատարն էր: Մայրաքաղաքային գնդի ստորաբաժանումների հետ մեկտեղ ջոկատը ծանր մարտեր էր մղում խոշոր կրակակետի վերածված Դեյխան գյուղի համար: Թեժ մարտերից մեկում վիրավորվում է Վալտեր Փաշոյանը, որը հրամանատարի հավատարիմ զինակիցներից էր: Հարկավոր է վիրավորին դուրս բերել մարտադաշտից: Եվ Մարետա Սարգսյանը նետվում է առաջ: Ջոկատի բուժքույրն էր Մարետան: Սակայն հետ գալիս, ոսոխի դավադիր գնդակից զոհվում է այդ խիզախ ու անվեհեր կինը, որը տասնյակ ազատամարտիկների կյանք է փրկել: Ջոկատի ամենակրտսեր մարտիկը 16 -ամյա Նվեր Զաքարյանն էր, ամենատարեցը` 63-ամյա Արարատ Ավագիմյանը: Ու պատմում էր հրամանատարը, թե ինչպես էր «ծերուկը» գրոհի ժամանակ ոգեշնչում տղաներին, գոտեպնդում հաղթանակի հավատով: Ջոկատում կռվում էին նաև Գնելի հարազատ եղբայրները` Աշոտն ու Ժորան, քրոջ, հորեղբոր ու հորաքրոջ տղաները` Վարդանը, Աշոտիկը, Վահագնը, Կամոն... Տուն-Հայրենյացը գերդաստանով էին պաշտպանում Մանուկյանները: Նրանցից շատերն այսօր էլ շարքում են, ազգային բանակում են ծառայում: Շատ մեծ է «Զորավար Անդրանիկ» կամավորական ջոկատի ավանդը Խոջալուի, Լաչինի միջանցքի, Մարտակերտի շրջանի Կիչան, Սրխավենդ, Վաղուհաս գյուղերի ազատագրման գործում: Այդ ծանր մարտերում, ցավոք, եղել են նաև զոհեր: Գնելը երախտագիտությամբ է հիշում քաջի մահով ընկած մարտական ընկերներին` Ռուբիկին, Մարտինին, Վալերիկին, Շմավոնին, Գերասիմին... Այն խիզախ հայորդիներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին Արցախ աշխարհի ազատության համար: Ռազմաճակատային օրերի տպավորություններն ու հուշերն ասես վերջ չունեն: Ու շարունակում էր պատմել Գնելը: Մարտակերտում էր, Վաղուհաս գյուղի մոտ: Ջոկատը հայտնվել էր հակառակորդի տանկերի հրանոթային կրակի տակ: Մարտի նետելով թարմ ուժեր, ազերիները փորձել են շրջանցել թևերով, օղակի մեջ առնել կատաղի դիմադրություն ցույց տվող մեր մարտիկներին: Պահը ճակատագրական էր: Գնելը, չկորցնելով ոգու արիությունը, վճռեց անցնել հակահարձակման: Պատերազմի դաժան դպրոցում մարտական փորձ ձեռք բերած հրամանատարը հասկանում էր, որ հեշտ չի լինելու, որ ստեղծված իրադրությունում դա է միակ ելքը: Եվ ջոկատի մարտիկներին հաջողվում է չեզոքացնել աքցանի մեջ հայտնվելու վտանգն ու դուրս գալ շրջափակումից: 1993-ին Գնել Մանուկյանն ստանձնում է 5-րդ կամավորական բրիգադի հրամանատարի տեղակալի պարտականությունները: Իսկ հրադադարից հետո եղել է նաև գնդի հրամանատար: 2003 թվականից Մասիսի տարածքային զինվորական կոմիսարն է փոխգնդապետ Գնել Մանուկյանը, միաժամանակ «Զորավար Անդրանիկ» հասարակական կազմակերպության նախագահն ու Հայաստանի կոնտակտ-կարատե-դո և քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի պատվավոր նախագահը: 1996-ին, երբ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր էր, նախկին ճակատայինը դարձյալ երկրի պաշտպանունակության ամրապնդման, բանակի հզորացման գործով էր ապրում: Հայրենիքը հզոր դարձնողները նրա նվիրյալ զավակներն են, մարտական շքանշանների ասպետ Գնել Մանուկյանի նման մարդիկ:

Սերժ ԱՌԱՔԵԼՅԱՆ