«ՔԻՄՊՐՈՄԸ»` ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ


Հայաստանում կարծես թե աղմուկ է հասունանում քիմիական մեկ այլ հսկայի` Վանաձորի «Քիմպրոմի» շուրջ, որի աշխատակիցները ևս սկսել են բողոքի ակցիաներ անել չվճարված աշխատավարձերի և ընդհանրապես գործարանի հետագա ճակատագրի համար: «Նաիրիտն» ու Վանաձորի «Քիմպրոմը» Հայաստանի անկախությունից ի վեր ըստ էության դարձել են աղետի գոտիներ: «Նաիրիտում» նույնիսկ պայթյուն տեղի ունեցավ, որին չորս մարդ զոհ գնաց: Իսկ ընդհանրապես, այդ ձեռնարկությունները Հայաստանում կոռուպցիոն և հումանիտար աղետի գոտիներ են: Հումանիտար աղետը հազարավոր մարդկանց չվճարված աշխատավարձերն են, ինչը խորացրել է այդ մարդկանց սոցիալական ճգնաժամը, նրանց հասցրել նյարդային խանգարման եզրին: Կոռուպցիոն աղետը այդ կոմբինատների սեփականատերերի հետ կապված խնդիրներն են: Դրանք ձեռքից-ձեռք են անցել, ընդ որում, մեղմ ասած կասկածելի գործարքների արդյունքում:

Վերջին տասնամյակում իշխանությունները մի քանի անգամ հայտարարել են, թե «Նաիրիտի» կամ «Քիմպրոմի» վերագործարկման հարցը լուծված է, և քիչ է մնացել դրանք աշխատեցնելուն: Հնչել են տարբեր ներդրողների անուններ` թե´ տեղի, թե´ արտերկրի: Բայց այժմ ակնհայտ է, որ Հայաստանը քիմիական աղետի մեջ է` բարեբախտաբար` միայն փոխաբերական իմաստով:

Արդյո՞ք կարող են կտրել այն ճյուղը, որի վրա են իրենք` բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ: Անկասկած` ո´չ: Հայաստանի քիմիական արդյունաբերությամբ հետաքրքր ված է ռուսական հսկաներից մեկը` «Ռոսնեֆտը»: Սակայն «Ռոսնեֆտն» ըստ ամենայնի չի ցանկանում ձեռք բերել տարաբնույթ խորհրդավոր պատմություններով և խնդիրներով աչքի ընկնող համակարգը: Ամենևին ոչ այն պատճառով, որ «Ռոսնեֆտը» և նրա ղեկավար Սեչինը մաքրության և օրինականության կատարյալ մարմնացում են: Պարզապես Սեչինը չի ցանկանում իր վրա վերցնել հայկական կոռուպցիոն պատմության ծանր բեռներից մեկը: Ըստ ամենայնի դրված է պարզ պայման` «Ռոսնեֆտը» կվերցնի քիմիական արդյունաբերության մեջ ներդրումների պատասխանատվություն, եթե նրան կտան ամբողջապես մաքուր թուղթ: Իսկ ամենամեծ ցանկության դեպքում անգամ դա բավական բարդ է լինելու:

Մարիամ ԳԵՎՈՐԳՅԱՆ