Վտանգավոր շրջադարձերի ժամանակը


Դեռ տասը տարի առաջ փորձագետները հաճախ էին անդրադառնում ամերիկյան ռազմավարների մշակած «կառավարելի քաոսի» դոկտրինի կիրառմանը: Այն ոչ միայն տարբեր պետություններում իրենց անցանկալի վարչակարգերին «սարքովի» հեղափոխություններով տապալելու նպատակ էր հետապնդում: Պենտագոնի գլխավոր ռազմաքաղաքական խնդիրը երկար տարիներ բանակցությունների միջոցով չլուծված հակամարտությունները «բլից» պատերազմների սցենարով հանգուցալուծման հասցնելն էր: Սակայն հետո Սպիտակ տանը հասկացան, թե ինչպիսի անկանխատեսելի վտանգներով է հղի այդպիսի մարտավարությամբ առաջնորդվելը: Ի վերջո, ո´չ Իրաքում ու Աֆղանստանում, ո´չ «արաբական գարնան» միջոցով իշխանափոխված երկրներում ստեղծված քաոսը «կառավարելի» դարձնել չի հաջողվում: Ի դեպ, քաղաքագետների մի խումբ նույնիսկ համոզված էր, որ «բլից» պատերազմի միջոցով Արևմուտքը պատրաստվում է «գծել» ԼՂՀ նոր քարտեզը` Հայաստանին և Ադրբեջանին կանգնեցնելով արդեն կատարված փաստի առջև:

Այսօր այդ մասին չի խոսվում: Քանզի բոլորին հասկանալի է, որ քանի դեռ համաշխարհային պատերազմ չկա, Հարավային Կովկասում նման խաղեր իրականացնելը խիստ անհեռանկարային է և լի անկանխատեսելի հետևանքներով:

Կա ռուսական գործոնը, որը խառնում է Արևմուտքի բոլոր խաղաքարտերը: Դա առաջին հերթին հասկանում է Ալիևը, որ ո´չ ԱՄՆ-ը, ո´չ Անգլիան, Գերմանիան ու Ֆրանսիան պատերազմի վերսկսման դեպքում իրեն նեցուկ լինել չեն կարող: Նույնիսկ չեզոք դիրք չեն կարող գրավել ո´չ Ռուսաստանը, ո´չ Իրանը: Աջակցողի դերում կարող է լինել միայն Թուրքիան: Սակայն պատերազմին Թուրքիայի միջամտությունը ոչ մի կերպ չի արդարացվելու և հակառակ «էֆեկտն» է ունենալու, քանզի հնարավորություն է տալու ՀԱՊԿ-ին` մտնել ռազմական գործողությունների մեջ:

Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ադրբեջանը չի կարող սահմանափակվել` գրոհելով միայն Արցախի վրա: Անխուսափելիորեն պատերազմական գործողություններ կծավալվեն հայ-ադրբեջանական հյուսիս-արևելյան, ինչպես նաև ՀՀ-Նախիջևան սահմանագծերում: Այսինքն, ՀԱՊԿ պայմանագրի հիմնական կետը` դաշնակից պետության անվտանգության պահպանումը շրջանցելը ոչ մի կերպ հնարավոր չի լինի: Արևմտյան փորձագետները գրեթե համոզված են, որ պատերազմը կավարտվի Ադրբեջանի ջախջախիչ պարտությամբ: Իսկ դա նշանակում է Հարավային Կովկասում ռուսական ազդեցության գոտու կտրուկ ընդլայնում: ԱՄՆ-ը և Եվրամիությունը դա հիանալի գիտակցում են, դրա համար էլ խիստ մտահոգված են պատերազմի վերսկսման հեռանկարից:

Սակայն մի շարք իրադարձություններ, հատկապես վերջին շաբաթներին ստիպեցին սևեռվել, ինչպես ընդունված է ասել, մեդալի հակառակ երեսի վրա: Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի ահագնացող չափերը, դրան զուգահեռ Մաքսային Միությանը Հայաստանի միանալու վերջնական պայմանագրի ստորագրման հետաձգումը երկիմաստ հետևություններ անելու լայն դաշտ ստեղծեցին: Այժմ արդեն պատերազմի վերսկսման շահագրգռության կասկածները Արևմուտքից «տեղափոխվեցին» Ռուսաստանի վրա: Որքան էլ ՌԴ իշխանական խոսափողները պնդեն, թե այս կամ այն պետությանը զենք վաճառելը եղել և մնում է օրինաչափ գործընթաց, միևնույն է` կա մի սահման, որից հետո յուրաքանչյուր արդարացման փաստարկ զրկվում է հիմնավոր և տրամաբանական լինելուց: Նույնիսկ միջազգային ընդունված կոնվենցիաներով արգելվում է զենք վաճառել պատերազմող երկրներին: ՌԴ-ն կարող է պնդել, որ պատերազմ, որպես այդպիսին չկա: Բայց նրանք հիանալի հասկանում են, որ հայ-ադրբեջանական հակամարտության պարագայում պատերազմ լինել-չլինելը հարաբերական հասկացություն է: Եթե չլիներ Մաքսային Միության պայմանագրի հետաձգման, Ռուսաստան-Ադր բեջան շփումների ակտիվացման խնդիրը, գուցե կասկածները այսչափ չխորանային:

Մակերեսային դիտարկմամբ` տպավորություն է ստեղծվում, որ նախկինում ստատուս-քվոյի պահպանման հիմնական շարագրգիռ պետությունը այժմ շրջադարձ է կատարել իր ռազմավարությունում և պատերազմ սադրելու նպատակ է հետապնդում: Եթե այս վարկածի մեջ ռացիոնալ հատիկ կա, ապա Ռուսաստանը շատ վտանգավոր խաղ է սկսել: Հատկապես` եթե հաշվի առնենք, որ ռուս-ուկրաինական լոկալ պատերազմը լայնածավալի փոխարկվելու միտում ունի: Սակայն հետաքրքիրն այն է, որ երբ փորձում ենք խորանալ երևույթների մեջ` այդ «ռացիոնալ հատիկը» փոխարկվում է իռացիոնալի, և բազմաթիվ հարցականներ կախված են մնում օդում` այդպես էլ չստանալով տրամաբանական պատասխաններ:

Մի՞թե որևէ լուրջ քաղաքագետ կարող է պնդել, որ Ադրբեջանը խոստացել է մտնել Եվրասիական Միություն, և դրա դիմաց Պուտինը համաձայնել է պատերազմի վերսկսման դեպքում աջակցել Ադրբեջանին: Տասնյակ փաստարկներ կարելի է բերել, որ դա խելքին մոտ չէ բոլորովին: Այդ դեպքում ինչո՞ւ է ձգձգվում ՀՀ-ի ՄՄ մտնելու պայմանագրի ստորագրումը: Կարող են հարցնել վերլուծաբանները` ենթադրելով, որ լուրջ տարաձայնություններ են ծագել մեր երկրի և Ռուսաստանի միջև` տրամաբանական կապը տանելով-հասցնելով ընդհուպ Ադրբեջանին նպատակադրված զինելու մարտավարությունը: Այստեղ էլ կարելի է հակադարձել: Իսկ ինչի՞ց կարելի է ենթադրել, որ տարաձայնություններն իրոք շատ խորն են և անլուծելի: ՀՀ իշխանական տարբեր բարձր ամբիոններից անընդհատ համոզված պնդում են, որ պայմանագիրը հաստատ ստորագրվելու է սեպտեմբերին: Բոլոր դեպքերում պարադոքսներն առկա են: «Փափուկ բարձի» ժամանակներն անցել են: Արդի հարափոփոխ աշխարհում իրավիճակների կտրուկ փոփոխությունները առավել քան ակնկալելի են, որոնց պետք է պատրաստ լինել` մշտապես մտքում պահելով «երբեք, մի´ ասա երբեք» կարգախոսը:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ