Էս էլ է հնոց ադաթ


Ճիշտ` ինչպես մանկական տունտունիկը, երբ նախադպրոցական երեխաները «մարդուկնիկ» կամ «հարսուփեսա» են խաղում: Տարբերությունը մեկն է` որ այս դեպքում «հարսը» 62 տարեկան է: Հա, մեկ էլ` հարսանքավորները մեծահասակներ են: Ի՞նչ անի 9-ամյա խեղճ մանչուկը. իր երկրի հնոց ադաթն է. հո չի՞ կարող պապերի հոգին խռովել:

Իսկ այդ երկիրը Հարավաֆրիկյան Հանրապետությունն է, որի Թևանա կոմունայում երկրորդ անգամ ամուսնացնում են դպրոցական Սանելե Մասիլելոյին` 5 երեխաների մայր Հելեն Շաբանգուի հետ, ով տղեկին տատիկ կգար:

Տեղի ավանդույթի համաձայն` հարսանեկան արարողությունը կատարվում է երկու փուլով (տեղեկացրել է IndeΘendent-ը): Առաջին անգամ ջահելները (լա˜վ ջահելներ են 9 տարեկան և 62 տարեկան զույգը) պաշտոնապես ամուսնանում են փեսացուի տանը, երկրորդ փուլում` հարսնացուի:

Հելենը ամուսին էլ ունի, բայց չէր կարող մերԺել Սանելին: Ավելի ստույգ` նրա պապի հոգուն, որը երազում այցելել է մանչուկին ու պարտավորեցրել ամուսնանալ Հելենի հետ:

- Մենք պարտավոր ենք ենթարկվել մեռած նախնիների կամքին: Եթե մեր որդին հրաժարվեր անել այն, ինչ ասել էր պապի հոգին, նրա հետ անպայման մի վատ բան կկատարվեր,- ասել են փեսացուի ծնողները:

Նրանք հարսին ու փեսային շուրջ 3 հազար դոլար են նվիրել:

Իսկ Հելենի մեջ հավանաբար մայրական գորովն է խոսել.

- Ես շատ եմ ցանկանում օգնել Սանելեին և գործ չունեմ նախապաշարումների և շրջապատի կարծիքների հետ,- հայտարարել է հարսնացուն:

Զույգը ի լուր ամենքի` ընդգծել է, որ իրենց միջև չկա և չի կարող լինել սեռական որևէ հարաբերություն: Ինչպես նաև` իրենք համատեղ չեն ապրելու: Իսկ փոքրիկ փեսացուն էլ թոթովել է, որ ապագայում ինքն ամուսնանալու է իր հասակակցի հետ:

Մնում է օրինական ամուսնալուծության խնդիրը: Երևի նրանց նախապապերից մեկն էլ երազով կայցելի և դրա պահանջը կներկայացնի: