ԲԱՆԱԿԸ ՄԵՐ ԱՄՐՈՑՆ Է


Այն կադրային սպաներից է գնդապետ Ռուբեն Բախշյանը, ովքեր իրենց ռազմական գիտելիքները և զինվորական հարուստ փորձը ներդնում են սերունդների հայրենասիրական ոգին բարձր պահելու գործում:

Ռ. Բախշյանը ծնվել է Գորիսի շրջանի Հալիձոր գյուղում: 1958 թ. զորակոչվել է բանակ: Ավարտելով սերԺանտական դպրոցը, ընդունվել և գերազանցությամբ ավարտել է Թիֆլիսի հրետանային ուսումնարանը: Ծառայության 7 տարիներին եղել է զինվորական զորավարժարաններում (պալիգոն): Ավարտել է Մոսկվայի ռազմաքաղաքական ակադեմիան, ապա Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Սկզբնական շրջանում ծառայության է անցնում ՀՀ կառավարությանը կից Պաշտպանության կոմիտեում, ապա նշանակվում առաջին կազմզորահավաքային վարչության պետ, այնուհետև Ռազմական ինստիտուտի ուսումնական և ռազմադաստիարակ չական պետի տեղակալ: Գլխավոր ռազմական տեսչությունում զբաղեցնելով շտաբի պետի պաշտոնը, նա բծախնդրորեն ստուգում էր ինժեներական կառուցվածքը, ծառայության որակը, աջակցում բանակի կազմավորման գործընթացին` ինչպես Հայաստանում, այնպես էլ ԼՂՀ-ում:

Անցնելով վաստակած հանգստի, իր ծրագրերն իրականացնում է Պատերազմի և զինված ուժերի կոմիտեում` գլխավորելով ռազմահայրենասիրական դաստիարակության հանձնաժողովը: Կոմիտեն օժանդակում և վետերանների կուտակած փորձն է փոխանցում բանակ զորակոչված զինվորին, հանդիպումներ ունենում բուհերում:

- Մեր բանակը ծնունդ է առել պատերազմի բոցերից, թրծվել, մարտական փորձ ու հմտություն է ձեռք բերել` իր պատրաստվածության մակարդակով չզիջելով ու հաճախ էլ գերազանցելով տարածաշրջանի մեր հարևան պետություններին: Թերևս ամեն օր խոսում են պատերազմի մասին, խուճապ առաջացնում ժողովրդի մեջ: Լինելով բանակի ստեղծման ակունքներում, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը:

- Բանակը մեր անկախության պահպանման կարևոր օղակն է: Հրադադարից հետո խուճապ առաջացնող բազմաթիվ հայտարարություններ շատ են լինում մեր հարևան Ադրբեջանի կողմից: Բայց դա նրանց համար քաղաքական նպատակ ունի` վախ առաջացնել մեր ժողովրդի մեջ, որ արտագաղթը շարունակվի, մարի մեր մարտիկների ոգևորությունը, հուսահատություն տարածի: Որպես զինվորական, կարող եմ վստահ ասել, որ այդ հայտարարությունները նպատակ ունեն նաև իրենց երկրում առկա տնտեսական վիճակը կապել իբր պատերազմական իրավիճակի հետ` այդ կերպ փորձելով խուսափել ճնշումներից: Բայց իրենք գիտեն, որ եթե պատերազմ սկսեն` կպարտվեն:

Մեր ժողովուրդն էլ պետք է իմանա, որ մենք ավելի ուժեղ ենք թե´ զենք-զինամթերքով, թե´ ուսուցանված, ռազմահայրենասիրական ոգով դաստիարակված բանակով: Հայ զինվորը հայրենասիրական մեծ ոգի ունի:

- Ինչո՞վ է դա պայմանավորված. որ մեր զինվորները, մանավանդ` թշնամուն դեմ-հանդիման` մարտական բարձր ոգի ունեն` դա ապացուցվել է բոլոր ժամանակներում:

- Դա գալիս է մեր պատմությունից և նրանց հետ տարվող աշխատանքից: Համատեղ զորավարժություններ են լինում ինչպես ԱՊՀ, այնպես էլ շատ ու շատ այլ երկրներում, որտեղից մեր զինվորները վերադառնում են բարձր ցուցանիշներով ու գնահատականներով: Իսկ դա գալիս է դպրոցից, աշակերտները 3 տարի ռազմագիտության դասընթացներ են անցնում, գիտեն, որ մեր հաջողության գրավականը մեր ձեռքերում է: Դա երևում է տարբեր միջոցառումների ժամանակ նրանց ոգևորությունից և բարձրացրած հարցերից:

- Ինչպիսի՞ն է բարոյահոգեբանական մթնոլորտը բանակում: Դուք լինում եք տարբեր զորամասերում, լսում եք նաև անկարգությունների մասին: Որոշակի իմաստով դա ևս օրինաչափ է, որովհետև բանակը հասարակության միկրոպատկերն է:

- Վերջերս զորամասերից մեկում միջոցառման էինք մասնակցում: Պաշտոնական մասն ավարտվեց, հավատացեք, ամենաանտարբեր մարդն անգամ կոգևորվեր: Ծնողների ոգևորությունն այնքան մեծ էր, որ ոչ ոք չմոտեցավ ինչ-որ առաջարկով, որևէ դժգոհություն չլսեցինք: Այսինքն, հոգու խորքում հայ ծնողը հպարտ է, որ զինվոր որդի ունի: Ինչ վերաբերում է անկարգություններին` դուք ճիշտ եք: Քաղաքացիական կյանքում ավելի շատ են հանցագործություններն ու դժբախտ դեպքերը: Նույն հասարակության ծնունդ է և զինվորը:

 Ցանկացած ոլորտի առավելություններն ու թերությունները նախևառաջ պայմանավորված են դրա ղեկավարի հմտություններով ու մարդկային նկարագրով: Որ այսօր մեր պաշտպանության գերատեսչությունը շահեկան վիճակում է` ակնհայտ է: Նախարարի պատահական այցերը զորամասեր, ուղերձները, բոլորը զգոնություն են առաջացնում: Դուք ի՞նչ կավելացնեք:

- Սեյրան Օհանյանը այն քիչ ղեկավարներից է, եզակի, եթե չասենք միակ, ով հարգանք ու հեղինակություն է վայելում: Բավական երկար ճանապարհ է անցել նա: Մինչև ղարաբաղյան պատերազմը եղել է Ստեփանակերտի 366 գնդի վաշտի և գումարտակի հրամանատարը: Երբ լուծարվեց սովետական բանակը, այդ թվում 366 գունդը, Սեյրան Օհանյանը ազատամարտիկների շարքերում էր: Նա իսկական հերոս է: Նույնը կարող եմ ասել ԼՂՀ նախարար Մովսես Հակոբյանի մասին: Այն ժամանակ կային 6 պաշտպանական շրջաններ: Մովսես Հակոբյանը Մարտակերտի շրջանի ղեկավարն էր: Նրանք երկուսն էլ զինվորական գործին, ռազմական արվեստին լավագույնս տիրապետող, բանիմաց ու հայրենասեր նախարարներ են, երկուսն էլ ունեն փառավոր կենսագրություն: Նրանց խոսքը գործ է, որի արդյունքն էլ երևում է: Իրենք իրենց զինվոր են զգում ու իրենց բանիմացությամբ, փորձով, պատրաստվածությամբ ոգևորում են զինվորին, հավատ ներշնչում:

- Ո՞րն եք համարում մեր բանակի հիմնախնդիրը:

- Բացթողումներ կան, որոնք գալիս են բուհերից: Դպրոցում տարվող աշխատանքի շարունակությունը, լրացումները պետք է տա բուհը: Ուսանողների հետ աշխատանք է պետք տանել: Սակայն զինվորական ամբիոններ չկան, որովհետև ֆինանսավորում չկա:

Բայց դա արդարացված ու անհրաժեշտ ծախս է, որի համար միջոցներ հնարավոր է և պետք է´ գտնվեն: Հիմնախնդիրներն, այո, պայմանավորված չեն միայն զինվորով կամ հրամանատարով, ու քանի որ բանակը հասարակության միկրոպատկերն է, ուրեմն հասարակությունն էլ անելիք ունի` բանակին լավ զինվոր, հայրենիքին լավ քաղաքացի տալու:

Հասմիկ ՄԱՂԱՔՅԱՆ