Երկար մազեր «թռցնողները»


Վենեսուելայում երևի առժամանակ կանայք խուսափելու են երկար մազեր ունենալ, զի երկարավարս որոշ տիկնայք մազաորսների զոհերն են դառնում: Նման հարձակումները հետզհետե ավելի հաճախակի են դառնում, իսկ վարսավիրանոցներում պատրաստակամորեն գնում են գողացված մազերը (տեղեկացրել է Huffington Post-ը):

Հետաքրքրական է, որ այս հանցագործության ժամանակ ոչ միայն տուժողները, այլև հարձակվողները նույնպես կանայք են: Սրանք գործում են շատ հասարակ մեթոդով. զենքի սպառնալիքով ստիպում են հավաքել մազերն ու մեկ տրցակ դարձնել, ապա կտրում են խնամքով հավաքված մազապոչը: Երբեմն էլ մազատերն ինքն է իր ձեռքով կտրում սեփական վարսերն ու վախեցած հանձնում հանցագործին:

Այս հանցատեսակից գոհ են վարսավիրները. ուրիշի մազերով շքեղ սանրվածքի գինը միանգամից բարձրացել է 30 %-ով: Նրանց ի˜նչ, թե ինչպիսի ճանապարհով են հայթայթում իրենց վաճառվող ապրանքը:

Բայց սա չէ ամենատարօրինակը: Խնդիրն այն է, որ «մազաորսներին» պատասխանատվության ենթարկելը չափազանց դժվար է. տեղի օրենքներով մազի գողությունը հանցակազմ չի պարունակում:

Ի դեպ, հանցագործության այս տեսակը եզակի երևույթ չէ աշխարհում: Այդպիսի ավազակախմբեր են գործում Հարավաֆրիկյան Հանրապետությունում` Յոհանեսբուր գի տարածքում, ուր տեղական շուկայում մինչև ուսերը հասնող վարսերը վաճառվում են 23-70 դոլարով, իսկ ավելի երկար մազերը` մինչև 230 դոլարով:

Անվտանգության և քրեական արդարադատության հարցերով համաշխարհային ինստիտուտի քաղաքացիական խորհրդի տվյալներով` Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը երրորդ տեղում է` աշխարհում կատարվող հանցագործությունների քանակով: