«Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, ընկնում են նրա պակասի պատճառով»


- Հայրենիքն է շնորհում մարդուն հպարտանքներից ամենաարդարը, ցավերից ամենախորը, պաշտամունքներից ամենաանխառնը և մահերից ամենասուրբը:

Նժդեհյան այս ձևակերպումը, երբեմն նույնիսկ չգիտակցված, ազնիվ բնազդների մղումով առաջնորդել է հայ մարդուն: Այսօր էլ առաջնորդում է` որքան էլ խտանա դժգոհությունը, և որքան էլ ահագնանա անզորությունը: Եղեռնագործներն անորսալի չէին կարող լինել հայ վրիժառու արդարամարտիկների համար, իսկ Երկրորդ աշխարհամարտում հերոսացող հայ զինվորներն ու գեներալներն ամենից առաջ իրենց ոստան Հայաստանն էին պաշտպանում թուրք բաշիբոզուկներից:

Անվերծանելի մի զգացողություն կա հայրենիքի հանդեպ, քոնն է ու սիրում ես նրան: Բայց այնքա˜ն փխրուն է այդ սերը, որ ամեն պահի, ամեն չնչին առիթով կարող է ճաք տալ: «Չնչին» ասվածը երևի այնքան էլ չնչին չէ, բայց հայրենիքը չի կարող ցավեցնել իր զավակին: Իրար ցավեցնում են մարդիկ, բայց խռոված լքում են Հայրենիքը` նման ապաշնորհ այն որդուն, կամ քարսիրտ այն հորը, ովքեր ծնողներին ու զավակներին տկարությունից փրկել չկարողանալով` լքում են նրանց: Այսպես վարվում են չկայացած մարդիկ: Սակայն հայրենիքը օրրանն է այն նվիրյալների, ովքեր հեռվից անգամ փայփայում են նրան: Իսկ օրհասի պահին պատրաստ են և իրենց կյանքն են պատարագում հայրենիքին:

Մեր ամբողջ պատմությունը վկա: Եվ օտար ափերում ծվարած հայ վրիժառուների ցասումը վկա, ովքեր իրենց բարօրությունը հոգալու փոխարեն սրախողխող արված անմեղ զոհերի դահիճներին էին որոնում: