Սպասում ու հավատում են, որ անպայման վերադառնալու են:


ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, ՍԴՀԿ կենտրոնական վարչության նախաձեռնությունն էր Հնչակյան քսան գործիչների նահատակության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովը, ուր բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց.

- Ազատ, անկախ Հայաստանի գիտության տաճարում` Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցող այս միջազգային գիտաժողովը արժանի տուրք է հարյուր տարի առաջ կախաղան հանված 20 երիտասարդների հիշատակին: «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը նաև նրանց մասին է: Քսան երիտասարդները տենչում էին հայոց ազատության ղողանջը հնչեցնել աշխարհի չորս ծագերում, իսկ որպես խնկարկում նրանց անմահ հիշատակին` հայ ժողովրդի արդարության ձայնը մոլորակի վրա միլիոնավոր մարդկանց շուրթերին աղոթք դարձավ: Այսօր մեր ցավը, հիշողությունը համախմբել է ողջ հայ ժողովրդին, և մենք ականատեսն ենք աննախադեպ զարթոնքի ու համախմբման, Հայոց Դատը վերջին հանգրվանին հասցնելու հաստատակամությամբ: Այս գիտաժողովն առիթ է ոգեկոչելու մեր նահատակներին, մեծարելու ու հերոսացնելու մեր քսան հնչակյան գործիչներին և անդրադարձ կատարելու 128 ամյա կառույցի ձեռքբերումներին: Հնչակյան քսան հերոսներն իրենց կյանքը տվեցին Հայաստանի անկախության համար, և խորհրդանշական է, որ կախաղան բարձրացան «Կեցցե Հայաստանը» խոսքերը շուրթերին:

«Քսանի լուսաբացը» ֆիլմի ցուցադրությունից հետո հետաքրքրությամբ ունկնդրվեց Լիբանանի քաղաքական գործիչ, պատմաբան, Լիբանանի խորհրդարանի նախկին անդամ Եղիկ Ջերեջյանի «Քսանների քաղաքական գնահատականը» խորագրով զեկուցումը:

Հնչակյան գործիչ Փարամազի հերոսական գործունեությունը ներկայացրեց Թուրքիայի քաղաքական գործիչ, պատմաբան Քադիր Աքինը` «Կոտրված շղթայի օղակները միացնող «Փարամազ» խորագրով իր զեկուցմամբ:

Զեկուցումներով հանդես եկան նաև` գրող, հրապարակախոս, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը, պատմական գիտությունների թեկնածուներ Գեղամ Հովհաննիսյանը և Մանուկ Ստեփանյանը: