ԶԻՆԿՈՄԸ

ԳՆԴԱՊԵՏ ԳԱՐԵԳԻՆ ԱՍԱՏՐՅԱՆ


Ի շարս Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 70-ամյա տարեդարձին նվիրված հանդիսությունների, 2015-ի մայիսի 9-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Կարմիր հրապարակում, տասնյակ երկրների բարձրադիր ղեկավարների (այդ թվում` ՀՀ նախագահի) ներկայությամբ, տեղի ունեցավ զինվորական շքեղ զորահանդես: Այն դարձավ հակահիտլերյան կոալիցիայի երկրների, աշխարհի քաղաքական կյանքի նշանակալի իրադարձություն: Ի նշան թշնամու դեմ տարած հաղթանակի գործում հայ ժողովրդի նշանակալի ներդրման` զորահանդեսին մասնակից 10 երկրների զինվորականների շարքում, Հայաստանի դրոշի ներքո մասնակցեց նաև ՀՀ ԶՈՒ մարտական ստորաբաժանումը:

թ. հունիսի 22-ի լուսադեմին ֆաշիստական Գերմանիան ուխտադրուժ կերպով հարձակվեց Խ. Միության վրա: Սկսվեց մարդկության պատմության ամենադաժան և արյունալի պատերազմը` Երկրորդ աշխարհամարտի ամենաողբերգահերոսական արարը, որը համաշխարհային պատմության մեջ մտավ` որպես Մեծ Հայրենական:

Ֆաշիզմի դեմ մղվող պայքարը նաև մեր ժողովրդի մեծ Հայրենականն էր: Դա պատերազմ էր այն թշնամու դեմ, որն ակտիվ մեղսակիցն էր Հայոց մեծ եղեռնի: Հայությունը` հայրենա-բնակ, երկրի մյուս հանրապետություններում ապրող, թե` Սփյուռքի, ոտքի ելան պաշտպանելու միասնական Հայրենիքը: Պատվաբեր էր իր հնարավորութ յունների առավելագույնով Մեծ Հայրենականին հայ ժողովրդի մասնակցությունը: Ամենագետ վիճակագրության համաձայն` պատերազմին մասնակցեցին հայ ժողովրդի 600.000-ից ավելի զավակներ, որի 500.000-ը Խ. Միությունից, այդ թվում` 300.000-ը` Հայաստանի Հանրապետությունից: Արտասահմանյան երկրների զինված ուժերի, դիմադրության շարքերում մարտնչում էր 100.000 հայ: Միայն հակահիտլերյան կոալիցիայի անդամ ԱՄՆ-ի բանակում ֆաշիստական ուժերի դեմ մարտնչել են 20.000, իսկ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի զինված ուժերում` ավելի քան 30.000 հայ: Ամբողջի մեջ` շուրջ 10.000 կին:

 Բոլոր զորատեսակների կազմում հայ ժողովրդի զավակները ցուցաբերեցին զինվորական արիություն, աչքի ընկան զորավարական տաղանդով: Ցավոք, մարտերում զոհվեց ավելի քան 200.000 հայորդի:

Մեր ժողովրդին ֆաշիզմի դեմ ոտքի հանելու, Հայաստանի Հանրապետության մարդկային ռեսուրսը զորակոչելու, տնտեսությունը պատերազմի պահանջներին համազոր վերակառուցելու, հայ Սփյուռքը ոտքի հանելու աննախադեպ ու լայնածավալ աշխատանքը գլխավորում էին ամենապատասխանատու արժանահիշատակ պաշտոնատար անձինք: Գործիչներ, որոնց ծառայությունն արժանի է ամենաբարձր գնահատականի: Նրանց մասին գրվել է ու դարձյալ կգրվի:

Դա Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար  Գրիգոր Հարությունյանն  էր (1900-1957), Հայաստանի Ժողկոմխորհի նախագահ  Արամ Փիրուզյա նը (1907-1996), Հայաստանի Գերագույն Խորհրդի նախագահության նախագահ  Մացակ Պապյանը  (1901-1961), Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի ռազմական բաժնի վարիչ Աշոտ Մկրտչյանը  (1905-1973), Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղապահ, արքեպիսկոպոս  Գևորգ Չորեքչյանը  (1868-1954), ՀԼԿԵՄ Կենտկոմի առաջին քարտուղար  Գեղամ Ալեքյանը  (1912-1998): Պատերազմական տարիների Հայաստանի հիշարժան ղեկավարների փաղանգում իր առանձնակի պատասխանատու դերակատարումն ուներ ՀՀ զինվորական կոմիսար (1940-1952), գնդապետ  Գարեգին Ասատրյանը  (1901-1969), ում մասին հանիրավի քիչ բան է հայտնի:

1920թ. դեկտեմբերին Գարեգին Ասատրյանը կամավոր զինվորագրվեց Կարմիր Բանակին` ճակատագիրն ընդմիշտ կապելով զինվորական ծառայության հետ: 1921թ. սկզբներին երիտասարդ կարմիրբանակայինին նշանակում են Շամշադին-Դիլիջանի գավառային տեղամասային զինկոմ: Ալ. Մյասնիկյանի առաջարկությամբ` հեռանկար խոստացող երիտասարդ սպան հիմնավոր ռազմաքաղաքական գիտելիքներ է ձեռք բերում հայկական լեռնահրաձգային առաջին դիվիզիայի քաղղեկների, այնուհետև` հրամկազմի, հետո էլ` Թբիլիսիի հետևակային ռազմաքաղաքական մեկամսյա դպրոցներում: Ուսումնառությունից հետո, մասնագիտական իր գիտելիքներով ու ընդհանուր էրուդիցիայով բարձրակարգ զինվորական-քաղաքական աշխատողի համբավի արժանացած Գ.Ասատրյանը նշանակվում է Հայկական հրաձգային առաջին գնդի շտաբի պետ: Սկսած 1932 թվականից նա բարձր պաշտոններ է վարում Ադրբեջանում տեղաբաշխված հրաձգային դիվիզիայում, այնուհետև` որպես վարչության պետ` անդրկովկասյան ռազմական օկրուգում: 1938-ին, տեղի ղեկավարության պահանջով Գ.Ասատրյանը նշանակվում է Ադրբեջանի զինվորական կոմիսար, 1939-ին ստանում է գնդապետի կոչում:

Խորհրդային Հայաստանի կառավարության պահանջով 1940թ. գնդապետ Գ.Ասատրյանը նշանակվում է հանրապետության զինվորական կոմիսար:

Կարմիր բանակի կազմում կռվում էր 6 հայկական ազգային դիվիզիա (NN 76, 89, 261, 390, 408, 409)` շարքերում ունենալով 60000-ից ավելի հայ ռազմիկ: Թամանյան պատվո անունը կրող 89-րդ հրաձգային դիվիզիայի մարտական ուղին Կովկասյան լեռներից մարտերով ձգվեց` ավարտվելով Բեռլինի գրավման մասնակցությամբ: Ռազմաճակատում հայրենիքի համար մարտնչող հայկական դիվիզիաները, որոնք ձևավորվել էին Հայաստանում, պորտալարով կապված էին «փոքր հայրենիքի»` Հայաստանի հետ, ստանում էին նրա բարոյական և նյութական օգնությունը:

Նշված ազգային զորամիավորումներից բացի, պատերազմի տարիներին Հայաստանում կազմավորվեցին ռազմաճակատ մեկնելու պահին զգալի չափով հայերով համալրված ևս յոթը` 31-րդ, 61-րդ, 136-րդ (15-րդ գվարդիական), 138-րդ (70-րդ գվարդիական), 151-րդ, 320-րդ և 408-րդ հրաձգային դիվիզիաները:

Հարկ է ընդգծել Թուրքիայի ագրեսիվ ու ծավալապաշտական մտադրությունները` կապված ֆաշիստական Գերմանիայի հաղթանակի հետ: 57 դիվիզիաներից և 13 բրիգադներից կազմված գերմանական բանակի «Հարավ» խոշոր խմբավորումը, համաձայն «Բարբարոսա» պլանի, Կիևը գրավելուց հետո պետք է դուրս գար Հյուսիսային Կովկաս, իջներ Անդրկովկաս, միանար Հարավային Կովկաս ներխուժած թուրքական բանակին: Այդ նպատակով Գերմանիայի փաստացի դաշնակիցը ստեղծել էր պլացդարմ Հայաստանի և Վրաստանի սահմանի վրա, հիմնականում` Ախուրյանի աջ ափին: Իր հետևակային 48 դիվիզիաներից նա այդտեղ էր կենտրոնացրել ընտրովի 26-ը: Ընդհանուր թվով 300 հազարանոց այդ սպառազեն արմադան կազմուպատրաստ սպասում էր հարմար պահի (սկզբում Մոսկվայի, հետո էլ` Ստալինգրադի գրավմանը)` ներխուժելու և իրագործելու հայերի նոր եղեռն: Առաջին աշխարհամարտում տարածքներ կորցրած Թուրքիայի համար գերմանացիների հարձակումը հարմար առիթ էր պատմության անիվը շրջելու, Օսմանյան Կայսրությունը վերածնելու, «Մեծ Թուրանի» երևակայական սահմանները վերականգնելու համար:

Հիտլերի հաղթանակի դեպքում` առաջինը ռազմական գործողությունների թատերաբեմ կդառնար Հայաստանը: Պանթուրքական մամուլի ազդեցիկ օրգան «Բոզ Գուրտը», 1941թ. հուլիսին տպագրեց «Մեծ Թուրանի» քարտեզը, որի վրա գերմանացիներին զորակցության համար դեպի Կովկասի, Պովոլժիեի և անդին «ընդհանուր արմատներ ունեցող, իսլամադավան և նույն լեզվաընտանիքին պատկանող» ժողովուրդները տանող թուրքական բոլոր ուղիներն անցնում էին Հայաստանի վրայով: Աշխարհին տիրանալու մարմաջով տարված մեծ դիվահարը` Հիտլերը, անպատժելիության զգացում հարուցելու համար, դեռևս 1939թ. Օբերզայցբուրգում, Լեհաստանի վրա հարձակման առիթով իր գեներալների առջև ունեցած դիրեկտիվ ելույթում հռետորական եղկելի հարց տվեց «...այժմ ո՞վ է մեր ժամանակներում հիշում Թուրքիայում հայերի կոտորածի մասին»: Գերմանական զավթիչներին Խ. Միության իսլամադավան ժողովուրդների զորակցության նպատակով` Հայաստանը որպես Թուրքիայի համար «տարանցիկ տարածք» ծառայելու գաղափարը, հավանության արժանացավ գերմանական դեսպան ֆոն Պապենի կողմից ադրբեջանական մուսավաթականների լիդեր Միր Յաղուբ Մեհթիևի հետ հանդիպման ժամանակ: Պատերազմի մեջ երկրի մտնելը գրեթե անխուսափելի համարող թուրքերի գերմանամետ վարչապետ Սարաջօղլուն 1942-ի հուլիսին տեսչական այց կատարեց խորհրդային սահմանին տեղակայված թուրքական զորքին, որի հրամկազմն արդեն ստացել էր կնքված գաղտնի ծրարներ` «Պատրաստ ռազմական գործողությունների» մակագրությամբ:

Թուրք-գերմանական հատուկ ծառայությունների թելերը տանում էին Բաքվի ու Գրոզնու կրոնական որոշ շրջաններ: Թուրքական գործակալներն անլեգալ և լեգալ աշխատանք էին իրականացնում Հայաստանին սահմանակից վրացական Ջավախքում բնակվող մեսխեթցի թուրքերի շրջանում, որոնց զգալի մասը  բացահայտ պաշտպանում էր Անկարայի չարանենգ մտադրությունները: Խորհրդա-թուրքական սահմանին հաճախակի էին դարձել զինված դիվերսիաներն ու սադրանքները: 1942թ. ամռանն ու աշնանը, երբ Կովկասի և Ստալինգրադի համար մղվող մարտերում որոշվում էր Խ. Միության լինել-չլինելու հարցը և յուրաքանչյուր դիվիզիա, գունդ հաշվի մեջ էր ռազմաճակատում, հարկադրյալ զգալի ուժեր էր պահվում խորհրդա-թուրքական սահմանի երկարությամբ: Պատերազմի մեջ Թուրքիայի մտնելու հավանականության մասին Ստալինը զգուշացրեց իր մոտ հրավիրված Անդրկովկասյան հանրապետությունների Կոմկուսի ղեկավարներին: Ստեղծված իրադրությամբ էր թելադրած 1942-ի ամռանն ու աշնանը այս հանրապետությունների ամբողջ պահեստազորի, այդ թվում` 1924 թվականին ծնվածների զորակոչը: Մանրամասները թողնելով, ասենք, որ զինկոմիսարիատը անմիջական մասնակցություն բերեց Հայաստան էվակուացված ռազմիկների ապաքինումն ու շարք վերադարձնելը կազմակերպելու գործում: Հայաստանը դարձավ էվակուացված վիրավոր զինվորների բուժման և առողջացման հանգրվաններից, որն իրականացվում էր ավելի քան 10 հազար մահճակալով` 30 էվակոհոսպիտալներում. հանրապետության 94 հիվանդանոցներում և 50 հոսպիտալներում բուժվեց և շարք վերադարձավ ավելի քան 12.000 զինվոր ու սպա: Ռազմական անմիջական գործողություն ներից դուրս մնացած սովետական հանրապետությունների շարքում Հայաստանը նույնպես դարձավ թշնամու կողմից զավթած արևմտյան շրջանների իրենց օջախներից տարհանված ավելի քան 22 հազար մարդու տեղավորման, բնակության պայմանների ստեղծման, հյուծված ու հիվանդ ներգաղթողներին բուժելու վայր: Նույնը վերաբերում է շուրջ 500, ծնողազուրկ և մանկատների սաների պատսպարմանը. միայն Լենինգրադից Հայաստան տեղափոխվեց ու հոգատարության արժանացավ 200 երեխա:

Ռազմաճակատը պահանջում էր ոչ միայն կռվող ձեռքեր: Եվ Հայաստանը դարձավ երկրի պաշտպաններին զենք ու զինամթերք, պարեն ու հանդերձանք մատակարարող:

Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացած 11.625-ի մեջ 99-ը հայեր էին (վրացիներ` 89, ուզբեկներ` 69, ադրբեջանցիներ` 43 և այլն), Պատերազմի մասնակից 83 հայորդի ստացան գեներալի կոչում, որից 4-ը` Սովետական Միության մարշալի, մեկը` Խ.Միության ադմիրալի կոչում:

Հատկապես 1943-ից սկսած` հանրապետության զինկոմիսարիատի մարմինները մեծ գործունեություն ծավալեցին գերմանական օկուպացիայից երկրի ազատագրված շրջաններին նյութական և այլ օգնություն կազմակերպելու, պատերազմից վերադարձածներին խաղաղ աշխատանքի ներգրավելու, հաշմանդամներին, զոհվածների ընտանիքներին նյութապես ապահովելու գործում:

Ի դեպ` խնդիր էր նաև Հայաստան փոխադրված գերմանական ռազմագերիների ճամբարավորման և աշխատացնելու գործը:

Անդրադառնալով Հայրենական Մեծ պատերազմին հայ ժողովրդի մասնակցությանը «Պրավդա» թերթը գրեց. «Հայաստանում թնդանոթներ չեն որոտացել, Հայաստանը չի իմացել գերմանական արշավանքի սարսափները: Բայց հայ ժողովուրդը հասկանում էր, որ Դոնի և Կուբանի, Ուկրաինայի և Բելոռուսիայի դաշտերում վճռվում է նաև իր ճակատագիրը, պաշտպանվում է նաև իր անկախությունը: Այդ պատճառով հայ ժողովրդի զավակները Խորհրդային Միության եղբայրական բոլոր ժողովուրդների հետ ոտքի ելան ի պաշտպանություն խորհրդային Հայրենիքի և անձնուրաց կերպով մարտնչում էին գերմանաֆաշիստական զավթիչների դեմ»:

***

1952թ. առողջության պատճառով Գ. Ասատրյանն անցավ թոշակի. Նա մահացավ 1969 թվականին: Հայրենիքի զինված ուժերի հանդեպ նրա ծառայությունները գնահատվել են կառավարական բարձր պարգևներով, այդ թվում` Լենինի երկու, Կարմիր Դրոշի երկու, Կարմիր Աստղի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով: