1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Հուլիսի 1¬ից նախատեսվող ուղեվարձի կրկնակի թանկացումից հետո Երևանի մետրոպոլիտենն է´լ ավելի ծանր իրավիճակում կհայտնվի: Թեև նշվում է, որ մեկ ուղևորի տեղափոխման ինքնարժեքը 160 դրամ է, և գնաճի նպատակն ընդամենը ուղեվարձն ինքնարժեքին մոտեցնելն է, սակայն ակնհայտ է, որ փոխադրավարձի թանկացումն ավելի է նվազեցնելու ստորգետնյա ճեպընթացներից օգտվող քաղաքացիների թիվը: Գաղտնիք չէ, որ վերգետնյա երթուղիների առատության պայմաններում մետրոյի ողջ «հմայքը» 50 դրամանոց սակագինն էր մնում: Հենց դա էլ հատկապես ուսանողների ու սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչների համար վերջին տարիներին մատչելի ու դրանով իսկ նախընտրելի փոխադրամիջոցի էր վերածել մետրոն: Իր հերթին թանկացման հնարավորության մասին սկսեցին խոսել այն ժամանակ, երբ էլեկտրաէներգիայի գնի բարձրացման խնդիրը մի պահ շրջանառվելուց հետո շատ արագ մոռացվեց¬հետաձգվեց: Ինչպես հայտնի է, հոսանքի սակագնի վերանայման սպառնալիքը, մանավանդ ամառային ամիսներին, երբեք էլ հրատապ չի եղել, և ուղեվարձի թանկացումը բնավ էլ չարժե այսպես կոչված վաղօրոք ձեռնարկվող նախապատրաստական միջոցառումներով պայմանավորել: Նոր ներդրումների ու դրանով իսկ նոր կայարանների շահագործման հավանականությունը նույնպես փոքր է. 50-ական կամ 100-ական դրամներով անհնար է միլիոնավոր դոլարներ կուտակել ու մեր քաղաքի ստորգետնյա փոխադրամիջոցի աշխարհագրությունն ընդլայնել: Սա այն դեպքն է, երբ ներդրումների այլ աղբյուրներ պետք է որոնել: Սակայն ընդհանուր ուղևորափոխադրումների ընդամենը 9.6 տոկոսն իրականացնող մետրոպոլիտենի է´լ ավելի անմխիթար ապագան պատկերացնող ցանկացած տեղացի, թե օտարերկրյա կառույց հաստատ կհրաժարվի սեփական միջոցները նման անհեռանկար ու կարծեք թե միտումնավոր կաթվածահար արված «բիզնեսում» ներդնել: Այնպես որ, երևանյան մետրոյի վերակենդանացման ուղղությամբ այնուամենայնիվ պետք էր մտածել, բայց նախաձեռնությունը տվյալ դեպքում լրիվ սխալ մեկնակետից սկիզբ առավ: