ՓՈԽԱԴԱՐՁ «ԿՐԱԿԱՀԵՐԹԻ» ԺԱՄԱՆԱԿԸ


ԱՄԵՆԱՅՆ Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի Վրաստան կատարած հովվապետական այցի արձագանքները շարունակվում են` օրավուր ստանալով նոր «ենթաշերտեր»: Այն, որ վիրահայ համայնքը Վեհափառին ընդունեց ուրախությամբ, սիրով, հպարտությամբ` անառարկելի է: Անառարկելի է նաև, որ այդ հովվապետական այցը կարելի է պատմական համարել, քանզի 100 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ Հայոց կաթողիկոսն այցելեց Ջավախք, որտեղ էլ կուտակվել են հիմնահարցերը, և որի բնակչությունը հատկապես վերջին շրջանում իրեն անպաշտպան է զգում` իր վրա կրելով Վրաստանի իշխանությունների մեծապետական քաղաքականությունը, տարածաշրջանից հայերի դուրս մղման ջանքերը: Ջավախքի հայության շրջանում Կաթողիկոսի այցն այն լավատեսությունը ծնեց, որ Հայաստանը երբեք անտարբեր չի կարող լինել հայության այս հսկա զանգվածի ճակատագրի հանդեպ: Այդ այցը ցանկանում էր իր օգտին օգտագործել վրաց ուղղափառ եկեղեցին` լուծելու համար մի շարք հարցեր: Դրանք նա տարիներ շարունակ չէր հանում օրակարգից` աստիճանաբար փորձելով ոչ միայն օրինականացնել հայկական եկեղեցիների յուրացումը, այլև տարածվել Հայաստանում, օրինականացնել նաև ապօրինաբար ստեղծված ուղղափառ եկեղեցու Լոռու թեմը, որը հռչակել էր Իլյա Երկրորդը: Պատահական չէ, որ վրացական կողմից տարածվեց ապատեղեկատվություն, թե ստորագրվել է երկուստեք կոմյունիկե, որով, իբր, Գարեգին Բ-ն համաձայնել է Հայաստանում պայմաններ ստեղծել վրացական հոգևոր թեմերի ստեղծման համար: Տեսնելով, որ ձախողվում են իր ծրագրերը, Իլյա Երկրորդ կաթողիկոս-պատրիարքն արդեն վիրավորական հայտարարություն է անում Ամենայն Հայոց կաթողիկոսի հասցեին` նրան համարելով անփորձ: - Մենք խոսել ենք հարաբերություններից: Հայերը ցանկություն ունեն եկեղեցիներ բացել Վրաստանում: Մենք առաջարկում ենք հետևյալ կերպ մոտենալ. ինչ կարվի այստեղ` Վրաստանում` հայկական եկեղեցիների համար, նույնը պետք է արվի Հայաստանում` վրացական եկեղեցիների համար,- հայտարարել է 78-ամյա պատրիարք -կաթողիկոսը, ով երբեմն, մոռացած իր հովվապետական առաքելությունների մասին, դառնում է ընդդիմադիր, «խռովում» իշխանություններից, հրահրում ամեն տեսակի խռովություններ: Նման հայտարարությունը բացահայտ անհարգալից վերաբերմունք էր մի ողջ ժողովրդի հոգևոր առաջնորդի հանդեպ: Ավելին, այստեղ հառնում էր մի պահանջատի րություն, որն էլ տանում է դեպի կրոնական անհանդուրժողությունը: Վրաստանում ապրում է մոտ 600 հազար հայ, «էթնիկ» վրացիների մոտ 30 տոկոսն ունեն հայկական արմատներ, քիչ չեն վրացականացած հայերը, որոնց ժամանակ առ ժամանակ «բացահայտում» են իրենք` վրացիները: Հենց այն հանգամանքը, որ հայկական ծագում ունի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, հայուհի է Նինո Բուրջանաձեի մայրը, վրացական կառավարության կազմում կան հայկական ծագում ունեցող 4 նախարար` արդեն խոսում է այն մասին, որ Վրաստանում գերակշռություն է կազմում հայկական տարրը: Մինչդեռ Հայաստանում ապրող վրացիների թիվը չի անցնում հազարից: Ուրեմն, ինչո՞ւ պիտի հավասար պայմաններ լինեն երկու եկեղեցիների համար, ինչո՞ւ պիտի Հայաստանում բացվեն ուղղափառ վրացական եկեղեցիներ, ստանան կարգավիճակ, երբ այդ եկեղեցիներն այցելուներ չեն ունենալու: Վրաստանում տեր կանգնելով հայկական վանքերին ու տաճարներին, կեղծ եղբայրություն խաղալով, վրաց պատրիարք-կաթողի կոսն այնուամենայնիվ հայտարարել է. - Վրաց եկեղեցին բաց է համագործակցության համար յուրաքանչյուրի հետ, սակայն վրաց եկեղեցին թույլ չի տա իր երկիրն ու ազգը դնել անբարենպաստ վիճակի մեջ: Համագործակցության կոչ անող հոգևոր առաջնորդը հավանաբար «մոռացել է» , որ իր ջանքերով գրեթե ոտնատակ տրվեց Խոջիվանքի հայկական Պանթեոնը և գրեթե նրա վրայով ձգվեց ճանապարհը դեպի նորակառույց ուղղափառ վանական համալիր... Տեղին է հիշեցնել պաշտոնական մի դիրքորոշում, որն այս օրերին տեղ է գտել պաշտոնական մամուլում. - Ինչևէ, ընդհանրական իրողությունն այն է, որ Հայաստանի հարևան Վրաստանում, ոչ միայն Հայաստանի պարագայում են սիրում ոչ չափավոր խոսել, փոխարենն արտահայտվելով ինչպես ցանկանան, մոռանալով, որ փորձառությունը միշտ չէ, որ վերածվում է իմաստության: Ու հենց այս պարագայում է, որ ամենից առաջ պետք է հնչեր մեկ ձայն` մտահոգության ու բողոքի մեկ ձայն Ջավախքից` հարգալից ու հավասար վերաբերմունք պահանջելով Վրաստանի հոգևոր առաջնորդից, որը, սակայն, հոգևոր առաջնորդ չէ Վրաստանում բնակվող հայերի, ադրբեջանցիների, հրեաների, ռուսների, հույների և շատ ուրիշների համար: Ջավախքի հայերն ունեն այն լիարժեք իրավունքը, որով կարող են իր տարիների շատ բարձր բարձունքից իրականությանը նայող վրաց պատրիարքին հիշեցնել, որ նա իրավունք ունի խոսելու միայն ի´ր հոտի անունով, և ոչ թե «երկրի ու ազգի»: Առավել ճիշտ կլիներ, եթե «կրակահերթեր» բաց թողնելու փոխարեն` վրաց պատրիարք-կաթողիկոսը մտածեր այն մասին, որ ապրած տարիները միշտ չէ, որ իմաստության նշան են...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ