Տարեգրության էջերից ՀՈՒՆԻՍԻ 25


1992-ի հունիսի 25-ին` Շահումյանի անկումից հետո, Հաթերք գյուղում` շրջանի գյուղերի ինքնապաշտպանական ջոկատների հիմքի վրա կազմավորվել է «ԵՂՆԻԿՆԵՐ» պարտիզանական ջոկատը: Ունեցել է շտաբ, դրոշ և զինանշան, որը Գյուլիստանի մելիքների զինանշանն էր: 1993-ի մարտից «Եղնիկների» հիմքի վրա ստեղծվել է Շ. Մեղրյանի անվան հատուկ ջոկատը: 1992-94-ին ջոկատը տեղաբաշխվել է ԼՂՀ անտառներում և պարբերաբար հարվածներ հասցրել հակառակորդին Շահումյանի (Վերինշեն, Գյուլիստան, Շահումյան, Խարխափուտ) և Մարտակերտի (Դաստագիր, Մադաղիս, Տոնաշեն, Մաղավուզ, Ականաբերդ, Հաթերք) շրջանների տարածքում, մասնակցել Սարսանգի հիդրոհանգույցի ազատագրական մարտերին: 1992-ի ամռանն իր գործողություններով կանխել է ադրբեջանական Գերանբոյի գնդի առաջխաղացումը Մարտակերտի շրջան: Մարտերի ընթացքում հակառակորդին պատճառել է ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի մեծ կորուստներ: Հրամանատար` Շ. Մեղրյան, շտաբի պետ` Ս. Չալյան: Շ. Մեղրյանի զոհվելուց հետո (1993) մարտական գործողությունները ղեկավարել են Հ. Խդրյանը, Շ. Հովասափյանը («Կուճուր Շահեն»), Ա. Կուրեպինը և Պ. Մեղրյանը: Ջոկատից զոհվել է 27 ազատամարտիկ: