«Սա Հայաստանն է և վերջ»


«Եթե ձեզ ասեն` ես զոհվել եմ, մի´ հավատացեք. ես Ստամբուլի մոտ եմ ընկնելու»: Լեոնիդ ԱԶԳԱԼԴՅԱՆ 19 տարի առաջ, հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ ընկավ Արցախյան գոյապայքարի ամենամեծ նվիրյալներից մեկը` Լեոնիդ Ազգալդյանը: Անուն, որ անխզելիորեն միահյուսված է Արցախյան ազատամարտի պատմությանը... Անհատ, ում ավյունն ու ջանքերն անգնահատելի են մեր մեծ հաղթանակի կերտման ճանապարհին: Պահպանված մի տեսանյութում հայորդին Շահումյանի լեռներում, իրեն հատուկ հանգստությամբ ու հաստատակամությամբ է հնչեցնում թևավոր խոսքի արժեք ստացած իր հայտնի մտքերը. - Սա Հայաստանն է և վերջ... Ոչ ոք չի կարող ասել, որ սա Հայաստան չէ: Ոչ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել, փոխանակման դնել, հանձնման դնել: Ոչ մի տեսակի գաղափար չի կարող արդարացնել Շահումյան-Գետաշեն-Արցախի հանձնումը, ինչպես նաև մնացած հայ հողերի… Ու նույն վճռականությամբ էլ պայքարի նետվեց գիտնականն ու զորավարը, հրամանատարն ու հայրենյաց զինվորը: Լեոնիդ Ազգալդյանը ծնվել է Թբիլիսիում: Ապա, Երևանում դպրոցն ավարտելով, ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ: Սակայն Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով կազմակերպած ցույցերի պատճաոով հեռացվել է համալսարանից` ուսումը շարունակելով Երևանի պետհամալ սարանի նույն ֆակուլտետում: Շարժման առաջին իսկ օրերից ազգի ճակատագրով մտահոգ հայորդին զինվորագրվեց ազգային-ազատագրական պայքարին` կազմակեր պելով մի շարք շրջանների ինքնապաշտպանությունը: Ապա անմնացորդ նվիրվեց Արցախյան գոյապայքարին: Սկզբնական շրջանում գործում էր Գետաշենում, Շահումյանում, ապա Մարտակերտում: Արցախյան գոյապայքարի տարեգրության մեջ մեծ է 1991-ի հունվարին նրա ջանքերով կազմավորված «Ազատագրական բանակ» կամավորական ջոկատի դերը, որի քաջարի մարտիկները մասնակցել են ՀՀ Վարդենիսի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Արցախում` Շահումյանի, Մարտակերտի, Հադրութի շրջանների տասնյակ գյուղերի ինքնապաշտպանությանը: Նրա մարդկային բարձր հատկանիշների, առինքնող էության, զինվորականի վեհ կերպարի շուրջ համախմբվում էին բոլորը: - Կան ժողովուրդներ, որ ապրում են` մեռնելու համար, բայց կան նաև այնպիսի ժողովուրդներ, որ մեռնում են` ապրելու համար... Մենք մեռնում ենք` ապրելու համար,- հրամանատարի խոսքերն են, որ հնչում են որպես հաստատված ճշմարտություն: - Դարեր շարունակ այդպիսին է եղել մեր ուղին: Կորցրել ենք ու նորից գտել: Կրել ենք ցավերից ամենասարսափելին, ցեղասպանվել, բայց կրկին վեր ենք հառնել: Ու եթե անգամ ընկել ենք` միայն ապրելու և ապրեցնելու համար... Լեոնիդ Ազգալդյանը երբեք չէր ընդունում անտեղի ինքնազոհաբերումը, նրա համար ամենաթանկ ու մեծ արժեքը զինվորն էր. - Երբ գալիս են կամավորական տղաներ և ասում, որ եկել են զոհվելու` հանուն Արցախի, նրանք ինձ պետք չեն: Ինձ պետք են հանուն Արցախի կռվող և ապրող տղաներ: