ՏԱՆԳՈ` ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ


Մի քանի օր առաջ «Ֆլորայի» այգում, ինչպես վաղեմի ժամանակներում, նվագում էր փողային նվագախումբը: Հին ու սիրելի վալսեր, տանգոներ էին հնչում: Ձայնագրություն էր, իհարկե, սակայն այգում գտնվողների ուշադրությունը սևեռվել էր երաժշտությանը: Հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները, այգու մշտական այցելուներ դարձած թոշակառուները, լսում էին վերացած` տամկացած աչքերի մեջ թախիծ և ուրախություն: Նրանցից մեկը, դառնալով կողքին նստած մի ծերունու, ասաց. - 1941-ի հունիսի 21-ի երեկոյան այս նույն այգում նվագում էր փողային նվագախումբը: Ֆոքստրոտ ու տանգո էին նվագում, իսկ մենք պարում էինք... Երկու օր անց ես պատերազմ գնացի: Երբ վերադարձա, ինձ հետ տանգո պարող աղջկան փնտրեցի... Չգտա...: Տանգոն իմ մեջ էլ խլիրտ ու հիշողություններ արթնացրեց, ինչ-որ տամուկ ու ջերմ զգացումներ առաջացրեց: Հիշեցի մեր հանրապետության անվանի կանանցից մեկին` արվեստի վաստակավոր գործիչ, հեռուստաբեմադրիչ Էլմիրա Հեքեքյանին, ում հետ մի քանի օր առաջ էի հանդիպել: Նա պատմել էր ինձ, որ 1941 թվականին, ընդամենը դպրոցական աղջիկ, պատերազմ էր գնացել, մասնակցել Մեծ հայրենականին: Այսինքն, ուղիղ 70 տարի առաջ տիկին Էլմիրան հագել էր զինվորական համազգեստ ու գնացել ռազմաճակատ: Ուրեմն, նա այսօր ապրող այն եզակիներից է, ովքեր այսօր նշում են մի մեծ հոբելյան. ցավի ու տրտմության, կորուստների և հիասթափության, բայց նաև` բերկրանքի հոբելյան, որովհետև 70 տարի առաջ նրանք գնացին պատերազմ և տուն դարձան` հաղթանակի ուրախությունը շաղ տալով ամենուրեք: Էլմիրա Հեքեքյանի ապրած կյանքն ուսանելի է, հարուստ բազմաթիվ փաստերով, ուշագրավ հանդիպումներով, այնպիսի ձեռքբերումներով, որոնք արտացոլվել են ստեղծագործական աշխատանքում` նրան դասելով մեր հեռուստատեսության ստեղծողների և վարպետների շարքին: Բաքվի Լ. Երամյանի անվան հայկական թատրոնում որպես դերասանուհի աշխատած, Վահրամ Փափազյանի հետ բեմ բարձրացած երիտասարդ աղջիկը Մոսկվայում քննություներ հանձնեց Թատերական արվեստի պետական ինստիտուտում, իսկ հետո տեղափոխվեց Երևան և դարձավ Թատերական ինստիտուտի ուսանողուհի: Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատեց Գորիսի թատրոնում, ապա մեկընդմիշտ իր կյանքը կապեց հայկական հեռուստատեսության հետ` ստեղծելով այնպիսի հաղորդումներ, որոնք արժանացան համամիութենական փառատոների դիպլոմների ու պատվոգրերի: Շատերն են հիշում Էլմիրա Հեքեքյանի պատրաստած հաղորդումները, որոնց մեջ իր խորագրով և հարցադրումների անսպասելիությամբ առանձնացավ «Մինչև տասնվեց տարեկաններին... թույլատրվում է» հաղորդաշարը: Հարցադրումների թարմությամբ, հեռուստաարտահայտչականության նորարարությամբ այն զարմացրեց ու հիացրեց շատերին: Պատերազմ, մահեր ու փլուզումներ տեսած կինը կարծես մոռացության տվեց ապրված ծանր օրերը, վեր կանգնեց տառապանքից ու ստեղծեց կենսահաստատ ուժով առանձնացող հաղորդումներ, որոնք հատկապես դեպի իրենց էին ձգում դեռահասներին, նրանց մղում յուրովի գնահատել իրերն ու երևույթները: Էլմիրա Հեքեքյանի աշխատանքն ըստ արժանվույն գնահատվեց. արվեստի վաստակավոր գործչի կոչման արժանացավ: Լինելով հեռուստատեսության հիմնադիրներից մեկը` Էլմիրա Հեքեքյանը նաև ողջ կյանքում զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, դասավանդել ամենատար բեր ուսումնական հաստատություններում, իսկ վերջին տարիներին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի տնօրենն է: Երգչախմբի գեղարվեստական ղեկավարը որդին է` անվանի խմբավար ու մանկավարժ, ՀՀ վաստակավոր ուսուցիչ Տիգրան Հեքեքյանը: Մանկան ոգևորությամբ է աշխատում Էլմիրա Հեքեքյանն այս երգչախմբում, ուրախանում ամեն հաջողությամբ, անընդհատ ու անվերջ խոսում որդու և երգչախմբի ձեռքբերումների մասին: Եվ օրինաչափ է նրա այդ հպարտությունը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ