ՆՈՐԻ՞Ց «ԱՄԲՈՂՋԸ ԿԱՄ ՈՉԻՆՉ»


Ծայրահեղական «Ամբողջը կամ ոչինչ» սկզբունքը հայրենի արմատականների պարագայում սովորական գործելակերպից հետզհետե բնավորության ընդգծված դրսևորում է դառնում: Այս դեպքում, իհարկե, խոսքը Երևանի ավագանու ընտրությունների մասին չէ, երբ մեծամասնության ձգտող ՀԱԿ-ը, քվեների ընդամենը 17 տոկոսին արժանանալուց հետո, շարունակում է ձգտել հնարավորինս միասնաբար հրաժարվել ժողովրդի քվեով ձեռք բերված մանդատներից: «Ամբողջի կամ ոչնչի» նույնատիպ կրկնության համար Կոնգրեսից ընդամենը մի քանի շաբաթ պահանջվեց: Ինչպես կռահեցիք, խոսքն այս դեպքում հատկապես արմատականների շրջանում երանելի համարվող ու հիմա էլ իբրև սեփական պայքարի ու տևական հետևողականութ յան արգասիք ներկայացվող համաներման մասին է: Այսպես, նախօրեին խորհրդարանի բացարձակ մեծամասնությունը կողմ քվեարկեց համաներման մասին Հանրապետության նախագահի ներկայացրած նախագծին, և ըստ Արդարադատության նախարարի` շուրջ 500 մարդու ազատություն է շնորհվում, իսկ 1500 կալանավորների պարագայում էլ պատժաչափն է կրճատվելու: Այն, որ Հայաստանի նման փոքր երկրում միանգամից 500 կալանավորի ազատություն շնորհելն է°լ ավելի կվատթարացնի անվերահսկելի լինելուն շատ մոտ քրեածին իրավիճակը, գրեթե կասկած չի հատուցում: Բայց սա լուրջ քննարկում պահանջող այլ թեմա է, քանի որ մեր ժամանակներում ու հատկապես քաղաքական շրջանակներում համաներում ասելով նախ և առաջ մարտի 1-ից հետո ձերբակալվածներին են նկատի ունենում: Վաղուց արդեն նրանց թիվն այնքան էլ մեծ չէ, ու հայտնի իրադարձություններից հետո ձերբակալված ու նախքան այդ առնչությամբ խորհրդարանում արտահերթ նիստն ընդամենը 51 մարդ էր կալանավայրերում մնացել: Իր հերթին համաներումը նրանցից 35-ին ազատություն շնորհելու առիթ դարձավ, իսկ մյուսների պատժաչափերն զգալիորեն մեղմվեցին: Առաջին հայացքից այս ամենից հետո մարտի 1-ի արյունոտ էջը գոնե այս մասով փակված կարելի է համարել: Սակայն պատժաչափերի մի մասը կրած, հաջորդ մասն էլ զգալիորեն թեթևացրած շուրջ մեկ ու կես տասնյակ մարդկանց նոր կարգավիճակը նույնպես արմատականներին հանգիստ չի տալիս: Անկախ ամենից ու հակառակ մերթընդմերթ հնչող սպառնալիքներին` Կոնգրեսում վաղուց և շատ լավ գիտակցում էին, որ կալանավորվածներին արդարացնելու պահանջը սոսկ հռետորական հարցադրում լինելուց բացի, գրոշի արժեք չի ունենալու: Ավարտվող կամ դրան շատ մոտ դատավարությունների ընթացքը իրավական նման նախադրյալներ բացարձակապես չէր ստեղծել: Պարզ է նաև, որ այս դեպքում միակ և ակնհայտ միտումը գործընթացի քաղաքականացումն է, ինչը խորհրդարանական քննարկման ընթացքում ՀԱԿ-ը ԱԺ դարպասների մոտ հավաքված մի քանի տասնյակ մարդկանց միջոցով փորձեց արտահայտել, իսկ ընդդիմադիր «Ժառանգությունը»` քվեարկությամբ: Արժե վերհիշել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի խմբակցությունը մարտի 1-ից հետո կալանավորվածներին ազատ արձակել պահանջող առաջամարտիկների շարքերում էր, բայցևայնպես թե° նախագծին դեմ քվեարկած միակ պատգամավորը, և թե° երեք ձեռնպահները հենց այս քաղաքական ուժն էին ներկայացնում: Իրենց հերթին նման դրսևորումները, որքան էլ զարմանալի լինի, մտահոգվելու լրջագույն առիթներ են` ընդդիմության ապագայի մասին մտածելու պարագայում: Ի վերջո, տեղի ունեցավ այն և տեղի ունեցավ այնպես, ինչը կանխատեսելի լինելուց առաջ նաև տրամաբանական էր: Բայց նման առավելապաշտական ձգտումները շատ կարճ ժամանակահատվածում ի չիք կդարձնեն նաև արմատականների այս շրջանի թիվ 1 խնդիրը` միավորվելու ծրագիրը նույնպես: