Իրանի իսլամական արմատականությունն ու արևմտյան ժողովրդավարությունը


Այն, ինչը հաջորդեց Իրանի Իսլամական Հանրապետությունում երկրի նախագահի ընտրության քվեարկությանը, զուտ ներքաղաքական խնդիր համարելը ճիշտ չի լինի: Իրանում հասարակական հուզումները շատերը հակված են դիտարկել ընդհանրապես Մերձավոր Արևելքում առկա աշխարհաքաղաքական գործընթացների տրամաբանության շրջանակներում: Ակներև է, որ հատկապես վերջին տասը-տասնհինգ տարիների ընթացքում էականորեն ակտիվացել է Արևմուտքի ներկայությունը էներգակիրներով հարուստ այս տարածաշրջանում: Առաջին հայացքից կարող է թվալ, թե այստեղ ևս խաղաղությունն ու կայունությունը պետք է որ պայմանավորված լինեն տեղի սև ոսկու անհատնում պաշարների վրա աչք տնկած Արևմուտքի շահերով: Սա` տեսականորեն: Բայց փաստերն ուրիշ բան են ասում, և այլ է իրականությունը: Քաոսային իրավիճակները երկրներին գերզգայուն են դարձնում արտաքին ազդակների նկատմամբ, հետևապես` հեշտ կառավարելի` արտաքին ուժերի, հատկապես աշխարհի հզորների համար: Այդպիսի` քաոսային իրավիճակի թարմ օրինակ է Իրաքը: Արևմտյան ժողովրդավարության օրրանի ու ժողովրդավարական արժեքներ արտահանողի համբավ ունեցող Ամերիկայի Միացյալ Նահանգների թեթև ձեռքով հիմնահատակ արվեց Իրաքի բռնապետական, բայց այնուամենայնիվ, կայունությունը: Եվ դրա փոխարեն պարտադրված ամերիկյան ժողովրդավարությունն առ այսօր ի վիճակի չէ վերջ դնել Իրաքում շարունակվող բռնարարքներին: Այսօր դեռ խոսում են որպես լիարժեք պետություն չկայացած Իրաքի տարածքի մի հատվածում նոր պետության` Քուրդիստանի ստեղծման մասին: Իսկ այսպիսի կառավարելի քաոսի առկայությունը, ըստ էության, նպաստավոր է Միացյալ Նահանգների ազդեցության պահպանման համար: ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ներխուժումն Իրաք ժամանակին Բուշի վարչակազմը բացատրեց իբր այստեղ զանգվածային ոչնչացման զենք հայտնաբերելու անհրաժեշ տությամբ: Թվում էր, թե Իրան ներխուժումն արդարացնելն ավելի դյուրին կլինի, մանավանդ` դրա հիմնավորումն առկա էր` Իրանի միջուկային ծրագիրը: Սակայն, Թեհրանի հետ ռազմական բախումը հղի էր շատ մեծ, անկանխատեսելի վտանգներով: Եվ ահա ընտրվեց Իրանը ներսից անկայունացնելու, կազմալուծելու մեկ այլ` փորձարկված եղանակ: Արևմտյան ժողովրդավարությունն Իրան արտահանելու համար օգտագործվեց երկրի Նախագահի ընտրությունը: Իրադարձությունների ընթացքը հայտնի է: Նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Միրհուսեյն Մուսավիի կողմնակիցները պահանջում էին նոր ընտրություններ` պնդելով, թե քվեարկության արդյունքները կեղծված են: Ընդդիմությանը հաջողվեց փողոց դուրս բերել 1-1,5 միլիոն ցուցարարների: Եղան նաև զոհեր: Իրանի իշխանությունները հասարակական հուզումներ հրահրելու, երկրի ներքին գործերին միջամտելու համար մեղադրեցին Միացյալ Նահանգներին: Պատասխանը չուշացավ: ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինտոնը հայտարարեց, թե Իրանի ժողովուրդը քվեարկության արդյունքների վերահաշվարկ կատարելու և իր ընտրությունը պաշտպանելու իրավունք ունի: Այս հայտարարությամբ Միացյալ Նահանգներն, ըստ էության, չի հերքում Իրանի ընդդիմությանն աջակցելու (ու այդ կերպ` երկրի ներքին գործերին միջամտելու) համար իրեն ուղղված մեղադրանքը. ավելին` կարծես ինչ-որ վատ քողարկված սպառնալիք կա պետքարտուղարի հայտարարության մեջ: Հատկանշականն այն է նաև, որ հեռուստատեսային կադրերում անգամ նկատելի էր, որ իրանցի ցուցարարները պարզել էին անգլերեն մակագրություններով պաստառներ: Հարց է առաջանում` ո՞ւմ համար էին Թեհրանում անգլալեզու պաստառները: Հարցն, իհարկե, հռետորական է և իրենում պատասխան է պարունակում: Այսպես կոչված գունավոր հեղափոխությունների հաջողված օրինակներ կան: Ամերիկյան ժողովրդավարության արտահանման տեխնոլոգիան մշտապես կիրառվել է նախագահական ընտրությունների ժամանակ: Այնուամենայնիվ, Իրանում Արևմուտքի հաշվարկը սխալ դուրս եկավ: Ամերիկացի ծրագրավորողներն, ըստ երևույթին, հաշվի չէին առել մի շատ կարևոր հանգամանք: Իրաքում նրանց հաջողվեց բնակչության մեջ միմյանց նկատմամբ թշնամություն սերմանել էթնիկական հողի վրա, հաջողվեց իրար դեմ հանել սունի և շիա մահմեդականներին: Սակայն ամերիկացի ժողովրդավարները մոռացել էին, որ Իրանը իս-լա-մա-կան հանրապետություն է, կրոնապետություն է, որտեղ քրդերին, թուրքերին, պարսիկներին միավորում է իսլամը: ԻԻՀ-ն մի երկիր է, որտեղ իրական իշխանությունը հոգևոր առաջնորդի ձեռքում է: Պատահական չէր, որ ի պաշտպանություն ընտրություններում թալիշական արմատներով Ահմեդինեջաթի տարած հաղթանակի, ավելի մեծ թվով ցուցարարներ եկան մայրաքաղաք: Այս քայլով Արևմուտքին կարծես ասվում էր, որ Իրանի իսլամական արմատականությունն ավելի զորեղ է արևմտյան ժողովրդավարությունից: Ահմեդինեջաթի հաջորդ պատասխանն Արևմուտքին, թեկուզ մեկ օր ուշացումով, այնուամենայնիվ շտապելն էր Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաք` Շանհայյան պայմանագրի երկրների գագաթաժողովին: Սա էլ յուրօրինակ հիշեցում էր Արևմուտքին` որ Ռուսաստան-Իրան քաղաքական առանցքը շարունակում է գործել: Մի քանի տարի առաջ, մոտավորապես 2002-2003 թվականներին քաղաքագետ Իգոր Մուրադյանի` իրան-ամերիկյան հարաբերությունների մասին մի ուսումնասիրության մեջ հիմնավորվում էր մի թեզ, ըստ որի, չէր բացառվում, թե մոտ ապագայում աշխարհաքաղաքական նոր ալյանսներ առաջանան` ԱՄՆ-Իրան, Ռուսաստան-Թուրքիա: Սակայն այսօր արդեն, երբ Ռուսաստանի և Իրանի միջև համաձայնություն է կայացել Իրանում ատոմակայան կառուցելու մասին, այլևս հնարավոր, կամ գրեթե հնարավոր չէ խոսել Ռուսաստան-Իրան քաղաքական առանցքի փլուզման մասին: Իսկ այդ առանցքը անցնում է Հայաստանով: Ահա թե ինչու է նաև Հայաստանի շահերից բխում Իրանի ներքաղաքական կայունությունը: Անցած շաբաթվա վերջում Իրանի հոգևոր առաջնորդ` Այաթոլլա Ալի Հոմեյնին վերջապես դիմեց ժողովրդին` խաղաղության, հանդարտվելու կոչով: Իսկ նրա հորդորը շատ ավելի մեծ կշիռ ունի ընդհանրապես իսլամական աշխարհում, քան արևմտյան ժողովրդավարության արժեքները:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ