ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ. ԲԱՅՑ ԼԻԱՐԺԵ՞Ք ԱՐԴՅՈՔ


Ո°չ ֆինանսատնտեսական խորացող ճգնաժամի ճիրաններում քրտնող հայրենի տնտեսության միտումները, ոչ էլ ամռան առաջին ամսվա անբարենպաստ եղանակն առայժմ լավատեսության տեղիք չեն տալիս: Ավելին` հանրապետության պաշտոնատար անձանց շուրթերից այսօր հաճախ են հնչում կանխատեսումները, թե եկող` 2010 թվականն ավելի ծանր է լինելու: Մյուս կողմից էլ էկոնոմիկայի փոխնախարար Ներսես Երիցյանը տարբեր առիթներով փորձում է փարատել բոլորիս անհանգստությունը, թե տնտեսության կայունացումը կզգացվի արդեն այս տարվա չորրորդ եռամսյակում, քանի որ այդ ժամանակաընթացքում կյանքի կկոչվեն տնտեսության կայունացմանն ուղղված` կառավարութ յան ծրագրերը: Տա° Աստված: Հայրենի կառավարությունը մեր անկուսակցական արհեստավարժ վարչապետի գլխավորությամբ գիշերը ցերեկ դարձրած, պայքարում է ճգնաժամի երախից փրկելու տնտեսությունը, պայքարում է կոռուպցիան ու կաշառակերությունը կանխելու, ծրագրեր է մշակում երկրում աղքատության մակարդակը գոնե նվազեցնելու համար… Մի այդօրինակ` տնտեսության մեջ եղած ստվերայնությունը վերացնելուն էր միտված նաև առևտրի օբյեկտներում ՀԴՄ-ների և կտրոնների ներդրումը: Գիշեր-ցերեկ հեռուստատե սային էկրաններից հնչում է հորդորը, թե «Պահանջեք կտրոնը, անպայմա°ն պահանջեք… շահում եք դուք, շահում է պետությունը»: Հետո էլ այս հորդորին ավելացավ նաև եռամսյակում կատարված գնումների որոշակի չափի դիմաց խոստացվող բոնուսը: Թվում է` բոնուսային այս նորամուծությունը պետք է մխիթարանք լիներ օրվա հացը դժվարությամբ հայթայթողների համար: Սակայն երկրում հովանավորչության և նմանատիպ այլ բացասական երևույթները հասարակության շրջանում անվստահության նոր մտահոգություններ են ծնում: Արդեն խոսակցություններ են պտտվում, թե կարող է խոստացված բոնուսը ստանալու ակնկալիքով հարկային մարմիններին շատ կտրոններ ներկայացնողների «որս» սկսվել: Եվ ինչպես միշտ` կուժն ու կուլան կջարդվի «թիկունք չունեցող» շարքային քաղաքացու գլխին. նրան կարող են հարցնել, թե որտեղի՞ց և ի՞նչ միջոցներով է ձեռք բերել այսքան մեծ չափերի գնումներ կատարելու համար անհրաժեշտ գումարները: Նկատենք, որ կտրոնային համակարգի ներդրման մասին դեռ գրեթե մեկ տարի առաջ հեռուստատեսային մի հաղորդման ընթացքում խոսել էր Խոսրով Հարությունյանը` որպես այդ համակարգը հաջողությամբ կիրառող երկիր վկայակոչելով Թուրքիան: Դե ինչ, դրականը կարելի է սովորել նաև հարևանից: Սովորեցինք: Սակայն, չգիտես ինչու` չենք տեսնում, կամ չենք ցանկանում տեսնել, որ քաղաքակիրթ երկրներում ճգնաժամային իրավիճակներում տնտեսվարողների հարկային բեռը թեթևացնում, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ժամանակավորապես վերացնում են` տնտեսությանը հնարավորություն ընձեռելով դիմագրավելու ճգնաժամի հարվածները: ՀԴՄ կտրոնային համակարգի ներդրումից շատ չանցած պարզվեց, որ այդ նորամուծությունը ոչ այնքան վերացնում է տնտեսության ստվերը, որքան հարվածում է մանր ու միջին բիզնեսին: Հարվածում է` ոչ թե գնորդին կտրոն տալով, այլ` այդ դեպքում նա ստիպված է լինելու օրինական փաստաթուղթ պահանջել մատակարարներից: Հիշյալ համակարգը լիովին արդարացված կլիներ և մանր ու միջին բիզնեսին հարվածելու տպավորություն չէր ստեղծի, եթե բարեփոխումներն ընդգրկեին առևտրի ոլորտն ամբողջությամբ` սկսած ապրանք արտադրող, ներմուծողից: Այսինքն, խոսքն ամբողջ շղթայում և ոչ թե առանձին օղակներում կարգ ու կանոն հաստատելու մասին է: Ոլորտի ներկայացուցիչները գնորդներին առաջարկում էին մեծածախ առևտրի կետերից բաց թողնվող ապրանքի չափի ու գնի մասին ապրանքագրեր պահանջել` «Տեսեք` կտա՞ն»: Պարզվեց` Հայաստանում ապրանքագրային, փաստաթղթային շրջանառությունը, մեղմ ասած, կաղում է: Այդ մասին սկսեցին բարձրաձայնել նաև պաշտոնատար իրավասուները: Վհատվել պետք չէ: Ցանկացած լավ գործի հաջողության երաշխիքը սկսվում է տվյալ ոլորտում առկա թերությունները բարձրաձայնելուց: Խոսեցին, խոսեցին, ու կառավարությունում ծնվեց տնտեսության ստվերի դեմ անխնա պայքարելուն կոչված մի նոր փաստաթուղթ` հարկային փաթեթը: Ազգային ժողովը քննարկեց ու… չընդունեց: Ըստ էության, դրանով առաջարկվում էր հարկային տեսուչների ներկայություն` արդյունաբերական ձեռնարկություններում: Ի վերջո կառավարությունը ԱԺ-ից հետ վերցրեց փաթեթը` լրամշակելու: Սակայն ինչը և ինչպե՞ս պետք է լրամշակվի: Ի՞նչ իրավասություններ պետք է հանվեն հարկային տեսուչի գործառույթներից, որպեսզի նա ավելի շատ հարկային ոստիկան չհիշեցնի: Ինչ խոսք, խոշոր տնտեսվարողներին վերահսկելը և առաջին հերթին ստվերից նրանց դուրս բերելն այսօր կենսական անհրաժեշտություն է: Ռուսական ասացվածքը խորհուրդ է տալիս` վստահիր, բայց ստուգի°ր: Սակայն, ինչ երաշխիք, որ արտադրական ձեռնարկությունում հարկային տեսուչը գործարքի մեջ չի մտնի սեփականատիրոջ հետ և աչք չի փակի փաստաթղթային խախտումների առջև` հօգուտ իր գրպանի: Կամ, որ ավելի վատ է, հարկային տեսուչը կկարողանա՞ դիմակայել օլիգարխների ճնշումներին: Ի դեպ, Համաշխարհային բանկի ներկայացուցիչները ևս իրենց հերթին փաստում են, որ որևէ զարգացած երկրում արտադրական ձեռնարկությունում հարկային տեսուչի ինստիտուտի ներդրումը տնտեսության համար դրական նշանակություն չի ունեցել: Ուշադրություն դարձնենք` հիշատակվում են զարգացած երկրները: Ինչևէ: Ինչպես էլ հայրենի կառավարությունը լրամշակի հարկային փաթեթ կոչվածը, արտադրական ձեռնարկությունում հայտնված հարկային տեսուչը, միևնույն է, դժվար թե հրաժարվի իր` «ոստիկանական» հակումներից` ձեռքերը տաքացնելու հնարավորությունից: Մանավանդ, որ հայերս հնարամիտ, ստեղծագործ ժողովուրդ ենք և ցանկացած իրավիճակում ի զորու ենք սեփական շահին հասնելու համար ելք գտնել: Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ ...Որոշ երկրներ չմտածված, հապճեպ ու հանդուգն պահվածքով, աջակցեցին մի խումբ պատեհապաշտների անօրինական հանրահավաքներն ու խռովարարական ցանկությունները, և դեմ գնալով ժողովրդավարության կանոներին, սկզբունքներին ու միջազգային հայտնի նորմերին, վերածվեցին խռովարար հոսանքների խոսնակների և այս քայքայիչ գործընթացում իրենց թիրախը դարձրին Իսլամական Հանրապետության պայծառ դեմքը£ Իրանի Իսլամական Հանրապետությունը այդ պետությունների գործունեությունը, որոնց անցյալում արձանագրվել են աշխարհի տարբեր վայրերում ահաբեկչությանը, ինչպես նաև հալածյալ ժողովուրդների շահագործմանն ու գաղութականացմանը աջակցության ցուցաբերում, բռնատիրության ու կամայական իշխանությունների տարածում, օտարներին զանգվածային ոչնչացման զենքերով զինում և ապստամբությունների հրահրում, համարում է ստոր մոտեցում և գտնում, որ նրանք երբևէ չեն կարող կասկածի տակ դնել ԻԻՀ վերջին ժողովրդավարական ու փառապանծ ընտրությունները, և նրանց խորհուրդ է տալիս փոխել Իրանի իրադարձությունների նկատմամբ սխալ վերաբերմունքը, քանի որ շախմատի նախագծողները դիտարկելու են նրանց մոտեցումներն ու նկատի ունենալով դրանք հետագա փոխհարաբերություններում, անկասկած մատ են անելու Իրանի ազգային միասնության թշնամիներին£ ԻԻՀ ԱԳՆ հայտարարությունից