Գունավոր ախտը Իրա՞ն էլ կհասնի


Հետընտրական կրքերը նույնիսկ մարզահագուստների գույներն են քաղաքականացնում: Թեհրանից 1000-ավոր կիլոմետրեր հեռու Սեուլում անցկացված 2010 թ. ֆուտբոլի աշխարհի մրցամարտի` իրանցիների ու հարավկորեացիների միջև ընտրովի մրցախաղը նույնիսկ հուզումներ բորբոքեց… կանաչ գույնի դեմ: Իրանցի որոշ ֆուտբոլիստներ, այդ թվում և երկրի ազգային հավաքականի կապիտանը, մարզադաշտ էին ելել կանաչ բազկակապերով: Իսկ կանաչ գույնը Նախագահի պարտված թեկնածու Միր-Հոսսեյն Մուսավիի ու նրա կողմնակիցների խորհրդանիշն էր (ինչպես մի քանի տարի առաջ` նարնջագույնը` Կիևում): Երկրորդ խաղակեսին ֆուտբոլիստները հանել են կանաչ ապարանջանները` հավանաբար մարզական ղեկավարների պահանջով: Երկրպագուները ոչ այնքան խաղին են հետևել, որքան իրենց քաղաքական համակրանք-հակակրանքներին: Ընդդիմության կողմնակիցները թափահարել են ազգային դրոշներ` «Ազատ Իրան» մակագրությամբ և պաստառներ` «Ո՞ւր է իմ ձայնը» հարցումով: Ամենաարմատական ֆուտբոլասերները անգլալեզու պաստառներ էլ են ցուցադրել` «Կորիր դժոխք, միապե°տ» կոչով: Մարզադաշտում, իհարկե, քիչ չեն եղել նաև ընտրված Նախագահ Ահմադինեջաթի համակիրները: Ու նույնիսկ քաղաքական հակառակորդների միջև ծեծկռտուք է սկսվել… Ըստ որոշ վերլուծաբանների` իրանական իրադարձությունները հետզհետե գունավոր հեղափոխության որակներ են ձեռք բերում: Մուսավին, օրինակ, առաջարկել է զանգվածային անկարգությունների ընթացքում զոհված իրենց ընկերների հիշատակին` կանաչ գույնը փոխարինել սգո սև գույնով: Եվ հազարավոր կանայք զգեստավորվել են սև գլխաշորերով: Շատերը խոստացել են չհանել սևը` մինչև նոր ընտրություններ հայտարարելը: