«Մարդ պետք է լինի ազգի զավակը»


Զորավար Անդրանիկի տուն-թանգարանը հիմնվել է Բեգլարյան ամուսինների, մասնավորապես` անհատ ձեռներեց Իլյիչ Բեգլարյանի կողմից: Թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2006 թվականի սեպտեմբերի 22-ին: Այն սկզբում գտնվում էր Երևանի Արշակունյաց փողոցի բնակելի շենքերից մեկում: Թանգարանի տնօրեն և հիմնադիր Իլյիչ Բեգլարյանը ծնվել է 1937 թ. Իջևանի շրջանի Գետահովիտ (Թալա) գյուղում: Բազմիցս արժանացել է կառավարական բարձրագույն պարգևների: Պետական գործունեությանը զուգընթաց Բեգլարյանն իրեն նվիրել է հայ ազգային-ազատագրական շարժման մասնակիցների պայքարի դրվագները հանուրին ճանաչելի դարձնելու գործին, իր անձնական միջոցներով Երևանում հիմնադրել է «Զորավար Անդրանիկ» թանգարանը, որի համար ՀՀ պաշտպանության նախարարության կողմից արժանացել է «Հովհաննես Բաղրամյան» ոսկե մեդալին: Հեղինակ է 13 տպագրված գրքերի: - Նախևառաջ թույլ տվեք շնորհավորել և շնորհակալություն հայտնել Ձեզ այս նախաձեռնության համար: - Շատ շնորհակալություն. դա ինձ համար հոգու պարտք էր: - Մի քանի խոսքով ներկայացրեք «Զորավար Անդրանիկ» ջոկատի հիմնադրման և թանգարանի ստեղծման պատմությունը: - Մասիսում, Երևանում, Իջևանում 1991 թվականին ստեղծվել է «Զորավար Անդրանիկ» ասոցիացիան, այնուհետև` ջոկատը: Իջևանում ստեղծել եմ ես, Մասիսում` Գնել Մանուկյանը, Երևանում` Ավոն: Այդ ջոկատները պայքարել են Արցախում: Ազգային-ազատագրական պայքարի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի ֆիդայական շարժումը, որովհետև այն ժամանակ այլ ձևով պայքարելու հնարավորություն չկար: Եվ ծայր առավ ֆիդայական շարժումը, որն առաջին անգամ սկսեց Արաբոն, այնուհետև` Աղբյուր Սերոբը, Գևորգ Չաուշը, Զորավար Անդրանիկը: Իհարկե բոլորն էլ համաստեղության մեջ փայլուն աստղեր են, բայց բոլորի մեջ Անդրանիկն առանձնանում է իր երկարատև պայքարով: Աղբյուր Սերոբը պայքարեց 4 տարի, Արաբոն` 2, Գևորգ Չաուշը Զորավար Անդրանիկի հետ` մինչև 1907 թվականը` մինչև մեր հերոսի նահատակվելը: Զորավարը մասնակցեց Բալկանյան պատերազմին, 1912-13 թվականին դարձավ Բուլղարիայի հերոս` հավատարիմ իր այն սկզբունքին, թե` «Որտեղ կա պայքար ընդդեմ բռնության, այնտեղ է իմ սուրը»: Թուրքին պետք է սրով հասկացնել` համոզված էր Զորավարը: Բայց նաև դեմ էր` վիրավորել ազգերի պատիվն ու արժանապատվությունը: Իր մղած 130 ճակատամարտերում նա որևէ պարտություն չկրեց: Այսպիսին էր Զորավար Անդրանիկը: Եվ նրա, Արաբոյի, Սևքարեցի Սաքոյի և այլոց ոգիները կարծես արթնացան միանգամից և Ղարաբաղյան պայքարում ստեղծվեցին այդպիսի ջոկատներ` կռելով մեր հաղթանակը: 1995 թվականին Երևանում Արշակունյաց 3 շենքում ստեղծվեց մի սրահ, որը մենք կոչեցինք թանգարան, այստեղ տեղադրված էին Զորավարի իրերը, ինչպես նաև մասունքներ Սմբատ Զորավարից ու Սևքարեցի Սաքոյից: Այստեղ հավաքված մասունքներով 2006 թվականին մենք ստեղծեցինք թանգարանը: Այս շինությունը ես ձեռք բերեցի: Հետզհետե ավելանում են մասունքներն ու նյութերը: - Իսկ ո՞վ է հղացել թանգարանի հիմնման գաղափարը: - Պաշտպանության նախարարությունը: - Ո՞րն է թանգարանի հիմնական նպատակը: - Որպեսզի բոլորը ճանաչեն ազգային հերոսներին: Մենք երեխաներին տանում ենք Եղեռնի թանգարան, ճիշտ է դա մեր ողբերգական պատմությունն է, բայց չէ որ մենք հերոսական պատմություն էլ ունենք: Մենք նաև պայքարել ենք, ինչպես Չելեպյանն է ասում. «Մենք ոչխարի նման չկոտորվեցանք, այլ պայքարեցանք»: Միայն դավադրությունն ու դավաճանությունը` այլ ազգերի պետությունների սեփական շահերի թելադրանքով, տապալեցին մեր նպատակները: Ինչպես Անդրանիկն էր ասում` եթե մի քիչ էլ ուշանար Խորհրդային իշխանությունը Հայաստանում, մենք կդառնայինք Արևմտյան Հայաստանի տերը: Ավաղ չկարողացանք, որովհետև ազգայնամոլ էին անվանում այն մարդուն, ով իր ազգի մասին էր խոսում, ով իր ազգի համար պայքարում էր: - Իսկ ովքե՞ր աջակցեցին թանգարանի հիմնական հավաքչական աշխատանքներին: - Աջակցել են հիմնականում մեր տղաները` բերելով տարբեր նյութեր և, իհարկե, ես ու տիկինս` Ժորժետա Բեգլարյանը (հայրական ազգանունը` Առաքելյան) միասին ենք այդ բոլորը հավաքել ու ստեղծել: Աջակցությունը եղել է Պաշտպանության նախարարության, քաղաքապետարանի կողմից. տեղի հատկացման, թույլտվության ճանապարհին ոչ մի խոչընդոտ չի առաջացել: Սա էլ մեծ աջակցություն է, որ թույլատրել են տեղադրել Անդրանիկի, Գևորգ Չաուշի և Սևքարեցի Սաքոյի արձանները` պանթեոնի մեր ազգային պարծանքների կողքին: - Իսկ ինչպիսի աջակցություն ցուցաբերեց Մշակույթի նախարարությունը: - Ոչ մի աջակցություն ոչ ոքից չեմ ստացել: - Պարտադիր չէ, որ պատերազմ լինի, որպեսզի նրանք փորձեն նմանվել Անդրանիկին: Անդրանիկը միայն զորավար չէր, նա նաև սքանչելի մարդ էր` հնազանդ իր ժողովրդին, նրա հոգսերով ապրող: Ես երիտասարդությանը կոչ եմ անում` նախ պայքարել մեր երջանիկ ապագայի համար, լավ մարդ դառնալ ու աշխատել: Մարդ պետք է լինի ազգի զավակը, որ կարողանա զորավար դառնալ. այդպես պետք է լինի: Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ