Հաջողության գրավականը հիմնավոր գիտելիքներն են


Անկախությունից հետո իրար հետևից ծնված ոչ պետական բուհերի առատությունը և դրանց հետագա ճակատագիրը վաղուց մտահոգում է մեր հասարակությանը: Դրանցից շատերը, չունենալով սեփական տարածք, նյութատեխնիկական բազա և դասախոսական որակյալ կազմ, արդեն հեղինակազրկվել էին և զարմանալի համառությամբ փորձում էին գոյատևել` նույնիսկ 10-12 ուսանողով և մի այդքան էլ «մեռած հոգիներով»: Այդ առումով տեղին էր համակարգի ղեկավարների որոշումը` մարտի 1-ից նմանատիպ 11 բուհերի փակման վերաբերյալ: Այժմ նախարարությունը վճռական քայլեր է ձեռնարկում` մյուս ոչ պետական բուհերի հետագա կարգավիճակը ճշգրտելու ուղղությամբ: Անժխտելի է, որ բուհական մրցապայքարից հաջողությամբ դուրս եկան առավել կենսունակները, որոնց համար առաջնահերթը կրթության որակի բարձրացումն է և աշխատաշուկայում բուհի շրջանավարտների գիտելիքների արժևորումը: Շահեկանորեն մյուսներից տարբերվող այդ քչաթիվ բուհերից մեկն էլ Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանն է, որն իր հիմնադրի` ակադեմիկոս Ավետիք ՄԿՐՏՉՅԱՆԻ մահից հետո կրում է նրա անունը: Կրթօջախը եկող տարի կնշի իր հիմնադրման 20-ամյակը: 2001 թ. բուհի բոլոր 6 ֆակուլտետները ստացել են պետական հավատարմագիր: Բուհի այսօրվա հաջողությունների և առաջիկա անելիքների մասին է մեր զրույցը տնտեսաիրավագիտական համալսարանի ռեկտոր, հոգեբանական գիտությունների թեկնածու Լաուրա Մկրտչյանի հետ, ով շարունակում է հոր կրթասիրական առաքելությունը. - Ի՞նչ աշխատանքներ են կատարվել բուհում` եվրոպական կրթական համակարգին ինտեգրվելու ուղղությամբ: - Սկսած 2001-ից, համալսարանը անցել է կրթության երկաստիճան համակարգի` բակալավրատ և մագիստրատուրա: Ապա անցանք կրթական նոր ծրագրերի ներդրմանը, որոնք նշանակալիորեն օգնեցին ուսումնական բեռնվածության գնահատումը կատարել կրեդիտային համակարգով` ստուգարքային միավորների միջոցով: Մեզ հաջողվեց ներդնել կրեդիտների փոխանցման և կուտակման համաեվրոպական ողջ համակարգը, որն ամբողջական կդառնա սկսած 2010/11 ուստարվանից: - Ձեր բուհի անվանումը հուշում է, որ այստեղ ուսուցանվող մասնագիտություններից առավել կարևորվում են իրավագիտությունը և տնտեսագիտությունը: Ձեզ չի՞ անհանգստացնում այն փաստը, որ նշված ֆակուլտետներ գործում են համարյա բոլոր պետական և ոչ պետական կրթական համակարգերում: - Ամենևին չի անհանգստացնում: Ես կողմ եմ ազատ մրցակցությանը: Այն նպատակամղում է և ստիպում ապահովել գիտելիքների բարձր մակարդակ: Ինձ համար ավելի կարևոր է մեր բուհի բարի համբավը, որը կողմնորոշիչ դեր է խաղում դիմորդի համար` բուհի ընտրության ժամանակ: Մեզ մոտ սովորելու են գալիս ոչ թե հարկադրաբար, այլ` սեփական ցանկությամբ և մեր շրջանավարտների խորհրդով: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի շրջանավարտը մեր բուհում ստացած գիտելիքներով իրեն վստահ զգա նաև արտերկրում: - Բոլոնիայի հռչակագրին և գործընթացին միանալուց հետո ժամանակակից կրթության զարգացման ու որակի բարձրացման գործում կարևորագույն դերը պատկանում է որակյալ պրոֆեսորա-դասախոսական անձնակազմին, որի շնորհիվ միայն կարելի է ապահովել միջազգային չափանիշներ: Այդ առումով ինչպիսի՞ն է իրավիճակը Ձեր ղեկավարած բուհում: - Մեր համալսարանը համալրված է երեք սերնդի ներկայացուցիչ դասախոսներով, որոնցից 3-ը` ակադեմիկոս, 7-ը` դոկտոր-պրոֆսոր, 30-ը` գիտության թեկնածուներ են: - Օրերս բուհում ավարտվեցին պետական քննությունները. ինչպե՞ս կբնութագրեք դրանց ընթացքն ու արդյունքները: - Ուսանողները քննությունները հանձնեցին սպասվածից լավ: Այդ մասին ուրախությամբ նշում էին բոլոր հանձնաժողովների նախագահները և անդամները: Ցանկացած խմբում ուսանողների կեսից ավելին ստացել է «գերազանց» և «լավ» գնահատականներ: Բացի դրանից նշվում էր, որ ուսանողները վստահ են պատասխանել տեսական և գործնական բնույթի լրացուցիչ հարցերին: Այս տարվա շուրջ 270 շրջանավարտներից 16-ը կստանան կարմիր դիպլոմներ: Քննությունների արդյունքները մանրամասն կմեկնաբանվեն մեր բուհի «Ուսանող» ամսաթերթում: - Ի՞նչ կհավելեիք մեր զրույցին: - Ամենից առաջ կնշեի, որ նոր ուստարվանից համալսարանին կից կգործի նաև վարժարան, ուր սովորելու ենք հրավիրում լայն հետաքրքրությունների տեր այն աշակերտներին, ովքեր գոհ չեն հանրակրթական դպրոցում ստացած գիտելիքներից և ձգտում են առավել խորությամբ ուսումնասիրել առանձին առարկաներ: Շատ կուզենայի, որ մեր համալսարանը դառնար ոչ միայն ուսումնական, այլ նանև գիտական, մշակութային և մարզական կենտրոն: Կարևորում եմ նաև մեր բուհի ուսման վարձի մատչելիությունը ներկայիս դժվարին ժամանակներում: Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր համալսարանի ավարտական դիպլոմները ճանաչվեն միջազգային աշխատաշուկայում: Դրա համար ոչ միայն պետք է շարունակենք պահպանել երջանահիշատակ հայրիկիս արմատավորած բարի ավանդույթները, այլև բազմապատկենք ու խորացնենք դրանք:

Մելսինե ՀԱԿՈԲՅԱՆ