ՏԱՌԱՊԱՆՔ ԵՎ ՎԵՐԸՆՁՅՈՒՂՈՒՄ


Իր գործունեությամբ աշխարհատարած հայության համախմբմանը նպաստելու, հայրենիքից հեռու ապրող հայի հայացքը առ Հայաստան հառելու ուղղությամբ ձեռնարկումների պակաս երբևիցե չի ունեցել Սփյուռքի նախարարությունը: Ստեղծման օրից ի վեր` գերատեսչության առօրյան հագեցած է այնքան, որ լրագրողները հաճախ դժվարանում են անդրադառնալ բոլոր միջոցառումներին: Իսկ թուրքական յաթաղանի զոհերի հիշատակի խնկարկման ու ոգեկոչման այս օրերին, բնականաբար, է´լ ավելի եռուն է նախարարության առօրյան, է´լ ավելի բազմացանկ են նախաձեռնությունները: Յուրաքանչյուրը յուրովի տուրք է անմեղ զոհերի հիշատակին, փոքրիկ սպեղանի` տասնամյակներ շարունակ գերհզորների կողմից անտաբերության մատնված արնածոր մեր վերքին:

Ու մինչ աշխարհը սկսում է խզել իր 100-ամյա լռությունը, ՀՀ սփյուռքի նախարարությունը շարունակում է Հայոց Եղեռնի տարելիցին նվիրված իր ծրագրերն իրականացնել:

Նախարարության հովանավորությամբ ու պատվերով հրատարակված 15 գրքերի շնորհանդեսը նույնպես բազմաթիվ հյուրեր էր հավաքել ընդարձակ սրահում: Այս փոքրիկ «գրադարանի» գրքահանդեսին ներկայացվեց նաև Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ասոցիացիայի նախաձեռնած «Կրկին կվերակառուցենք» խորագրով օրացույցը, որը ևս տպագրվել է Սփյուռքի նախարարության աջակցությամբ:

Հայոց ցեղասպանությանն աղերսվող աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական, հոգևոր, մշակութային բազմածալ խնդիրներ ներկայացնելուց զատ, այս հրատարակությունները մեկ այլ խորհուրդ էլ են պարունակում. գիրքը հայի հոգևոր սնունդն է: Արհավիրքի, ջարդարարների ճիրաններից հայ մարդը ձգտել է փրկել իր զավակներին ու գրքերը: Ու հենց այդ ջանքերի շնորհիվ է մինչ այսօր Մաշտոցյան մեր գիրն իր ուրույն արժեքը պահպանում համաշխարհային մշակույթի ոսկե ֆոնդում:

Յուրօրինակ գրքահանդեսին նախորդած Վատիկանյան պատարագը է´լ ավելի խորհրդավոր էր դարձրել գրասերների հավաքը: Եվ Սփյուռքի նախարար Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԸ Պատարագի տպավորությունները նախ կիսեց ներկաների հետ.

- Ուզում եմ նախևառաջ մեր բոլորի հիացումն ու շնորհակալությունը հայտնել կաթողիկե աշխարհի մայրաքաղաքում Հռոմի Պապի կողմից մատուցված 1,5 միլիոն զոհերի հիշատակը ոգեկոչող պատարագի համար: Այն համաշխարհային նշանակություն ունեցող հոգեպարար երևույթ էր` համեմված նաև հայկական խոսքով, հայաշունչ արարողությամբ: Հռոմի Պապի ձեռամբ մեր Գրիգոր Նարեկացին դասվեց Տիեզերական վարդապետների շարքին, և նրա հոգին տեղ գտավ տիեզերական անդաստանում: Գնահատելով պատմական, քաղաքական, ազգային ու հոգևոր այդ արարողությունը, հարկ է արժանին մատուցել ՀՀ նախագահի, Հայոց հոգևոր առաջնորդներին` Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծ տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսների, Հայ կաթողիկե պատրիարքի համատեղ, փոխգործակցված աշխատանքին` ընդգծելով Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի ջանքերը: ...Խոնարհվում եմ մեկուկես միլիոն մեր զոհերի հիշատակի առջև ու վերստին փաստում, որ մենք կարող ենք արժանապատվորեն և´ սգալ, և´ նշել մեր վերածնունդը, մեր վերընձյուղումը, ինչն այս տարիների ընթացքում ապացուցեցինք աշխարհին:

Այնուհետև հակիրճ ներկայացնելով Հայոց ցեղասպանության խնդիրներին վերաբերող գրքերը, Նախարարը ևս մեկ անգամ ընդգծեց, որ դրանց լույսընծայումը հայաստանյան և սփյուռքյան մի շարք կառույցների հետ նախարարության համագործակցության արդյունքներից է:

«ՑԱՎԻ, ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՅՔԱՐԻ ԿՈԹՈՂՆԵՐ» պատկերագիրքը Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և աշխարհի տարբեր երկրներում կառուցված, տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող 403 կոթողների լուսանկարներն և տեղեկություններ է ամփոփում դրանց մասին: Ամենակարևորը` այդ տեղեկատվությունը 5 լեզուներով է` հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և թուրքերեն: Պատկերագիրքը 2010 թ. հրատարակված իր նախօրինակի լրամշակված ու ամբողջականացված տարբերակն է:

«21-ՐԴ ԴԱՐԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ժողովածուն յուրօրինակ ամփոփագիրն է նույն թեմայով քաղաքագետ ների և միջազգայնագետների համահայկական համաժողովում հնչած ելույթների, առաջարկների:

Իսկ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ»-ը նույնպես ժողովածու է, որն ընդգրկում է իրավաբանների համահայկական համաժողովի նյութերը:

Ինչպես վերնագիրն է հուշում` «ԲԱՔՈՒ ՔԱՂԱՔԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ» աշխատությունը Բաքվի հայ բնակչության պատմաժողովրդագրական համահավաք նկարագրությունն է` վաղ ժամանակներից մինչև չարաբաստիկ 1990-ի հունվարը:

Արժեքավոր վավերագիր կարելի է համարել «ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԸՍՏ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ» գիրքը: Այն ամփոփում է ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի (1856-1924) կազմած փաստաթուղթը Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանագծման վերաբերյալ և այդ կապակցությամբ նրա պաշտոնական նամակը` Դաշնակից տերությունների (Անտանտ) Գերագույն խորհրդի նախագահին:

«ArΗeniΖns Ζt the twilight of the OttoΗΖn erΖ» («ՀԱՅԵՐԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԱԼՈՒՅՍԻՆ»), coΗΘiledΕΖΗΘΚedited by VosgΖn MekhitΖriΖn, rev. VΖhΖn OhΖniΖn (Ոսկան Մխիթարյան, Հայր Վահան ծ. վրդ. Օհանյան), News ReΘorts FroΗ The InternΖtionΖl Press, VoluΗe I, The New York TiΗes 1890-1914). ծավալուն այս աշխատությունը նախացեղասպանության ժամանակահատվածն է ներկայացնում` 1890-1914 թթ.: Հոդվածներից, խմբագրականներից, պարզաբանումներից և նամակներից զատ հատորում վկայակոչվում են ականատեսների հուշեր, պատումներ, որոնք այլ աղբյուրներում հնարավոր չէ գտնել...

Ներկաները հետաքրքրությամբ ունկնդրեցին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Յուրի Սուվարյանին, Աշոտ Մելքոնյանին և Ռուբեն Սաֆրաստյանին, ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանին, «Նորավանք» ԳԿՀ հայագիտական կենտրոնի ղեկավար Արիստակես Սիմավորյանին, Քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանին, ովքեր անդրադարձան արժեքավոր հրատարակություններին:

Բոլոր գրքերին, ցավոք, անդրադառնալ հնարավոր չէ: Սակայն տարբեր թեմաներով այդ հրատարակություններին բնորոշ է մեկ ընդհանրությունը` թարմացնել մարդկանց հիշողությունը 20-րդ դարի ոճրագործության մասին և փաստերով վերստին ապացուցել այն ճշմարտությունը, որը հակիրճ կարելի է ձևակերպել` «Տառապանք և վերընձյուղում»: Հայ մարդու անցած ուղին է դա, որ ձգվում է հազարամյակների միջով ու շարունակվելու է` ի հեճուկս ոճրագործի և ուրացող ների: Հայ մարդու լավատեսությունն է, դժվարություններին դիմակայելու համառությունը և դարերի խաչուղիներում չմոլորվելու հաստատակամությունը:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ