ԵՐԿՈՒ ԵՂԵՌՆ` ՄԻ ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ


Իմ ծանոթությունն իննսունամյա Վիկտորյա Կուզիկյանի հետ անակնկալ էր, անսպասելի, որը վերածվեց ջերմ բարեկամության: Ապրում էր Երևանի Մաշտոցի պողոտայի բարձրահարկերից մեկում գտնվող մեկսենյականոց բնակարանում: Օրեր շարունակ աշխատանքից հետո այցելում էի նրան: Մինչև ուշ գիշեր նա պատմում էր իր դժնդակ մանկության, երիտասարդության ոդիսականը: Պատմությունը երբեմն ընդմիջում էին դուստրերը` մորը հիշեցնելով բազմիցս լսած որևէ դրվագ: Բարեհամբույր, նուրբ ու զգայուն կանայք են` քաջատեղյակ աշխարհի անցուդարձին: Հասմիկը ճարտարապետ է, Քնարիկն աշխատում է քաղաքային նյարդահոգեբուժական դիսպանսերում որպես լաբորատորիայի վարիչ:

Միայն մահն է ի զորու լռեցնելու հիշողությունս: Ամեն օր, ամեն ժամ վերապրում եմ ամբողջը, և հիմա, այս վերջին երկու տարում, հուշերն ավելի սաստիկ են տանջում ինձ: Սումգայիթ, Կիրովաբադ, Բաքու... վայրագ սպանություններ, բռնի տեղահանություն: Ոչինչ, ոչինչ չի փոխվել, ցեղասպանության նույն ձեռագիրն է,- ասում էր տիկին Վիկտորան:

Ծնվել էր 1900 թվին: Մայրը` Հայկուհին, Շապին Գարահիսարից էր, հայրը` Պողոսը, Ակնից: Մեկը ջուլհակուհի էր, մյուսը` ատաղձագործ: Զորավար Անդրանիկը Հայկուհու մորեղբոր տղան էր: Վիկտորյայի ծննդավայր Անդրեասից (Ինտիրես) մինչև Շապին Գարահիսար` Անդրանիկենց տուն, կառքի մեկօրյա ճանապարհ էր: Զորավարին հետապնդողները նրանց տանը բազմաթիվ խուզարկություններ են կատարել: Անդրանիկը միշտ գիշերով է հայտնվել, մի կարճ պահ, շշուկով զրուցել տան մեծերի հետ ու աներևութացել: Երեխաներն առավոտյան էին իմանում մոր քեռորդու այցելության մասին: Արհեստավոր ծնողներն ուսման, գիտության հանդեպ մեծ պաշտամունք ունեին: Մինչև տասներկու տարեկանը Վիկտորյան սովորեց բողոքական դպրոցում: Մի առիթով մոր ազգականներից մեկը ստուգելով նրա գիտելիքները` հայտնեց, որ այդպիսի ընդունակություններով ուսումը թերի թողնելը մեղք կլինի, ու իր հետ տարավ Սեբաստիա` «Ամերիկյան Հայ սքուլ»-ում սովորելու: Բարձրագույն գիշերօթիկ դպրոց էր, տարեկան վարձը` վեց կարմիր ոսկի: Երեք տարվա ուսումնառություն, ապագայի վառ երազանքներ, որ, ավա˜ղ, փլուզվեցին միանգամից: Սկսվեց Առաջին աշխարհամարտը:

1914 թ. դպրոցական արձակուրդների վերջին, երբ Անդրեասի ուսանողությունը վերադառնում էր Սեբաստիա` շարունակելու ուսումը, ճանապարհը լցված էր թուրք ու գերմանացի զինվորներով, որոնք իրենց լկտի էին պահում: Մի կերպ հասան դպրոց: Տագնապ կար բոլորի սրտում, բայց կյանքը դպրոցում, գոնե արտաքուստ, ասես, սովորական հունով էր ընթանում: Այդպես` մինչև տարեվերջ:

1914թ. վերջերին Սեբաստիայում սկսվեցին բռնությունները, իսկ 1915-ին արդեն բացահայտ հաշվեհարդար էր հայերի հանդեպ: Վիկտորյայենց երրորդ կուրսը քննություն էր հանձնում մաթեմատիկայից: Հանկարծ բացվեց քննասենյակի դուռը, և համաքաղաքացի ուսանող տղաները խնդրեցին, որ Վիկտորյան դուրս գա: Հուսահատ, ահաբեկված պատմեցին, որ թուրքերն իրենց ծնողներին սպանել են, ու հիմա իրենք որբ են: Տագնապալի ձայներից դասախոսն ընդհատեց քննությունը: Այն, ինչ պատմեցին տղաները, զարհուրելի էր. Անդրեասի ու շրջակա գյուղերի հայությանը թուրքերը բռնությամբ տարել էին սար ու այնտեղից թափել, լցրել ձորը:

Հետագայում երկու կանայք, որոնք հրաշքով էին ողջ պրծել այդ սպանդից, հայտնվելով «Ամերիկյան Հայ սքուլ»-ում, լրացրին եղերական իրադարձության մանրամաս ները. «Դիերն այնքան շատ էին, որ ձորը լցվեց մինչև սարի գագաթը»:

Կիսամեռ կանանց հայտնաբերում է մի թուրք: Փայտի օգնությամբ դուրս է քաշում դիերի կույտից, սիրտ տալիս, որ չվախենան ու տանում տուն:

Առավոտյան թուրքի կինը մի կապոց ուտելիք է տալիս ու ասում. «Ձեզ պահելով` մեր կյանքը կվտանգենք: Գնացե´ք, մուրացե´ք, ապրե´ք»:

Սովալլուկ, տանջահար, հագուստը` հազար ու մի կարկատանով, երկար թափառումներից հետո նրանք թակեցին «Ամերիկյան Հայ սքուլ»-ի դուռը` գթասրտություն հայցելով: Ամերիկուհին, որ Վիկտորյայից բացի ևս վեց աղջկա Էր պատսպարում, արցունքն աչքերին լսում Էր նրանց պատմածները: Նրանցից Էլ Վիկտորյան իմացավ իր հարազատների գլխով անցածը, մեծ հորեղբորը` Միքայելին, որ հիվանդ Է լինում, հանում են անկողնուց և քարշ տալով տանում գետի կողմը: Հետևներից վազող կինը տեսնելով, որ ամուսնուն գետը գցեցին, ինքն Էլ Է նետվում ջուրը: Մյուս հորեղբորը` Վահանին, «մեծահոգաբար» հարցնում են. «Առաջինը քե՞զ, թե՞ տղայիդ սպանենք»: «Ինձ»,- թախանձում է Վահանը: Այդպես էլ անում են...

Այն ամենին, որ լսելն իսկ զարհուրելի էր, տասնհինգամյա Վիկտորյային վիճակվեց ականատես լինել: Էրզրումից հետո ջարդեր սկսվեցին Սեբաստիայում: Մարդկանց սպանում էին տներում, փողոցներում:

Մեր քոլեջի տղաներին տարան ձոր: Հերթով նստեցնում էին մեծ քարին ու, մի ուրիշ մեծ քարով հարվածելով գլուխներին, մի կողմ գցում: Միանգամից կմեռներ, թե դաժան հոգեվարքով` նրանց չէր հետաքրքրում: Գազանային բնազդն այդ կերպ էր բավարարվում: Նաև խնայում էին փամփուշտները: Հրաշքով փրկվում է միայն մի փոքրիկ տղա: Քուրդը, ճանաչելով իր երեխաների ուսուցչուհու փոքրիկ տղային, պահում է, որ իր գառներն արածեցնի: Մի քանի տարի հետո այդ տղան հայտնվեց մեր քոլեջում ու նկարագրեց քոլեջի տղաների քարասպան լինելը: Հյուծված էր, վտիտ: Խեղճը շուկայում անլվա ծիրան կերավ ու խոլերային զոհ գնաց: Այդպես «Ամերիկյան Հայ սքուլ»-ի բոլոր տաղանդավոր, ոաումնատենչ պատանիներն անկիրթ ու վայրագ բարբարոսի ձեռքով դաժանորեն սպանվեցին: Իսկ մեր սիրելի ուսուցիչներին պարաններով կապկպեցին ու քարշ տվեցին Սեբաստիայի փողոցներով այնքան, մինչև որ շունչները փչեցին: Ապա քրդերն սկսեցին թալանել նրանց հագուստները: Նրանք, որ մարդկանց հոգիներում լույսի ջահեր վառողներ էին, խավարամիտ ու մոլեռանդ ամբոխի վայրագության զոհ դարձան:

Տղայոց ուսումնարանի տնօրենը` ամերիկացի միստր Փարթրիջը, տեսնելով իր սաների անգթորեն կոտորվելը, խելագարվեց: Կինը կառավարությունից ամուսնուն բուժման տանելու իրավունք խնդրեց: Ընտանյոք մեկնեցին` որպես սպասավոր իրենց հետ տանելով երեք հայ աղջիկների, գոնե այդ կերպ նրանց փրկելու համար:

Տիկին Վիկտորյան երբեմն խոսքի կեսից հանկարծակի լռում էր, ասես, ձայնը միանգամից խզվում էր: Լռում էի և ես` մինչև շարունակեր իր խոսքը:

...Մի երկուշաբթի առավոտ հրաման եղավ, թե Սեբաստիայի հայերը մեկ ժամում պատրաստ լինեն տեղահանության: Մեկ ժամ անց, թողած տուն ու ունեցվածք, կապոցներում` երեխաների համար մի կտոր հաց, ժողովուրդը ելավ տներից: Սեբաստիան ամայացավ, միայն շներն էին ոռնում փողոցներում, և բառաչում էին արոտից վերադարձած կովերը:

Տեղահանությունից երկու ժամ չանցած` հայ զինվորներն ութ տարեկան մի հայ աղջիկ բերեցին դպրոց, որին լլկել էին վեց թուրք լամուկ ու թողել-հեռացել: Մինչև բժշկի գալը` երեխան մահացավ:

Ահի, սարսափի, անորոշության, հուսահատության օրեր... Խժդժությունների առաջին իսկ օրերին ամերիկացիները դիմել էին կուսակալին, խնդրել, որ իրենց քոլեջի ուսանողներին ու դասախոսներին զերծ պահեն աքսորից: Ավա˜ղ, անկարող եղան փրկել նրանց, միայն յոթ աղջկա հնարավոր եղավ պահել, այն էլ` որպես ծառա: Թեև նրանց վիճակն էլ ապահով չէր: Արաբայով մի թուրք հայտնվեց քոլեջի առջև: Ասաց.

Հրաման ունեմ հայ աղջիկներին տանելու:

Միսս Կրաֆմը գնաց բողոքելու վալիին:

Ես այդպիսի հրաման չեմ տվել- ասել էր վալին:

Թուրքերը միսս Կրաֆմին պատժել չէին կարող, քանի որ աքսորից առաջ Թուրքիայի ռազմական խորհուրդը նրան շքանշանի էր արժանացրել` երկու ամիս էրզրումի բծավոր տիֆով հիվանդ թուրք զինվորներին խնամելու համար: Տիֆը հնձում էր զինվորներին: Թուրքերը հայերի տները վերածեցին հիվանդանոցի և հիվանդներին տեղավորեցին այդ շենքերում: Երեսուն հոգի` ամերիկացի, շվեյցարացի, հայ դեղագործ ու բժիշկ, որոնց թվում` միսս Կրաֆմը, կամավոր մեկնեցին խնամելու հիվանդներին: Ականատես լինելով իր նշանածի` քոլեջի դասախոս պրոֆեսոր Ռուբեն Ռաֆիկյանի սպանությանը` միսս Կրաֆմը քոլեջի տղաների ու աղջիկների հետ մեկնեց աքսոր: Քաջ ու հպարտ ամերիկուհու կառքն անցնում էր սպանված հայերի դիերի վրայով: Վայրագություն, դիեր, արյուն... Նա այլևս անկարող էր դիտել մահվան խրախճանքի ահավոր տեսարանները, մտածում էր, որ շուտով կխելագարվի և գոնե այդպես կազատվի տառապանքից:

Երբ հասան Մալաթիա, թուրքական կառավարությունն ամերիկուհուն արգելեց շարունակել ճանապարհը: Վկա պետք չէր, օտարը չպետք է ականատես լիներ իրենց գործած նախճիրներին, հետքերն աճապարանքով մաքրում, թաքցնում էին...

Տիկին Վիկտորյան մեծ երախտագիտությամբ էր խոսում ամերիկացիների հասցեին: Նրանք հնարավոր ամեն միջոց գործադրել էին իրենց սաների կյանքը փրկելու համար, բայց այնտեղ, ուր բիրտ ուժն էր տեր, գութ ակնկալելն անիմաստ էր: Իրենց կյանքը վտանգելու գնով էր նրանց երբեմն-երբեմն հաջողվում փրկել հայ որբերին: Հետագա տարիներին ամերիկացիների հիմնած որբանոցերում հայ մանուկներն ստացան սնունդ, ապաստարան, ամենակարևորը` հոգու ջերմություն, գթություն ու սեր: Որբանոցներում ուսում առան, ապա Ամերիկայում, խորամուխ լինելով գիտությունների մեջ, ճանաչված մարդիկ դարձան:

1972 թ. Վիկտորյա Կուզիկյանը մեկնեց Ամերիկա` ամուսնացած քրոջ ու մյուս հարազատների մոտ: Բոստոնին մերձակա Պրովանս քաղաքում էր, որ սկսվեցին հեռախոսազանգերը: Զանգահարողները որբանոցի իր ընկերուհիներն էին, նաև` որբանոցում իր խնամած սաները: Հենց նրանք էլ պատմեցին, որ անգլերենի ուսուցիչ ամերիկուհի միսս Ռայզը, Սեբաստիայից մեկնելիս, իր հետ Ամերիկա է բերել գարահիսարցի Աղավնի Սուրբլուսյանին, պահել հարազատ աղջկա պես ու մահից առաջ ամբողջ ունեցվածքը` առանձնատուն, այգի, կտակել Աղավնուն:

Հանդիպելով նախկին քոլեջցիներին, ծանոթանալով նրանց ապրելակերպին, հասարակական դիրքին` Վիկտորյան հուզումով մտածում էր. «Մահաբեր խորշակներից հետո Ամերիկան հայերի համար եղավ կանաչ օազիս»Κ

12 օգոստոսի, 1990թ.

Վիկտորյա Կուզիկյանը մահացավ 1990 թ. օգոստոսի 5-ին:

Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ

Եթե ես հայ լինեի, ինձ երջանիկ չէի համարի մինչև այն պահը, քանի դեռ ազգիս թափառական քարավանները չեն հավաքվել իրենց պապենական հողի վրա:

Ջեյմս Օլդրիջ