Օդում բախտը չի բերում


 

Նախանշանի իմաստը թողնենք գուշակներին, բայց մտովի փորձենք պատկերացնել, թե ինչ տեսարան կբացվի, երբ երկնքում մետաղյա մե˜ծ «թռչունը» բախվի իսկական թռչուններին: Մեծ «թռչունը» Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենի Boeing C-32 ինքնաթիռն է, որը Կալիֆոռնիայի Սանտա-Բարբարայում վայրէջքի պահին դիպել է օդում ճախրող թռչուններին: Գուցե ընդհակառակը` թռչուննե՞րն են ընդառաջ եկել փոխնախագահին: Էականն այն է, որ օդաչուն չի շփոթվել և բարեհաջող ավարտել է վայրէջքը:

Ճերմակ-երկնագույն ինքնաթիռով Բայդենը գործնական հանդիպման էր շտապում: Եվ անվնաս տեղ է հասել: Բայց անվտանգության նկատառումներով` հանդիպումից հետո փոխնախագահը Վաշինգտոն մեկնել է այլ սավառնակով: Ո˜վ իմանա, փետրավոր թևավորները գուցե հասցրել էին «կտցահարել» մետաղյա հսկային:

Ու սա առաջին տհաճ անակնկալը չէ, որ պատուհասում է ԱՄՆ-ի երկրորդ դեմքի ինքնաթիռին: 2010 թ., Նյու Յորք նահանգում թռիչքի պահին նրա նավակողը բախվել էր թեթևաշարժիչ մեկ այլ սավառնակի: