ՈՎ Է ՃԻՇՏ


 

Ոչ անհայտ, իսկ հիմա էլ ԲՀԿ համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Հմայակ Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել այն մասին, որ «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲԸ-ի բաժնեթղթերին վերջերս տիրացած և Մոսկովյան 33ա շենքի` պետությանը պատկանող երկրորդ և երրորդ հարկերը սույն թվականի մարտի 1-ի կառավարության որոշմամբ օտարած Սենիկ Ջուլհակյանի առաջնորդությամբ մի խումբ մարդիկ փորձել են արգելափակել Հայաստանի քաղաքագետների միության նախագահի մուտքը` վերջինիս օրինական սեփականությունը հանդիսացող ՀՔՄ գրասենյակ:

ՀՔՄ գրասենյակի և նույն գրասենյակում տեղակայված Հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի աշխատակիցները պահանջել են հնարավորութ յուն տալ Հմայակ Հովհաննիսյանին մուտք գործել գրասենյակ: Սենիկ Ջուլհակյանը չի ենթարկվել այդ օրինական պահանջին, և տեղի է ունեցել ընդհարում, որից հետո հարձակվող ները չորս մեքենաներով հեռացել են: Մի քանի օր առաջ էլ նշյալ ՓԲԸ-ի աշխատակիցներն էին ասուլիս հրավիրել և դրվատանքի խոսքեր հնչեցրել Սենիկ Ջուլհակյանի հասցեին, ով փակել էր իրենց բոլոր պարտքերը և ստեղծել աշխատանքային բարենպաստ պայմաններ: Նրանք խնդրում էին Հմայակ Հովհաննիսյանին հեռացնել արդեն իրենց սեփականութ յունը հանդիսացող տարածքից:

Հակոբ Պարոնյանը կասեր` որո՞ւն հավատալ:

Չփորձելով կանգնել կողմերից որևէ մեկի կողքին, այնուհանդերձ ուզում ենք հարց հղել կառավարությանը, որի որոշմամբ ստեղծվել է այս իրավիճակը. եթե մարտի 1-ի որոշմամբ օտարվել է շենքը, եթե այն նոր սեփականատեր ունի, ինչո՞ւ պատշաճ կերպով մինչ այդ չեն իրազեկվել այս շենքում տարածքներ ունեցող այլ կազմակերպությունները, ինչո՞ւ վաղօրոք չեն լուծվել նրանց խնդիրները:

Ստացվում է, որ կառավարությունը վաճառել է շենքը` Հմայակ Հովհաննիսյանի հետ միասին: Գուցե զավեշտալի է, բայց, հավանաբար, հենց այսպես էլ կմեկնաբանվի կատարվածը, քանզի օտարման մասին փաստաթղթերում ոչ մի հիշատակում չկա այն մասին, որ այս կառույցում է գտնվում Քաղաքագետների միությունը: Ի դեպ, ժամանակին այս տարածքը Հմայակ Հովհաննիսյանին հանձնվեց բավական «առեղծվածային» պայմաններում, ինչ-որ անհայտ որոշումներով: Շատերն էին պնդում, որ դա նախագահ Քոչարյանի նվերն էր Հմայակին` ՀԺԿ-ն կազմաքանդելու, խորհրդարանում ՕԵԿ-ի դեմ պայքար ծավալելու համար…

Լ. Մ.

Շաբաթ օրը ժամը 14.10-ին, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձախ ձեռքի 5-րդ մատի կոտրվածքով բուժօգնության է դիմել «Հայհիդրոէներգոնախագիծ» ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Սենիկ Ջուլհակյանը` հայտնելով, որ մատը կոտրվել է դռան տակ մնալու հետևանքով:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 10.45-ին, նշված ինստիտուտի (Մոսկովյան փ., 34ա) մուտքի մոտ, վիճաբանության ժամանակ ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հ. Հովհաննիսյանը հրել է Ս. Ջուլհակյանին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել և ստացել նշված վնասվածքը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: