ՍՈՎԱԾ ՀԱՎԸ ԵՐԱԶՈՒՄ ԿՈՐԵԿ Է ՏԵՍՆՈՒՄ


(Կամ Day. Az-ի հերթական ապատեղեկատվությունը) ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Մեծ Բրիտանիա, օդային ուղերձը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին և ծրագրային ելույթը միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chattam House) շարունակում է լայնորեն լուսաբանվել համաշխարհային լրատվամիջոցներում: Եթե քիչ թե շատ ազնիվ, անկողմնակալ վերլուծաբաններն ու լրագրողները շեշտադրում են ՀՀ նախագահի ելույթի` երկրի ղեկավարին ու քաղաքական գործչին հարիր բարձր մակարդակը, հավասարակշռությունը, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ցանկությունն ու պատրաստակամությունը, արժանապատիվ կեցվածքն ու զսպվածությունը, ապա ադրբեջան ցիներն, ինչպես ասում են, ձվի մեջ իբր մազ գտնողի կեցվածքով փորձում են նորից իրենց երազանքն իրականություն ներկայացնելով, հերթական անգամ թյուրիմացության մեջ գցել հանրությանը: Ահա, այդպիսի մի «դարակազմիկ նշանակության» հայտնագործություն էլ արել է Ռուսաստանի իսլամական կոմիտեի նախագահ, ադրբեջանցի քաղաքագետ Հեյդար Ջեմալը: Day.Az-ին տված հարցազրույցում իրեն քաղաքագետ հորջորջող այս «խելոքը» գտնում է, որ ԱՄՆ-ը` համագործակցելով ՀՀ իշխանությունների հայաստանյան ու արտերկրի ընդդիմության հետ, դեմ է Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանն ու նրան փոխարինող է որոնում£ Այն էլ այնպիսի փոխարինող, որը, ականջալուր այստեղից_այնտեղից հնչող պահանջներին, տեղի կտա ու ադրբեջանամետ և թուրքամետ որոշումներ կկայացնի: Պոտենցիալ փոխարինողներ Սերժ Սարգսյանին, ըստ «քաղաքագետի» Հայաստանում կան, մնում է նրանց օգնել իշխանության հասնելու գործում: Այս «խելոքի» միակ լուրջ խելոքությունն այն է, որ չի շարունակում, թե այդ իշխանափոխությունն ինչ կտա ադրբեջանցիներին£ Բայց պարզից էլ պարզ է, որ հեռագնա նպատակը Հայաստանում դրածո իշխանություն ունենալն է և նրան մատների վրա խաղացնելը: - Ահա թե ինչու,- շարունակում է իր «իմաստնությունը» ադրբեջանցի «քաղաքագետը»,- Լոնդոնում նրա (նկատի ունի Սերժ Սարգսյանին_Ա.Ա.) ելույթը կարելի է բնութագրել որպես շփոթված, իր տեղը չգտնող մարդու ելույթ: Իրականում,_շարունակում է իր սոփեստությունը իսլամիստ ստախոսը, Լոնդոնում հնչեց նրա համաձայնությունը Հայաստանի կողմից Ադրբեջանի գրավյալ տարածքները վերադարձնելու մասին` ի պատասխան իր նախագահական աթոռը պահպանելու Արևմուտքի կողմից տրված երաշխիքի: Սա Հայաստանի նախագահի կողմից արտաբերված օգնության յուրատեսակ ճիչ է,- եզրափակում է իր երազանքի ճիչը ադրբեջանցի հերթական բախտախնդիրը: Քաջածանոթ եմ ադրբեջանական լրատվամիջոցների ձեռագրերին ու գիտեմ, որ ամենաստոր սուտը նրանց «հագով» է£ Բայց Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել հեղինակավոր մի ինստիտուտում, որտեղ ամեն ինչ ձայնագրվում, թարգմանվում է աշխարհի բազմաթիվ լեզուներով, ու սուտն արագ բռնվում է£ Ուստի դժվար չէ մեկ անգամ ևս հայերեն, ռուսերեն ու անգլերեն կարդալ, լսել մեր Նախագահի ելույթը` համոզվելու համար, որ Հեյդար Ջեմալի ասածներում գոնե մոտ մեկ նախադասություն չկա: Ընդհակառակը, ի հեճուկս ջեմալների ու նրա նման անիրագործելի երազանքներով ապրողների, Սերժ Սարգսյանը պարզ ու առանց երկվության ասում է. - Ադրբեջանը սպառել է իր կազմում ինքնավար կարգավիճակով փոքրամասնությունների գոյատևման հանդեպ վստահության պաշարը: Նա ի վիճակի չի եղել և այսօր էլ ի վիճակի չէ նման ինքնավարությանը նույնիսկ ներքին անվտանգության երաշխիքներ տալու...: Նախագահի ասածին ավելացնեմ միայն, որ Ադրբեջանում իրավիճակի ապակայունացման դեպքում ինքնավարության կձգտեն նաև այդ երկրում ստրուկի կարգավիճակով ապրող թալիշներն ու քրդերը, լեզգիներն ու թաթերը, ազգային մյուս փոքրամասնությունները, որոնց իրավունքներն Ադրբեջանում ամենուր ոտնահարվում են, հարցականի տակ է նրանց ֆիզիկական գոյությունը: Ինչ մնում է Հեյդար Ջեմալի ասած գրավյալ տարածքներին, հիշեցնեմ, որ նախ, դրանք ազատագրված տարածքներ են, որ դարեր ի վեր պատկանել են Հայաստանին ու տարբեր ձևերով խլվել նրանից. 90-ական թվականներին մենք ստիպված էինք դրանք վերադարձնել իսկական տիրոջը, քանզի դարձել էին օձերի բույն, որտեղից օրնիբուն ռմբակոծվում էին ոչ միայն Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը, այլև Հայաստանի սահմանամերձ շրջանները: Եվ, ինչպես խնդրո առարկա ելույթում աներկբա հայտարարեց ՀՀ նախագահը. - ...մենք հստակորեն բացառում ենք որևէ ճնշման տակ Ղարաբաղի հարցում այնպիսի զիջումների գնալը, որոնք կվտանգեն Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյությունն ու անվտանգությունը, արժանավայել ապրելու իրավունքը£ Ամեն ինչ պարզ ու հստակ է ասված: Թե որտեղ է ադրբեջանցի ձախորդ վերլուծաբանը Սերժ Սարգսյանից մեղանչումի ու սխալն ուղղելու խոսքեր լսել, իսկի իրեն էլ հայտնի չէ: Ղուրանի սուրահներն անգիր իմացող հաջին հենց այնպես, ձեռքի հետ իր բազում հայրենակիցների նման չի մոռանում ահաբեկել հայերին` հայտարարելով, որ ղարաբաղյան հակամարտությունը միայն մեկ լուծում ունի` պատերազմը, որին Ադրբեջանը կդիմի, երբ հնարավորությունները ներեն: Երևի Կասպից ծովում նոր նավթահանքերի բացման հեռանկար կա£ Այլապես վերլուծաբանը մոռացել է, թե ուժերի ինչպիսի հարաբերակցությամբ իր հայրենակիցների սանձազերծած պատերազմում պարտվեց իրենց` զենք-զինամթերքով հարուստ, բայց այդպես էլ չկայացած բանակը: Երևի նրանց զինվորներն, ի հակադրություն իրենց սպաների, լավ էին հասկանում, որ կռվում էին ուրիշի հողը զավթելու համար, ու ընդամենը ձև էին անում, թե կռվում են: Թե չէ, ով է լսել, որ 8 միլիոնանոց, զենքով ու զինամթերքով, զինուժով բազում անգամներ գերազանցող պետությունը պարտվի փոքրիկ մի կղզյակի: Լոռեցիները մի գողտրիկ անեկդոտ ունեն. գյուղացի մեկը դաշտում ընկնում է մի խորը փոսի մեջ, բազում անգամներ դուրս գալ է փորձում, չի ստացվում: Հերթական փորձից հետո վճռականորեն ինքն իրեն հայտարարում է` եթե մեկ էլ փորձեմ, դուրս չգամ, գնալու եմ տնից սանդուխք բերեմ: Ասել է թե` այ Ջեմալ ու ջեմալականներ, մի անգամ փորձեցիք, չե՞ք խրատվել, բա որ էս մի փորձն էլ փորձանք դառնա ու Բաքվում ավարտվի, ի՞նչ եք անելու: Հեյդար Ջեմալի ու նրա նմանների հնարովի եզրահանգումների ու ստերի մասին են ասում` «Սոված հավը երազում կորեկ է տեսնում»:

Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ