Տեսիլք


Երևան…. 70-ականի կեսերին էր…օգոստոս ամիսն էր, շոգ օր. մենակ էի իմ արվեստանոցում: Աշխատելու տրամադրություն չունեի և նստել էի` մտքերի մեջ ընկած: Հանկարծ վատ զգացի ինձ, մարմինս թուլացավ. պառկեցի գորգին : Մեկ էլ, հիշում եմ միայն այն, որ անսպասելի հայտնվեցի նախկին Ալավերդյան փողոցում ու քայլեցի դեպի մանկությանս օրերի լողավազանը, որը գտնվում է այժմյան ոսկու շուկայի ետնամասում: Փողոցը դատարկ էր, շուրջս` խաղաղ: Մոտեցա շենքին և զարմացա նրա նորոգված տեսքից. եվրովերանորոգումը խղճուկ մի բան կարելի էր համարել նրա փայլուն ֆասադի և շքամուտքի համեմատ: Դռներն ինքնուրույն բացվեցին, և ես հայտնվեցի մարմարապատ, շքեղ մի սրահում: Ամեն բան իր գեղեցկությամբ ու ճոխությամբ ապշեցնում էր ինձ: Ուղևորվեցի դեպի լողավազան: Ջուրը չափազանց թափանցիկ էր և զուլալ, լողավազանի հատակը և պատերը նույնպես մարմարապատ էին և պատված զարդանախշերով: Ոչ ոք չկար: Ես լրիվ հանեցի հագուստներս և նետվեցի ջրի մեջ այն մտքով, թե կկարողանամ առաջվա պես` շունչս պահած, անցնել քսանհինգ մետրը: Լողում էի ջրի տակ աչքերս բաց և հիանում զարդանախշերի ասես անձեռակերտ գեղեցկությամբ: Հասա հակառակ պատին և, ի զարմանս ինձ, տեսա ստորջրյա մի մուտք: Մտածեցի, որ այն հավանաբար տանում է մի ուրիշ լողավազան, բայց այնտեղ մութ էր, և մի պահ վախից սարսուռ անցավ մարմնովս: «Ինչ լինում է` լինի» , - մտածեցի և առանց շունչ առնելու, թափով լող տվեցի այդ մութ ջրային թունելով: Ինձ թվում էր, որ ոչ թե լողում, այլ սլանում եմ մեծ արագությամբ, բայց վերջը չէր երևում: Եվ հանկարծ, օ, ինչ ուրախություն` թունելի վերջում երևաց լույսը: Լողալով դուրս եկա մի մեծ, կլոր սրահ: Զգացի, որ այնտեղ այլևս ջուր չկա, բայց երբ ոտքս գետնին դիպավ` նորից սլացա, ավելի ճիշտ, այս անգամ արդեն վեր խոյացա, ինչպես անօդ տարածության մեջ: Շուտով զարմանքով զգացի, որ դա իրոք այդպես է, բայց, չնայած դրան, ես չեմ շնչում և դրա կարիքը բոլորովին չունեմ: Նայեցի շուրջս. սրահը կլոր տեսք ուներ` չորս խաչաձև մուտքերով, պատերը զարդարված էին աննման որմնանկարներով, պատերի տակ սպիտակ մարմարից դասական ոճի քանդակներ էին և գեղեցիկ սափորներ` սքանչելի ծաղիկներով; Վերևից լույս էր ճառագում… Վեր նայելով` տեսա, որ առաստաղի փոխարեն այնտեղ ջուր է ծփում, բայց ասես մի ուժ այն պահում է վերևում; Շլացուցիչ, պայծառ լույսը ջրի միջով էր իջնում սրահ£ Հանկարծ, աջ կողմի կամարաձև մուտքից կիսաթափանց, կաթնագույն հագուստներով մի խումբ մարդիկ թռչելով, ավելի ճիշտ` ոտքերը հազիվ հատակին դիպցրած թևելով, մոտեցան, շրջապատեցին ինձ և սիրով` անսահման սիրով ու կարեկցանքով սկսեցին ինձ նայել: Հուզված մտածեցի, որ այդպես ինձ երբեք ոչ ոք չի նայել և ներսումս ասես մի սառած աղի գունդ հալչեց: Ինձ երանության մի զգացում էր պատել. Իմ կյանքում երբեք` ոչ դրանից առաջ և ոչ էլ հետո, ես ինձ այդքան լավ չեմ զգացել: Մենք սկսեցինք պտտվել մի երազային պարի մեջ: Նրանք գեղեցիկ էին, համաչափ մարմիններով, անթերի դիմագծերով: Մարմինները ճերմակ էին և ասես լույս էին ճառագում: Անսպասելի բացվեց դիմացի դուռը, և ներս մտավ մորուքով մի տղամարդ: Նրա հագուստը շքեղ էր, բարձրաստիճան հոգևորականի հագուստ էր հիշեցնում. շատ վեհ և ուժեղ տեսք ուներ: Բոլորն ակնածանքով խոնարհվեցին նրա առաջ£ Ես մտածեցի, որ երևի այդ մարդը նրանց «շեֆն» է: Տղամարդը ինձ նայեց շատ խիստ և ազդու հայացքով, բայց հայացքի մեջ միաժամանակ նաև կարեկցանք կար; Մինչ այդ զգացածս երանությունն ու ուրախությունը փոխարինվեցին ամոթով և մեղքի անբացատրելի զգացումով, հասկացա, թե որքան դժբախտ մարդ եմ ես: Այդ զգացումով էլ ուշքի եկա, բացեցի աչքերս և տեսա, որ պառկած եմ իմ արվեստանոցի գորգի վրա և սիրտս մի ահավոր ուժ է ասես սեղմում: Չէի կարողանում շնչել և մոտ մեկ ժամ, օգոստոսյան այդ շոգին սառած, ինչպես դիակ, մնացի պառկած, մինչև կամաց-կամաց սրտիս ցավը թողեց, կարողացա լիարժեք շնչել, շարժել ոտքերս ու ձեռքերս: Վերադարձա կյանք… Բայց մինչև այժմ էլ ամեն բան հիշում եմ կենդանի և իրական. ժամանակը ոչինչ չի մշուշում: Այն տղամարդու հայացքը մինչև հիմա իմ աչքերի առաջ է, անվերջ ինձ հետ` հանդիմանանքով լի, բայց նաև` կարեկից ու սիրող: Իսկ տեղը, ուր ես հայտնվել էի և որտեղից վերադարձա, ինձ համար մնաց որպես կարոտ, մի մեծ, շատ մեծ կարոտ: Այդ տեսիլքից հետո կյանքս շատ փոխվեց… Հասկացա, որ սխալ եմ ապրել, որ շատ մեղավոր մարդ եմ : Մինչ այդ տարբեր ուսմունքներ, կրոններ էի ուսումնասիրում. շատ հետաքրքրված էի Արևելքի փիլիսոփայությամբ. լրջորեն զբաղվում էի յոգայով, մեդիտացիաներ անում: Մի անգամ, մեդիտացիայի հերթական սեանսի ժամանակ, ահավոր հոգեվիճակում հայտնվեցի, սարսափելի մեծ տագնապ պատեց ինձ. հասկացա, որ այդ ճանապարհը ինձ համար չէ: Մի տեսակ շփոթված էի, մոլորված: Դրանից հետո յոգայի միայն ֆիզիկական վարժություններն էի երբեմն անում, բայց հասկացա, որ հոգևորը պետք է այլ տեղ փնտրել: Եվ Աստված օգնեց ինձ: Հիմա իմ նկարներում և քանդակներում միշտ իմ տեսիլքից ինչ-որ բան կա. երկնային այն գեղեցկությունն եմ փորձում վերարտադրել, իմ տեսած չքնաղ փերիներին: Կարմիր ավետարան եկեղեցու որմնաքանդակների, խաչքարերից շատերի հեղինակն եմ, և խաչքարերիս էլ միշտ, անպայման հրեշտակ եմ քանդակում: (Շարունակելի)