Նրանք մեզանից շատ ավելի լավն են


 

Մաշտոցի այգու շուրջ կրքերը բորբոքվում են: Ցուցարարները երեկ պայքարի նոր ձև էին ընտրել (ցուցահանդես, հանրային զրույց, մարզական միջոցառումներ)` մասնակիցներին առաջարկելով բահեր բերել` «այգու սառույցը մաքրելու համար»:

Միակը, որ ինչ-որ առումով կարող էր նույնիսկ մխիթարող լինել Մաշտոցի այգու պատմության մեջ, ոստիկանության` մեզ համար անսովոր պահվածքն էր: Ոստիկանությունը պետք է որ ենթարկվեր ու կատարեր վերադասի, տվյալ դեպքում քաղաքապետարանի պահանջներն ու հրամանները: Բայց ըմբոստացած երևանցիները սովոր չէին գործ ունենալ բողոքավոր քաղաքացիների հետ հնարավորինս կոռեկտ ու հանդուրժող վարվեցողությամբ ոստիկանների հետ: Իսկ այ, երիտասարդ ակտիվիստների մոտ «վերևներից» դեսանտ իջեցված` արվեստի ոլորտում ինչ-ինչ հաջողությունների հասած որոշ գործիչներ օլիգարխ սեփականատեր-դուքանչիների շահերը պաշտպանող իրենց տերերին անմեղ հնազանդությամբ միայն խղճմտանք էին հարուցում: Ու միայն մնում է այդօրինակ մարդկանց ասել` մի´ դուրս եկեք, մի´ երևացեք հասարակության մեջ. ձեր ժամանակն արդեն անցել է, մի´ խանգարեք նոր սերնդին, նրանք մեզանից շատ ավելի լավն են:

Նրանց այսօր արդեն ողջ հանրապետությունում են ճանաչում: Նրանք ձմեռնամուտին հերթապահում էին Թռչկանի ջրվեժի մոտ` թույլ չտալով, որ վնասեն բնության անձեռակերտ հուշարձանը: Հետո պաշտպան կանգնեցին Սյունիքի մարզի Քաջարան գյուղին` սատարելով տեղի համայնքին` հանքարդյունաբերողներից համայնքապատկան հողերը փրկելու գործում: Հետո` Թեղուտը…

Իսկ այս շաբաթվա ընթացքում էլ Երևանում «Մենք ենք քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության երիտասարդ ակտիվիստները պայքարի ելան հանրային տարածքի կարգավիճակ ունեցող` Մաշտոցի այգին հանրությունից խլել ու այնտեղ սեփական խանութ-բուտիկները տեղակայել ցանկացող դուքանչիների անկուշտ ախորժակի դեմ: Ամբողջ շաբաթվա ընթացքում Մաշտոցի այգում ծավալված իրադարձությունների մանրամասներին անդրադառնալ չարժե. Երևանի հանրությունը քաջածանոթ է դրանց ու նաև մասնակիցը: Նույնիսկ առաջարկներ են հնչել` Աբովյան փողոցից ապամոնտաժված «բուտիկները» Մաշտոցի այգու փոխարեն պողոտայի գետնանցումների չօգտագործվող տարածքներում տեղադրելու մասին:

Բայց մի կողմ թողնելով այդ ամենը, փաստենք այս ամբողջի մեջ ամենակարևորը: Իսկ ամենակարևորը, թերևս այն է, որ հանձին «Մենք ենք քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության երիտասարդ ակտիվիստների, մենք այսօր գործ ունենք այն նոր սերնդի հետ, որն անձնական բարօրությունից վեր է դասում հանրային շահը և գործուն ձևով պայքարում է դրա պաշտպանության համար: Ընդ որում` դեմ գնալով այսօր մեզանում ծաղկող ու չարիքների պատճառ հանդիսացող օլիգարխիային:

Հայաստանի անկախության առաջին տարիներին ցանկացած հարց, խնդիր առաջանալիս` իշխանությունները հասարակությանը հորդորում էին` ըմբռնումով մոտենալ, հանդուր ժող լինել: Այն ժամանակ իշխող քաղաքական ուժը, նրա ներկայացուցիչները ամեն ինչ պատճառաբանում էին ընթացող` Ղարաբաղյան պատերազմով: Մեզ ասվում էր` հանդուրժեք անտանելի մութն ու նույնքան անտանելի ցուրտը` հանուն պատերազմում մեր հաջողությունների: Մենք լռությամբ համակերպվում էինք իրականության հետ, ըմբռնումով ու հանդուր ժողաբար փորձում էինք շրջանցել կամ «չնկատել» օրեցօր ահագնացող հարցերը: Մեզ ասվում էր` հանդուրժող եղեք, ըմբռնումով մոտեցեք և ընտրություններում թույլ տվեք լցոնումներ կատարենք, հակառակ պարագայում Ղարաբաղում իրավիճակը կապակայունանա: Ու մենք ըմբռնում և հանդուրժում էինք: Այդպես ապրում էինք` հույս փայփայելով, որ կգա մի օր, երբ երկրի նոր տերերը` մեր երեխաներն այսպես` մեզ նման ամեն ինչ հանդուրժելով ու բոլոր հարցերի ու խնդիրների լուծումն ապագային թողնելով ապրել չեն ցանկանա ու կփոխեն մեր ստեղծած, մեր կառուցած ծուռ հայելիների թագավորությունը:

Այդ օրը եկել է: Այսօրվա` «Մենք ենք քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության երիտասարդ ակտիվիստները ոտքի են ելել ու մեզ ասում են` ձեր երազած օրն արդեն եկել է, ձեր երազած նոր սերունդը մենք ենք ու չենք հանդուրժելու օլիգարխ մեծահարուստների քմահաճույքները: Ի տարբերություն մեզ` նոր սերունդը գիտակցում է հանրային շահի գերակայությունը մասնավորի, թեկուզ հզոր օլիգարխի շահի նկատմամբ: Գիտակցում ու նաև պարտադրում է, որ մյուսներն էլ գիտակցեն ու հասկանան: Ի տարբերություն մեզ, այս նոր սերունդը հասկանում է, որ չի կարելի հանդուրժել ու ընկրկել թաղային հեղինակությունների առջև, չի կարելի հանդուրժել մեծ ու փոքր չինովնիկների` թեկուզ ոչ դիտավորյալ արված սխալները: Նոր սերունդը հասկանում է, որ նրանց սխալները հանդուրժելն իր հետ բերում է նոր` ավելի խորն ու անդառնալի հետևանքներ ունեցող սխալներ, որոնք կարող են վնասել, խեղել հանրությանը:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ