Բաքվի ապատեղեկատվությունը սրում է լարվածությունը


 

Փետրվարի 22-23-ին Երևանում տեղի ունեցավ ԵՄ կառույցներից դուրս Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի` Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական կոմիտեի առաջին նիստը: Եվրանեսթին մեր երկրի անդամակցության մասին «Ավանգարդի» հարցերին է պատասխանում հիշյալ կոմիտեի համանախագահ Արտակ ԶԱՔԱՐՅԱՆԸ:

- Եվրանեսթը որպես Արևելյան գործընկերության խորհրդարանական ձևաչափ, քաղաքական մարմին է: Արևելյան գործընկերության ծրագրին այս անդամակցությունը Հայաստանին հնարավորություն է տալիս որպես հիմնադիր անդամ ակտիվորեն մասնակցել գործընթացներին:

Իսկ հիմնադիր անդամ լինելն ինչո՞վ է նպաստում միջազգային ասպարեզում երկրի ունեցած դիրքերին :

- Նպաստում է այն առումով, որ ինքդ մասնակցել ես դրա կայացմանը, դրա փաստաթղթերի ձևավորմանը, ինքդ հնարավորություն և իրավունք ես ունենում քո երկրի շահերին համապատասխան կառուցել այդ գործընթացը: Մեր պատվիրակության ակտիվ ջանքերով այս ընթացքում շատ բաներ արդեն իրականացվել են: Այսօր Եվրանեսթը մեզ համար նաև լավ հնարավորություն է նրանով, որ մենք ունենք ապահովագրման մեխանիզմ: Եթե Հայաստանի, հայ ժողովրդի շահերի դեմ որևէ բանաձև է ընդունվում, դա սահմանափակելու համար ունենք վետոյի իրավունք և շատ լավ համագործակցություն Եվրախորհրդարանի պատգամավորների հետ: Հատկապես` որ Հանրապետական կուսակցությունն անդամակցեց ԵԺԿ-ին, որն ամենախոշոր խմբակցությունն ունի Եվրախորհրդարանում:

- Բայց այս կազմակերպությունը ինչպե՞ս է կարողանում հաջողությամբ գործել, երբ մեր տարածաշրջանի երկրների միջև առկա են խորը հակասություն ներ: Նկատի ունեմ Ղարաբաղյան հակամարտությունը:

- Մենք գիտեինք, որ հակասությունները կարող են խանգարել: Ուստի կանոնադրության մեջ բացառել ենք կոնֆլիկտների կարգավորմանն ու կանխարգելմանն առնչվող քննարկումների հնարավորությունը: Այսինքն, դա չի մտնում Եվրանեսթի լիազորությունների մեջ: Պատգամավորներն, իհարկե, կարող են խոսել դրանց մասին, հարցեր առաջադրել և այլն: Բայց քանի որ այդ ամենը Եվրանեսթի գործառույթներից դուրս է, շատ արագ այդ խնդիրները սահմանափակվում են:

Նման փորձեր, որքան տեղյակ եմ` Ադրբեջանի պատվիրակությունն արել է:

- Իհարկե: Պարբերաբար նման փորձեր արվում են: Ադրբեջանին ամբիոն է պետք, որպեսզի իր ապատեղեկատվությունը տարածի: Բայց մենք դա շատ լավ հասկանալով, եվրաինտեգրման մեր բոլոր հնարավորությունները պետք է լիարժեք կիրառենք, և սա դրանցից մեկն է:

Հայտնի է, որ վերջերս Բունդեստագի հանձնաժողովներից մեկի աշխատանքային խումբն ինչ-որ փաստաթուղթ է տարածել, որում խեղաթյուրված են հակամարտության և´ ժամանակագրությունը, և´ իրադարձությունները: Մի խոսքով` տիպիկ ադրբեջանական քարոզչություն: Այս իրողությունն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի, ընդհանրապես Արցախի հիմնահարցի համար:

- Ցավոք և´ Բուդեստագում, և´ Լիտվայի Սեյմում պատրաստվում են որոշակի փաստաթղթեր, որոնք ադրբեջանական լոբբինգի արդյունքում հայտնվում են խորհրդարանական ների օրակարգում: Ես համոզված եմ, որ նման հայտարարությունները որևէ առումով չեն օգնում ադրբեջանական և հայ հասարակությունների փոխըմբռնման և փոխվստահության մթնոլորտին: Ընդհակառակը, դրանք սրում են հակամարտությունը: Ուղղակի, պետք է մյուս խորհրդարանների մեր գործընկերներին հստակ հասկացնել, հիմնավորել, որ նրանք գոհ կլինեն իրենց կատարած աշխատանքից, բայց արդյունքում կավելացնեն լարվածությունը տարածաշրջանում: Եթե չկա հավասարակշռված, շատ նուրբ և գիտակցված մոտեցում, մնացած ամեն ինչը վնասակար է: Այս հարցը մենք պետք է պարբերաբար բարձրացնենք, որովհետև Ադրբեջանը փորձում է բոլոր կառույցներում բանաձևեր քննարկել: Շատ կառույց ներ արդեն գիտակցում և հեռու են մնում կամ ուղղակի իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբին: Ադրբեջանական դիվանագիտական շրջանակներն իրենց ներսում քարոզչության համար կարող են կիրառել որպես դիվանագիտական հաղթանակ: Բայց դա հակամարտության լուծմանը որևէ կերպ դրական ազդեցություն ունենալ չի կարող:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ