ԱՄՆ-ը փոխել է մարտավարությունը


 

Ինչպես և սպասվում էր` «ՄԱԳԱՏԷ»-ի փորձագետները ձեռնունայն վերադարձան Իրանից: Նրանց թույլ չտրվեց մուտք գործել կարևորագույն նշանակություն ունեցող ռազմական օբյեկտներ` պարզելու համար, թե ինչ փուլում է գտնվում ուրանի հարստացման գործընթացը:

Դա հասկանալի և օրինաչափ էր: Ո՞ր պետությունը թույլ կտար իր գաղտնի ռազմական օբյեկտներ մուտք գործել օտար, իր նկատմամբ թշնամաբար տրամադրված տերությունների փորձագետներին: Սակայն առավել ուշագրավը վերջին օրերին ԱՄՆ շեշտադրումներում նկատվող փոփոխությունն է: Արևմտյան փորձագետները մեկը մյուսի հետևից հանդես են գալիս հայտարարություններով, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների կիրառումը ծանր հետևանքներ կունենա համաշխարհային տնտեսության համար: Նրանց ձայնակցում են նաև ԱՄՆ պաշտոնական շրջանակները: Մասնավորապես, Պետդեպարտամենտի միջազգային անվտանգության հարցերով փորձագետ Ժոզեֆ Չիրիչիոնեն կանխատեսում է, որ Իրանի միջուկային օբյեկտներին ռազմական հարված հասցնելու դեպքում նավթի մեկ բարելի գինը կարող է հասնել 300 դոլարի: Նա միաժամանակ շեշտում է, որ պատերազմական գործողությունները միայն կխորացնեն ճգնաժամը տարածաշրջանում և հիմք կհանդիսանան, որպեսզի Իրանն արագացնի ատոմային զենքի ստեղծումը: Պաշտոնական Վաշինգտոնը փորձում է համոզել Իսրայելին, որ ուժային գործողությունները անհեռանկարային են, և Իրանի ատոմային զենքին վերաբերող խնդիրները պետք է լուծվեն դիվանագիտական ուղիներով: Այս մասին Երուսաղեմում` Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ ասել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Թոմ Դոնիլսոնը: Իսկ Օբաման` Իսրայելի վարչապետի հետ հանդիպելու է մարտի 5-ին: Բնականաբար խոսվելու է Իրանի դեմ պատերազմական ծրագրերից հրաժարվելու մասին:

Արդյունքում` ստացվում է, որ թե´ ԱՄՆ-ը, թե´ Մեծ Բրիտանիան վերջնակապես հրաժարվում են Իրանի դեմ պատերազմելու նախկին ծրագրերից: Իսրայելն այս հարցում մնում է միայնակ, հետևաբար ագրեսիվ հայտարարություններից բացի, ոչ մի գործնական քայլ կատարել չի կարող: Իսկ Պարսից ծոցում օրեցօր ավելացող արևմտյան ռազմանավերը, ընդամենը հոգեբանական ճնշում կիրառելու գործառույթ ունեն: Իրանն էլ իր հերթին, հակադարձում է նույն հոգեբանական հակագրոհով` լայնածավալ զորավարժություններ է անցկացնում, ստեղծում է կիբեռպաշտպանության զորքեր, մեծացնում է միջուկային տարածքների պաշտպանությունը: Հուսանք, որ այս բոլորն այդպես էլ «հոգեբանական» հարթութ յունից այն կողմ չի անցնի: