«Արաբական գարուն», թե՞ «մահմեդական ձմեռ»


 

Լիբիայում այդպես էլ կայունություն և կարգ ու կանոն չի հաստատվում: Քադաֆիի ռեժիմը տապալելուց հետո այստեղ շարունակվում և օրեցօր ուժգնանում են զինված բախումները, ահաբեկչական գործողությունները: Ըստ «Ֆրանս-պրեսս» գործակալության` վերջին օրերին միջէթնիկական և կրոնական բախումների հետևանքով 100 մարդ զոհվել է, մի քանի հարյուրը` վիրավորվել: Մասնավորապես, Լիբիայի հարավ-արևելքում, Ուֆրա քաղաքում խոշոր զինված ընդհարում է տեղի ունեցել արաբական Զուվայու և աֆրիկյան Տուգու ցեղախմբերի միջև, որին զոհ է գնացել 50-ից ավելի մարդ: Ուֆրա քաղաքը այսօրվա դրությամբ զրկված է էլեկտրամատակարարումից: Ջրի և սննդամթերքի պակասից քաղաքի բնակչությունը պարզապես սովի է մատնված: Արևմուտքը չի կարողանում կանխել քաոսի խորացումը: Հումանիստական օգնության ծավալներն էլ խիստ անբավարար են: Լիբիան փաստորեն կանգնած է նոր քաղաքացիական պատերազմի շեմին: Երկրի բնակչությունը խիստ դժգոհ է գործող իշխանություններից, տեղական իշխանությունների ընտրություններին վերաբերում է անվստահությամբ:

Հավաստի աղբյուրների փաստմամբ` Քադաֆիի կողմնակից զինված խմբավորումները (որոնք ընդհատակ էին անցել), սկսել են ակտիվանալ և հաճախակի հարձակումներ գործել կառավարական կառույցների վրա: Այսպես կոչված «Մահմեդական եղբայրներ» կազմակերպությունը լայն քարոզչական աշխատանքներ է իրականացնում` նպատակ հետապնդելով Լիբիան հռչակել Իսլամական պետություն: Արևմուտքին` Լիբիայի իսլամիզացումն այնքան էլ չի մտահոգում: Ի վերջո, իր հավատարիմ դաշնակիցներ Սաուդյան Արաբիան, Կատարը, Քուվեյթը, ԱՄԷ-ն նույնպես իսլամացված պետություններ են: Սակայն ԱՄՆ-ին խուճապի է մատնում այն փաստը, որ թե´ Եգիպտոսում, թե´ Լիբիայում «Մահմեդական եղբայրներ» կոչվող խմբավորումները համակրանք ունենալով բնակչության շրջանում` ոչ մի կերպ չեն ցանկանում ընթանալ «Ժողովրդավարության» ամերիկյան սցենարով: Նահանգների` խամաճիկային իշխանություններ ձևավորելու ծրագիրն ակնհայտորեն ձախողվում է:

Երկու հետաքրքիր փաստ. իսրայելական աղբյուրները հավաստում են, որ որոշ հետազոտություններ են իրականացվել` պարզելու Լիբիայի ժողովրդի իրական վերաբերմունքը հեղափոխության և ԱՄՆ-ի կողմից հրամցվող ժողովրդավարական արժեքների նկատմամբ: Լիբիացիների միայն 15 տոկոսն է դրական վերաբերմունք ունեցել: Այստեղից հետևություն. Քադաֆիի կողմնակիցները 85 տոկոս են կազմել:

Երկրորդ ուշագրավ փաստն այն է, որ Եգիպտոսի իշխանությունը ԱՄՆ-ին գրավոր մեղադրական եզրակացություն է հանձնել, որով պաշտոնական Կահիրեն ԱՄՆ-ին մեղադրում է Եգիպտոսում քայքայիչ գործունեություն ծավալելու մեջ: Այսպիսով, իրոք կարելի է երկմտել` «Արաբական գարուն»-ը չի՞ վերածվում արդյոք «Մահմեդական ձմռան»: