ԵՎ ԷԼԻ ԱՀԱՐՈՆԻ ՏՈԿՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ


 

Զարմանալի մարդ է Ահարոն Ադիբեկյանը, այնքան զարմանալի, որ երևի ինքն էլ գիտի այդ մասին: Այս մարդը հաճախ հայտնվում է ընտրությունների նախաշեմին ու այնպիսի թվեր է «կրակում», որ երևի դրանց ճայթոցներից ինքն էլ արթնանում է քնից: Վաղուց գիտենք, որ այս մարդուն ոմանք պատվերներ են տալիս, լիուլի վճարում են, ու սոցիոլոգիան էլ նրա յուրատեսակ բիզնեսն է դարձել` ապահովելով նրա երջանիկ ծերությունը…

Օրերս էլի թվեր կրակեց պարոն Ադիբեկյանը, ինչը, բնականաբար, այնքան է զայրացրել որոշ քաղաքական ուժերի, որ անգամ չեն ուզում մեկնաբանել: Ուշագրավն այն է, որ այս մարդու հրապարակած տվյալները կտրուկ տարբերվում են հենց նույն օրը Գևորգ Պողոսյանի ներկայացրածից: Վերջինիս տվյալներն, ըստ էության, շատ ավելի մոտ են ճշմարտությանը և արտահայտում են ուժերի հարաբերակցությունը:

Ահարոնն, օրինակ, հրապարակել էր, թե առաջիկա ընտրությունների նախաշեմին ՀՀԿ-ն` 16, ԲՀԿ-ն` 14.7, իսկ Հայ Ազգային Կոնգրեսը 3.5 տոկոս վարկանիշ ունեն: Խոստովանենք, որ Ադիբեկյանը փորձում է իրականությանը մոտ ինչ-որ բաներ ասել, սակայն… երբեմն նրա մեջ խոսում է պատվիրատուի ձայնն, ու սոցիոլոգն անցնում է թվանկարչության:

Այս անգամ չգիտենք, թե ո՞վ է պատվիրատուն, որովհետև, ինչպես ժողովուրդն է ասում, Ահարոնն իսկապես «բրնձել» է: Ըստ իսկապես անկախ հարցախույզների, ՀԱԿ-ի վարկանիշն այս պահին մոտ 14 տոկոս է, ինչն էլ նշանակում է, որ 3,5 տոկոսը որևէ կապ չունի իրականության հետ: Գևորգ Պողոսյանի հարցումներով` խորհրդարանում մոտ 70 տոկոս բաժին կհասնի այս երեք ուժերին միասին վերցված: Եթե այս 70 տոկոսը բաժանենք 3-ի` կունենանք ոչ այն պատկերը, որը երևացել է Ահարոնի աչքին: Անկախ սոցիոլոգները վկայում են, որ որևէ ուժի չի հաջողվի ձևավորել բացարձակ մեծամասնություն: Իսկ թե առաջնորդվենք Ահարոն Ադիբեկյանի տվյալներով, ապա կստացվի, որ մոտ 34 տոկոսը բաժին կհասնի ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին և ՀԱԿ-ին, իսկ 60 տոկոսից ավելի ձայները` մնացած ուժերին, մասնավորաբար` ՀՅԴ-ին, «Ժառանգությանը», «Օրինաց երկրին»: Հավանաբար, Ահարոնն ուրիշ կուսակցությունների անուններ չգիտեր, այլապես նրանց էլ կհիշեր: