Չապլինը համակրել է կոմունիստներին


 

Զարմանալի է, որ կոմունիստները չեն օգտագործում այս բացահայտումն իրենց քարոզարշավներում: Գուցե այսուհետ հռչակավոր կատակերգակի կինոնկարները նրանց քարոզչության մաս դառնան: Սա` որպես հուշում: Իսկ ինչ վերաբերում է նշյալ բացահայտմանը, ապա օրերս բրիտանական անվտանգության ծառայությունը (MI5) բացել է Ազգային արխիվում պահպանվող Չառլիի «գործը» (տեղեկացրել է The GuΖrdiΖn-ը):

Գերատեսչությունն արտիստին լրտեսել է Հետախուզության Դաշնային բյուրոյի խնդրանքով. վերջինս փաստեր է հավաքել` Չապլինին ԱՄՆ-ից արտաքսելու նպատակով` նրան կասկածելով կոմունիստներին համակրելու մեջ:

Կարծես տարօրինակ է չէ,՞ որ քաղաքական համակրանքի համար էլ կարելի է մարդ արտաքսել, այն էլ` ոչ թե Սովետմիությունից:

Բյուրոն Չապլինին նկարագրել է որպես «Հոլիվուդի սալոնային կոմունիստներից» մեկը: Մասնավորապես նա միջոցներ է հատկացրել կոմունիստական կազմակերպությունների զարգացման նպատակով. 1952 թ. հոկտեմբերին այսպիսի տեղեկատվություն է հաղորդել Վաշինգտոնի գործակալը: Իսկ անգլիական հետախուզությունն արձանագրել է Լոս Անջելեսում Ամերիկա-խորհրդային բարեկամության ազգային խորհրդի նիստում ասած խոսքերը:

- Շատ լավ բաներ կա կոմունիզմի մեջ: Մենք կարող ենք օգտագործել լավը և անջատել վատը:

PF 710549 պայմանանիշը կրող գործին կցված են նաև արտիստի մասին մամուլում արտահայտված կարծիքներ: Օրինակ, DΖily Worker-ը գրել է.

- Նրա կինոնկարները ծաղրում են իշխանավորներին և միապետներին. նա հասարակ մարդկանց հանել է հարուստների դեմ:

ՀԴԲ-ն փորձել է պարզել նաև, թե որտեղ է ծնվել Չապլինը և հիմնավորել այն ենթադրությունը, որ նրա իրական անուն-ազգանունը Իսրայել Տորնշտեյն է: Այդ վարկածը, սակայն, հերքվել է: Եվ ընդհանրապես, MI5-ում եզրահանգել են, որ արտիստը որևէ վտանգ չի ներկայացնում`

- Գուցե և Չապլինը համակրում է կոմունիստներին, բայց նա արմատական քաղգործիչ չէ: