Միլիոնները չօգնեցին


 

Եթե մտածողներ կան, թե ամերիկացի միլիոնատերերն ավելի հավասարակշռված են և ծեծուջարդից հեռու` սխալվում են: Սխալվում են նաև նրանք, ովքեր կարծում են, թե փողով կարելի է գնել բոլոր դատավորներին: Ահավասիկ. Մանհեթենի իտալական ռեստորաններից մեկում բազմաթիվ անշարժ գույքերի տեր, 42 տարեկան Թոմաս Հարտմանը ծեծել է 37-ամյա Կանդելակիին: Սկզբում վիճել են, հետո Հարտմանը կնոջ դեմքին հարվածել է ձեռքի մեծ ոսկյա Rolex ժամացույցով: Արդյունքում տուժողի ճակատին 16 կար են դրել:

Դատարանը հաստատել է կնոջ այն պնդումը, որ Թոմասը միտումնավոր կերպով է իրեն մարմնական վնասվածք պատճառել: Մեղադրող կողմը պահանջել է այդ հանցանքի համար առավելագույն պատիժը` 1 տարի ազատազրկում: Բայց պաշտպանողներին հաջողվել է նվազագույն պատժաչափը կորզել` 2 ամիս կալանքը: Նրանք փաստարկել են, որ մեղադրյալը կարգապահ գործարար է և շատ բարեգործություններ է կատարել:

Ինքը` Թոմասը, ոտքից հաշմանդամ է: Նախկինում նա սովորական շինարար է եղել: 2004 թ. ծեծել է իր կնոջը, ու վերջինիս բողոքի հիման վրա նրան հետապնդելով` ոստիկանները վրաերթի են ենթարկել Հարտմանին: Հարկ է եղել կտրել նրա ոտքը: Իսկ 2010-ին, դատարանի վճռով, նրան փոխհատուցում է վճարվել` 16 միլիոն դոլար, ինչը կտրուկ փոխել է երիտասարդի կյանքը (տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը):

Ասում են, Հարտմանը հազիվ է զսպել արցունքները` լսելով, որ նորից բանտում է հայտնվելու: Մինչ բարեվարք գործարար դառնալը նա 2 անգամ հասցրել էր ճաղերի ետևում հայտնվել. առաջին անգամ` ավտոմեքենա գողանալու, երկրորդ անգամ` կռիվ սարքելու համար:

Ադամանդե վզակապ` պուդելի գերեզմանից

Փարիզի Անյեր-սյուր- Սենե արվարձանում գտնվող ընտանի կենդանիների գերեզմանատանը թալանել են 2003 թ. թաղված սև պուդելի շիրիմը: Ինչպես տեղեկացրել է AFP-ն` չարագործների նպատակն էր թռցնել հանգուցյալի ադամանդե վզակապը:

Մինչ օրս էլ այդ վզակապը քաղաքային լեգենդ է մնում, որովհետև տեղաբնակների մեծ մասը հաստատ չգիտե` իսկապե՞ս Թիպսի պուդելին հողն են դրել թանկարժեք քարերով պատված վզնոցով: Դրա իսկությունը հիմա հաստատում է ոստիկանությունը` նշելով դրա արժեքը` 9 հազար եվրո:

1899 թ. հիմնադրված այդ գերեզմանատունը փակվել է` հետաքննություն անցկացնելու համար: Շան տերերն էլ դեռևս ոչինչ չեն ասում այդ մասին:

Ի դեպ, ընտանի կենդանիների նշյալ շիրմատունը պահվում է քաղաքային խորհրդի միջոցներով: Այնտեղ թաղված են բազմաթիվ նշանավոր կենդանիներ, որոնց թվում է Ռին Տին Տին գամփռը, որը 1920-ական թթ. ճանաչված էր հոլիվուդյան ֆիլմերից: Շների ու կատուների կողքին այնտեղ կարելի է տեսնել նաև ճագարների, ոչխարի, կապիկների, ձիերի ու առյուծի շիրիմներ: