ՏԱՐԵՄՈՒՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ


Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Նախագահի նստավայրում ընդունելության էր հրավիրել Հայաստանի լրատվամիջոցների ներկայացուցիչների: Շնորհավորելով հրավիրյալներին` գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան առթիվ, Հանրապետության նախագահը լավատեսություն հայտնեց, որ համընդհանուր ճգնաժամը Հայաստանը հնարավորինս նվազագույն կորուստներով է հաղթահարելու: Վերստին կարևորելով ԶԼՄ-ների դերը` ցանկացած պետության կյանքում և պետականության կայացման գործում, նա հաջողություն, բարձր տրամադրություն եւ արդյունավետ աշխատանք մաղթեց հանրապետության բոլոր լրագրողներին ու լրատվամիջոցներին և ցանկացավ, որպեսզի այսուհետև նրանք ավելի հաճախ բարի լուրեր տարածելու հնարավորությունն ունենան` պայմանավորված մեր երկրում ազգաբնակչության կենսակերպի բարելավմամբ և քաղաքական դաշտի կայունացմամբ: ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆ. ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր - Շնորհավորում եմ մեր ժողովրդին` գալիք 2009 թվականի առթիվ` խաղաղ և բարեկեցիկ կյանքի մեծագույն ցանկությամբ: Ինչպես նաև` կամք ու վճռականություն` դիմակայելու մեր երկրին պատուհասած տնտեսական ճգնաժամի մարտահրավերները: Բոլոր քաղաքական գործիչներին, հատկապես ընդդիմադիր դաշտի, մաղթում եմ համախմբվել երկրի Նախագահի և իշխանության շուրջ, որպեսզի ուժերը համատեղելով կարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները: Մենք ունենք ընդհանուր հայրենիք և մեր նպատակը պետք է լինի բոլոր ուժերը ներդնել` ի նպաստ երկրի բարօրության: Թող որ գալիք տարում կարգավորվի նաև վերջնական լուծում չստացած Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Եվ ինչպես վերջերս երկրի Նախագահը բնորոշեց` մենք հայ ենք և պետք է ձգտենք ուժերի ներածին չափով հզորացնել մեր Հայաստան երկիրը: