Անցնող տարվա գլխավոր իրադարձությունը


Անցնող 2008 թվականի գլխավոր իրադարձությունը, որն իր ազդեցությունը թողեց և դեռ թողնելու է համաշխարհային քաղաքական կլիմայի վրա, այս օգոստոսի 8-ին, Պեկինի օլիմպիական խաղերի բացման հիշարժան օրը, Վրաստանի ձեռնարկած հարձակումն էր Հարավային Օսիայի վրա: Դա տևականորեն նախապատրաստված ռազմական մի արկածախնդրություն էր, որի նպատակը ոչ թե «Վրաստանի ողջ տարածքում երկրի սահմանադրական կարգի վերականգումն էր», ինչպես սեփական երկրի և համաշխար հային հասարակական կարծիքի առաջ փորձում էր արդարանալ Վրաստանի երիտասարդ, անհավասարակշիռ ու անհեռատես նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, այլ` առնվազն մեր տարածաշրջանում (եթե ոչ ամբողջ աշխարհում) ուժերի նոր հարաբերակցություն հաստատելու, ռուսներին Կովկասյան լեռներից անդին «քշելու» ամերիկյան վաղեմի ծրագիր-երազանքի իրականացման ձախավեր մի փորձ: Ցավալի է, որ ամերիկյան օժանդակությամբ իշխանության հասած երիտասարդը այդպես էլ մինչև վերջ հավատարիմ մնաց իր անդրօվկիանոսյան տերերին, սեփական երկիրը դարձրեց ամերիկյան շահերի թատերաբեմ: Իշխանության գալուց ի վեր Սահակաշվիլու վարած արտաքին քաղաքականությունը այլ բան չէր, քան հանուն ամերիկյան աշխարհաքաղաքական շահերի մինչև վրաց վերջին զինվորը պատերազմելու պատրաստակամության արտահայտություն: Եվ ու՞մ դեմ պատերազմելու: Համենայն դեպս` Վրաստանի համեմատ անչափ հզոր Ռուսաստանի: Մեր անմահ Ջիվանին կասեր` «Անմիտ ճնճղուկը բազեի ճանկից Ուզում է որս խլել, խելքին աշեցեք, Ասես ձանձրացել է գլխից ու գանգից, Պատերազմ է մտել, խելքին աշեցեք»: Չի կարելի ասել, թե վրացական արկածախնդրությունը հաջողության ոչ մի հեռանկար չուներ: Ունե°ր, եթե վրացական բանակը կարողանար կատարված փաստի առաջ կանգնեցնել ամբողջ աշխարհը` բնաջնջել կամ լիովին դուրս մղել Հարավային Օսիայի ամբողջ բնակչությանը: Թբիլիսիին այդ խելահեղությանը դրդած Վաշինգտոնի ստրատեգները, երևի, մեծ հույս ունեին, թե Մոսկվան կվախենա կտրուկ հակահարվածից, կսկսի պահանջել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի արտահերթ նիստերի գումարում, կփորձի դրանցով անցկացնել Վրաստանի ագրեսիան դատապարտող բանաձևեր, որոնք ոչ մի արդյունք չեն տա` ԱՄՆ-ի «վետոյի» պատճառով: Մինչ այս, մինչ այն` Վրաստանը բռնի ուժով կվերականգեր իր գերիշխանությունը Հարավային Օսիայում, ապա նաև Աբխազիայում, որից հետո կսկսվեին ամբողջ ռուսական Կովկասը ապակայունացնելու, այնտեղ Մոսկվայի դեմ ապստամբություններ հրահրելու, Ռուսաստանի ամբողջ հարավը նրանից «պոկելու» սադրանքները: Եթե այդ դիվային ծրագիրը հաջողվեր, ապա կհետևեր Ռուսաստանի, որպես ամբողջական պետության, մասնատման գործընթացը, նրա հետագա փլուզումը: Մոսկվայում, ի մեծ դժբախտություն Սահակաշվիլու և նրան «խաղի մեջ մտցրած» հակառուսական կենտրոնների հաշվարկների, վտանգի մեծությունն անմիջապես հասկացան և անհապաղ գործի անցան: Արդյունքները հայտնի են. վրաց-հարավօսական պատերազմը առաջին իսկ ժամերից վերաճեց ռուս-վրացական պատերազմի, որում Վրաստանի ջախջախումը ակնհայտ էր: Ցանկության դեպքում ռուսները կարող էին գրավել նաև Թբիլիսին, ձերբակալել վրաց կառավարությունը, մեկուսացնել կամ ոչնչացնել նրա արկածախնդիր նախագահին ու տեղը նստեցնել իրե°նց խամաճիկին: Սակայն ռուսները, ամենայն հավանականությամբ, վրացական պետությունը ոչնչացնելու կամ հանուն Վրաստանի մնացյալ ամբողջ աշխարհի հետ գժտվելու ցանկություն չունեին: Ահա ինչու համաձայնեցին Եվրամիության նախագահող երկրի` Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի միջնորդությամբ կրակի դադարեցման համաձայնագիր ստորագրել: Հետագա ամբողջ հակառուսական վայնասունը գրոշի արժեք չուներ, վաղ թե ուշ պիտի դադարեր և` դադարեց: Ռուսներն առիթն օգտագործեցին` ամբողջ աշխարհին ցույց տալու, որ իրենք այլևս ոչ մեկին թույլ չեն տա անպատիժ կերպով տրորել իրենց «կոշտուկը»: Ճանաչելով Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունները, հետխորհրդային սահմաններում Վրաստանի ամբողջականության վերականգնումը դարձնելով հավերժորեն անհնարին, ռուսները օգոստոսի 8-ի պատերազմից հետո համաշխարհային քաղաքական արենայում վերագտան գերտերության իրենց կորսված կարգավիճակը: Ռուսական ռազմական նավատորմիղը վերսկսեց իր ցուցադրական ռազմարշավները Լատինական Ամերիկայի հակավաշինգտոնյան պետությունների տարածքային ջրերում, Մոսկվան կրկին սկսեց աշխարհին ցուցադրել իր մկանները, նրա ձայնը ամբողջ մոլորակում դարձավ ավելի հնչեղ և ավելի ազդու: Այդպիսով միաբևեռ աշխարհ կառուցելու ցնորքները հերթական անգամ խայտառակ ձախողում կրեցին, մոլորակի քաղաքական կյանքը դարձավ բազմաբևեռ: Դա օգոստոսյան պատերազմի ամենակարևոր արդյունքն էր: Ապագա պատմաբանները, անկասկած, մեր օրերին անդրադառնալիս համաշխարհային պատմությունը պիտի բաժանեն երկու մասի` մինչօգոստոսյան և հետօգոստոսյան հատվածների: Եվ եթե փոքրիկ Վրաստանը պիտի մնա մերօրյա պատմության մեջ, ապա միայն` որպես որբ երեխայի անտերունչ գլուխ, որի վրա այս աշխարհի հզորները, ավա՜ղ, դարձյալ իրենց «վարսավիրական վարպետությունը» փորձարկեցին: Պատմության մեջ այդպես ամոթալի կերպով մնալու «երջանկության» համար Վրաստանը մեծապես «պարտական» է իր այսօրվա նախագահին` Միխայիլ Սահակաշվիլիին: Դեռ օգոստոսյան պատերազմի օրերին եմ նշել, որ Հարավային Օսիայի վրա հրով ու սրով հարձակվելու պահից սկսած նա դարձավ քաղաքական դիակ: Անտարակույս` 2009 - ին վրաց ժողովուրդը հարկադրված պիտի լինի թաղելու այդ «դիակը»` երկրի հասարակական մթնոլորտը թունավորող նեխահոտից փրկելու, հարևան ու բարեկամ Վրաստանի համար զարգացման հնարավորություններ ապահովելու համար: Ի միջի այլոց, Սահակաշվիլին բացառիկ հնարավորություն ունի նաև խուսափելու «նզովքով թաղվելուց», եթե քաղաքական իմաստություն դրսևորի` հանուն հայրենիքի հրաժարվելու երկրի նախագահի պաշտոնից: Կամովին հրաժարական ներկայացնելու դեպքում նա կմնա ժողովրդի հիշողության մեջ որպես մի մարդ, ով սխալվեց, սակայն նաև քաջություն ունեցավ իր սխալի համար հատուցելու:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ