Հա՞ որ..
ՈՐՔԱՆ էլ մեր օրերում երկրորդական համարվի, միևնույն է, այսպես թե այնպես Ամանորի կարևորագույն խորհրդանիշը կանաչ եղևնին է: Սակայն գոնե Ամանորին սոցիալական շերտավորում կոչվող երևույթը չպետք է նկատվեր, բայց միևնույն եղևնին արդեն լիովին ամփոփում է հանրության ընթացիկ ու սպասվող նյութական հնարավո րությունները: Ո՞վ կպատկերացներ, որ այստեղ էլ հարուստ-աղքատի խնդիր կարող է առաջանալ, և մեծ, միջին ու փոքր չափերի տոնական խորհրդանիշերը սոցիալական համամասնությամբ բաժին կհասնեին մեր հայրենակիցներին: Ասել է թե` նախատոնական այս խառնաշփոթում եղևնին ընտրվում է ոչ թե ըստ ճաշակի, այլ ըստ գրպանների պարունա կության: Շատերին էլ բաժին է հասնում դրա արհեստական, ինչ-որ անհայտ ծագման նյութերից պատրաստված տեսակը: Հաճախ մարդիկ նույնիսկ ստիպված են լինում հրաժարվել տարվա գլխավոր տոնի հիմնական խորհրդանիշն իրենց բնակարաններում ունենալու մտքից, քանի որ ասենք նվազագույն աշխատավարձ ստացող մեր համաքաղաքացին վերջին ամիսների իր վաստակը միայն եղևնի գնելու նպատակով տնտեսելու դեպքում կարող է նման հաճույքից օգտվել: Բայց սա իհարկե աբսուրդ է, և որևէ մեկը հանուն կանաչ տոնածառի` ինքն իրեն օդով ապրելու չի դատապարտի: Իսկ Չինաստանից ձգվող երկար ճամփան հայրենի գործարարներին այս տարի ստիպել է թանկացնել նաև տոնածառերի գները: Ուստիև մնում է հիանալ Հանրապետության հրապարակում տեղադրված հսկայական տոնածառով` համարելով, որ այն բոլորինս է ու հատկապես նրանցը, ովքեր այդպես էլ չկարողացան իրենց բնակարաններում Ամանորի գլխավոր խորհրդանիշն ունենալ: Մեր քաղաքում իրենց բնական վիճակում (այսինքն` չկտրված) բնական եղևնիներ այսօր դժվար է գտնել: Առավել ևս, որ չդադարող էլիտարասրճարանաշինության արդյունքում ըստ ամենայնի շուտով նույնիսկ կանաչ տարածքներն ընդհանրապես կվերանան: Եվ որքան էլ համատարած բետոնապատման համար դեռևս նորանոր տարածքներ հայթայթվեն, այդուհանդերձ, Երևանի քաղաքապետն օրերս հավաստիացրեց, թե ներկայում մեկ բնակչին 7,12 քմ կանաչ տարածք է բաժին ընկնում (հա՞ որ): Եթե խոսքը խորհրդային ժամանակներին վերաբերեր, այս թիվն ինչ-որ կերպ կարելի կլիներ հավատընծա համարել, բայց Երվանդ Զախարյանի այս և վերջին ժամանակների մյուս փաստարկումներին հավատալն աստիճանաբար ավելի ու ավելի դժվար է դառնում: Այնպես, ինչպես նրա այն «ստույգ» կանխատեսմանը, թե հեռավոր 2020-ին մեկ բնակչին բաժին ընկնող կանաչ տարածքների թիվը մայրաքաղաքում 19 քմ-ի է հասնելու: Մնում է ենթադրել, որ առաջիկա տարիներին կամ աննախադեպ արտագաղթի ալիք է բարձրանալու, և բնակչության թիվը շեշտակիորեն պակասելու է, կամ էլ էլիտարների ու սրճարանների կտուրներին ծառատունկ է կազմակերպվելու: «ԿԱՆԱՉ» թեման շարունակելով` անդրադառնանք նաև հին ու ցավոտ մի թեմայի` դոլարի կուրսին: Ասում են, թե Հայաստանում ամերիկյան փողի կտրուկ արժեզրկումը հայրենի գործարարների շրջանում տարածված շինարարական մոլուցքը հարկադրաբար առաջացրեց: Հիմա կարծեք թե ժամանակները փոխվում են, և արժևորման միտումներ դրսևորող դոլարի կուրսը, համաձայն կանխատեսումների, նկատելիորեն բարձրանալու է: Թե ինչ կլինի հետո, երբ Ամանորն ազդարարող զանգերին հաջորդի սպասված 2009 թվականը, գոնե հիմա դժվար է ասել: Բայց հիմա, թե այն ժամանակ` կարևորը հենց այն է, որ հայոց աշխարհի յուրաքանչյուր բնակիչ շարունակի պահպանել լավատեսությունը ու մեր կենցաղի բազում դժվարությունները, այդ թվում նաև տնտեսական ճգնաժամը հեշտությամբ հաղթահարի: Իսկ այստեղ այլևս կարևոր չէ, թե մեր հայրենակիցները ճգնաժամի «դեմ» դոլարո՞վ են «պայքարելու» թե՞ հայկական դրամով…