ԱԶԳԱԿԵՐՏՈՒՄԻ ՍՐԲԱԶԱՆ ԴԱՐԲՆՈՑ


Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆ ՀՀ Սփյուռքի նախարար Սիրելի հայրենակիցներ, Սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ և մաղթում, որ 2009 թվականը մեր Հայրենիքի և Ձեզ համար լինի խաղաղության, կայունության, հաջողությունների և բոլոր սպասումների իրականացման տարի: Մշակույթներ ձուլող, համայնքներ քանդող, արժեքներ ոչնչացնող ու ինքնություն այլափոխող համաշխարհայնացման դիմաց յուրաքանչյուր հայորդու նվիրական և համառ աշխատանքը ազգակերտումի և հայրենաշինության սրբազան դարբնոց է ու ազգի ինքնապաշտպանության զորեղ վահան: Մենք պետք է աչքի ընկնենք հայանպաստ ու հայաշունչ ձեռնարկումով` մեծապես նպաստելով հայ ինքնության նկարագրի ու դիմագծի պահպանմանը, ավելացնենք ազգային խնդիրների ու հետաքրքրությունների շրջանակը: Նոր Տարում, սակայն, կրկին ու կրկին շեփոր հնչեցնենք, որ Անկախ Հայրենիքն անմրցակից է, նրան ոչնչով չես փոխարինի, նրան կորցնողը այլևս կորցնելու բան չի ունենում: Սիրելի հայրենակիցներ, Ձեզ նոր ծրագրեր ու արգասաբեր գործողություններ` միտված Հայաստանում և Սփյուռքում հայեցի դաստիարակությանը, հայոց հիմնական արժեքի` մեր էության հայկականության պահպանման գերարժեքին և պետության զարգացմանը: Աշխատենք ու պայքարենք անկախ և հզոր Հայրենիքը շենացնելու համար, Հայրենիք-Սփյուռք գործակցությունը զարգացնելու, ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին սատարելու համար: Նորից շնորհավորում և մաղթում եմ Ձեզ, սիրելի տատիկներ և պապիկներ, եղբայրներ և քույրեր, իմ սիրելի երեխաներ քաջառողջություն, հոգու մշտատև զվարթություն, երջանկություն, անկասելի առաջընթաց Հայրենիք-Սփյուռք հոգևոր կապերի ամրապնդման ու զարգացման ճանապարհին: